ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՃԱԿԱՏԸ
Առաջին աշխարհամարտը սկսվեց 1914 թ. օգոստոսի 1–ին: Պատերազմն ընթանում էր մեծ տերությունների երկու խմբավորումների` Անտանտի և Եռյակ (մեկ տարի անց՝ Քառյակ) միության միջև: Գերմանիային հաջողվեց օսմանյան Թուրքիային ներգրավել իր դաշինքի մեջ՝ խոստանալով աջակցություն Անտանտի դեմ պատերազմի ժամանակ: Պանթյուրքական այդ ծրագրի իրագործման ճանապարհին լուրջ խոչընդոտ էին հայերն ու Հայաստանը: Հետևաբար Օսմանյան կայսրության պատերազմի մեջ մտնելու հիմնական նպատակներից էր նաև հայ ժողովրդի բնաջնջումը։ Ռուսաստանը ձգտում էր տեր դառնալ սևծովյան նեղուցներին և Կ. Պոլսին, նվաճելու Արևմտյան Հայաստանը, ամրապնդելու իր դիրքերն Իրանում: Թուրքերը կենտրոնացրել էին 300–հազարանոց երրորդ բանակը: Երբ գերմանական ու թուրքական ռազմանավերը
1914 թ. հոկտեմբերի 16–17–ը անսպասելի հարվածներ հասցրին Ռուսաստանի սևծովյան նավահանգիստներին, ռուսական կառավարությունը պաշտոնապես պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը: Պատերազմի սկզբում ռուսները ունեին մոտ 182–հազարանոց զորք: Կովկասյան ճակատում առաջին նշանավոր իրադարձությունը Սարիղամիշի ճակատամարտն էր (1914 թ. դեկտեմբերի 9–ից 1915 թ. հունվարի 5–ը): Միաժամանակ թուրքերը հարձակման էին անցել Իրանի հյուսիսում: 1915 թ. հունվարի դրությամբ այդ վայրերից մոտ 50000 հայ էր ներգաղթել Այսրկովկաս: Ռուսական կովկասյան բանակը 1915 թ. գարնանը գրավեց Թավրիզը, Վանը: Անսպասելիորեն Վանի զորախումբը 1915 թ. հուլիսի կեսերին նահանջեց: Ռուսական զորքը օգոստոսի սկզբին վերստին նվաճեց նախկին դիրքերը: Ռուսական զորքերը 1915 թ. վերջից
անցան վճռական գործողությունների: 1916 թ. փետրվարի 3–ին նրանք գրավեցին Էրզրումը: Դա Կովկասյան ճակատում ռուսների ամենախոշոր հաղթանակն էր: Այնուհետև կովկասյան բանակը գրավեց Տրապիզոն, Երզնկա և Բաբերդ քաղաքները:
Այսպիսով` Ռուսաստանը 1916 թ. ամռան վերջին գրավել էր իր դաշնակիցներ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ որոշված` Օսմանյան կայսրությունից իրեն
հասանելիք տարածքները և շատ քիչ փոփոխություններով այդ դիրքերում մնաց մինչև 1917 թ. վերջը:
ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ
Հայերի աջակցությունը պատերազմի դեպքում ստանալու նպատակով Անդրկովկասի ռուսական իշխանությունները 1914 թ. աշնան սկզբներին դիմեցին գործնական քայլերի: Կովկասի փոխարքա Վորոնցով–Դաշկովի և Հայոց ազգային բյուրոյի ներկայացուցիչների միջև տեղի ունեցան բանակցություններ, ձեռք բերվեց փոխադարձ համաձայնություն: Գրեթե ոչ ոք կասկած չուներ ռուսական բանակի արագ հաղթանակի հարցում: Ազգային բյուրոն գլխավորեց հայ կամավորական շարժման կազմակերպչական աշխատանքները: Ջոկատների ձևավորմամբ անմիջականորեն զբաղվում էր բյուրոյի կազմած գործադիր մարմինը: Երկիրն ազատագրելու կոչին արձագանքեցին հազարավոր հայեր: 1914 թ. նոյեմբերի սկզբին արդեն ձևավորվել էին կամավորական չորս ջոկատներ: I ջոկատը՝ Անդրանիկ, II ջոկատը՝ Դրոն, III ջոկատի՝ Համազասպը, IV ջոկատինը՝ Քեռին: Շուտով կազմավորվեց ևս երկու ջոկատ՝ V ջոկատը՝ Վարդանը, VI ջոկատ՝ Ա. Ջանփոլադյանը: Առաջինը ռազմի դաշտ մեկնեց I ջոկատը: 1915 թ. ապրիլի սկզբին II, III, IV և V ջոկատները Քանաքեռում միավորվեցին: Ստեղծվեց Արարատյան գունդը՝ Վարդանի գլխավորությամբ, որը շուտով մեկնեց ռազմի դաշտ: Էջմիածնում նրանց օրհնեց Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե–ն: Բայազետ հասնելով՝ գունդը միացավ ռուսական զորաջոկատին, որն առաջադրանք էր ստացել` հարձակվելու Վանի ուղղությամբ: 1915 թ. հայոց գունդն անցավ հարձակման՝ Վանի պաշտպաններին օր առաջ օգնության հասնելու նպատակով: Մայիսի 5–ին 150–հոգանոց հայկական հեծյալ ջոկատն առաջինը մտավ հայոց հինավուրց մայրաքաղաք, հաջորդ օրը Վան հասան Արարատյան գունդը և ռուսական զորաջոկատը: Հայ կամավորների միացյալ գունդը շուտով ազատագրեց Շատախի և Մոկսի գավառները: Վանի ընդհանուր նահանջի ժամանակ հայ բնակչության հետ հարկադրված նահանջեցին նաև հայ կամավորները: Միառժամանակ տիրած հիասթափությունից հետո կամավորական շարժումը 1915 թ. աշնանը կրկին թափհավաքեց: Համալրվեցին նախկին վեց ջոկատները: Ստեղծվեց ևս 2 ջոկատ, VII ջոկատ՝ Հ. Արղությանի, VIII ջոկատը՝ Նիկոլ Աղբալյան: Կամավորների ընդհանուր թիվը 1915 թ. վերջին և 1916 թ. սկզբին հասավ 10 հազարի: Հայկամավորները կրկին մեկնեցին ռազմի դաշտ ու փառքով պսակեցին իրենց և ազգի պատիվը: 1916 թ. հունվար–փետրվարին հայկական ջոկատները ազատագրեցին Խնուսը, Մուշը, Բիթլիսը: 1916 թ. մայիսի 15–ին, զոհվեց IV գնդի հրամանատարը՝ Քեռին:Ռուսական իշխանություններն իրազեկ էին հայերի ինքնավարական և անկախական նպատակներին և որոշեցին լուծարել հայկական ջոկատները: Հայոց ազգային բյուրոն կարողացավ դրանցից կանոնավոր զորամիավորներ ստեղծելու իրավունք ձեռք բերել: 1916 թ. ամռանը կամավորական 8 ջոկատները վերակազմավորվեցին վեց հայկական հրաձգային գումարտակների: Դրանք մտան ռուսական կանոնավոր զորքերի կազմը: Այսպիսի շարունակություն գտավ հայկական ազգային զինուժի պատմությունը Կովկասյան ճակատում: