Posted in Պատմություն 9

«Օրը՝ մուսալեռցիների հետ»

Մուսա լեռան հերոսամարտ 

Մուսա լեռան շուրջը կային 6 հայկական գյուղեր, բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, շերամապահությամբ, մեղվաբուծությամբ, ունեին իրենց դպրոցները, եկեղեցիները: Գյուղախմբի հայությունը կղզիացած էր և գրեթե կապ չուներ մյուս հայաբնակ շրջանների հետ :1915 թ. գարնանը թուրքական իշխանությունները սկսեցին Արևմտյան Հայաստանի և կայսրության մյուս շրջանների հայ բնակչության տեղահանությունն ու բնաջնջումը: Սվեդիայի հայերին շուտով հայտնի դարձավ, որ սկսվել է հարևան գավառների հայության տեղահանությունը: Հուլիսի 29-ին Յողունօլուքում տեղի ունեցավ 6 հայկական գյուղերի ներկայացուցիչների խորհրդակցություն, որտեղ որոշեցին դիմել ինքնապաշտպանության և այն կազմակերպել Մուսա լեռան վրա: Հուլիսի 30-ին հայերին հրամայվեց թողնել իրենց բնակավայրերն ու գաղթել: Բնակիչների մի մասը ենթարկվեց թուրքերի հրամանին և բռնեց գաղթի ճանապարհը, մնացածը՝ մոտ 5 հազար հոգի զենքի դիմեց, բարձրացավ Մուսա լեռը, որը վերածվեց ռազմական ճամբարի: Ստեղծվեց հատուկ զինվորական մարմին: Լեռ բարձրացողների մեծ մասը կանայք ու երեխաներ էին, որոնց համար շտապ խփվեցին վրաններ, շինվեցին հյուղակներ ու խրճիթներ: Հատուկ ուշադրություն դարձվեց դիրքերի ու պատնեշների կառուցմանը: Ռազմիկները ընդամենը 600-ն էին՝ սահմանափակ թվով զենքով ու փամփուշտներով: Լեռան պաշտպանությունը բաժանվեց 4 շրջանի, որտեղ ամրացան մարտական ջոկատները: Օգոստոսի 7-ին թշնամին սկսեց իր առաջին հարձակումը, բայց հանդիպեց համառ դիմադրության և 6-ժամյա մարտերից հետո, կորուստներ տալով, նահանջեց դեպի ելման դիրքերը: Օգոստոսի 10-ին թշնամին նորից հարձակվեց 5 հազարանոց զորքով՝ թնդանոթների ուղեկցությամբ:Դրությունը բավականին ծանր էր, բայց հայ մարտիկները, համառ մարտեր մղելով, 12-ժամյա ճակատամարտից հետո հետ մղեցին թշնամուն՝ պատճառելով նրան ծանր կորուստներ: Օգոստոսի 19-ին թշնամին ձեռնարկեց ավելի խոշոր հարձակում 9 հազարանոց կանոնավոր խմբով ու հրոսակախմբերով: Մարտերը տևեց 2 օր: Թուրքերը մի քանի կետերում ճեղքեցին հայերի պաշտպանության գիծը, բայց հաջողության չհասան, տալով մեծ կորուստներ և նահանջեցին: Չկարողանալով կոտրել մուսալեռցիների դիմադրությունը՝ թուրքերը միառժամանակ հրաժարվեցին նոր հարձակումից և որոշեցին լեռը պաշարելով սովամահ անել հայերին: Նրանք այդտեղ կենտրոնացրին 15 հազար զորք: Մուսալեռցիների դրությունը խիստ ծանրացավ, վերջանում էին պարենն ու ռազմամթերքը, պետք էր օգնության դիմել: Ինքնապաշտպանության ղեկավարները հույս ունեին օգնություն ստանալ ծովից: Որպես ազդանշան լեռան ծովահայաց եզրին բարձրացվեցին սավաններից պատրաստված 2 դրոշակներ, որոնց վրա նկարված էին կարմիր խաչեր և գրված «քրիստոնյաները վտանգի մեջ են»: Դրանց շուրջը վառվում էին խարույկներ՝ անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար: Բացի այդ, դաշնակիցների մարտանավ նկատելու դեպքում պաշտպաններից մեկը պետք է լողար դեպի նավը և իր հետ տաներ նախօրոք պատրաստված թիթեղե տուփի մեջ դրված հատուկ աղերսագիր: Սակայն երկար ժամանակ հորիզոնում մարտանավ չէր երևում։ Մուսալեռցիները պահելով իրենց դիրքերը, շարունակեցին փրկության նոր ուղիներ որոնել: Վերջապես սեպտեմբերի 5-ին ծովում երևաց «Կիշեն» ֆրանսիական ռազմանավը, որը մակույկ ուղարկեց ափ և վերցրեց ժամապահներին: Իմանալով հայերի դրության մասին ռազմանավի հրամանատարությունը հրաման արձակեց հրետակոծել թուրքական դիրքերը և հեռացավ հայերին օգնություն հասցնելու խոստումով: Սեպտեմբերի 9-ին թուրքական բանակի հրամանատարությունը հայերից պահանջեց անձնատուր լինել՝ հակառակ դեպքում սպառնում էր անցնել հարձակման և բոլորին կոտորել: Մուսալեռցիները դեռ չէին հասցրել պատասխանել, երբ թնդացին թուրքական հրանոթները և սկսվեց մի նոր արյունալի գոտեմարտ: Մուսալեռցիներն անցան հակահարձակման և ջախջախիչ հարված տվին թուրքական առաջապահ զորքերին, իսկ մնացածները խուճապահար նահանջեցին: Սեպտեմբերի 10-ին երևացին ֆրանսիական 2 ռազմանավեր և սկսեցին գնդակոծել թուրքական դիրքերը: Ապա հայերին տեղեկացվեց, որ ֆրանսիական կառավարությունը որոշել է նրանց փոխադրել Պորտ Սաիդ: Սեպտեմբերի 13-15-ը հերոս պաշտպանները փոխադրվեցին Պորտ Սաիդ , ուր նրանց օգնության հասան եգիպտահայերը:

Մուսա լեռան հերոսամարտի հուշարձան

Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում, բարձունքի վրա գտնվում է Մուսա լեռան հերոսամարտի հուշարձանը։ Ընդգրկված է Մուսալեռի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։Հուշարձանը նվիրված է Մուսա լեռան հերոսամարտին, կառուցվել է Հայաստանի և սփյուռքի մուսալեռցիների նյութական միջոցներով և անմիջական մասնակցությամբ։ Անառիկ ամրոց հիշեցնող կոթողը խորհրդանշում է Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների համառ ու անկոտրում կամքը, ազատագրական ոգին, առնականությունն ու արիությունը։ Հուշակոթողի կողքին, բլրի ստորոտում, հանգրվանում են նաև արցախյան ազատամարտում զոհված մուսալեռցիների շիրիմները։

Մուսալեռ գյուղն այսօր

Մուսալեռը գյուղը գտնվում է Արմավիրի մարզում։ Գյուղն ունի մեկ եկեղեցի` Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, մեկ դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, համայնքային կենտրոն, մանկապարտեզ, 2740 բնակչություն, երիտասարդական ակումբ։Հեռավորությունը Երևանից՝ 12 կմ, մարզկենտրոնից` 34 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 10 կմ։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 850 մ, բնակլիմայական պայմանները` չոր ցամաքային։ Բնակչության մի մասը հայրենադարձել են Լիբանանից, Սիրիայից, Եգիպտոսից և Կիլիկիայի Մուսալեռի գյուղերից 1946 թվականին։ Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 616.9 հեկտար է, որից՝ 48.3 հեկտարը արոտ, 248.3 վարելահողեր, 105.8 հեկտարը այգիները։ Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղի ուշագրավ կառույցը նրա հյուսիս-արևելքում, բարձունքի վրա կանգնեցված հուշարձանն է՝ ի հիշատակ 1915 թվականի Մուսա լեռան հերոսական մարտերի։ 

Հարիսա՝ լեռան Մուսա

Մուսա լեռան վրա ինքնապաշտպանության ժամանակ ցորենից ու գառան մսից բացի ուրիշ ոչինչ չկար ուտելու: Ցորենն ու ի փրկություն մատաղ արված գառան միսը ջրով խառնում են իրար, հարում, այստեղից էլ ուտեստը ստացավ իր անունը՝ «հարի՛ր սա» կամ «հարիսա»: Մուսալեռ գյուղը հիմնելուց հետո ամեն տարի՝ սեպտեմբերի երրորդ կիրակին յուրաքանչյուր ընտանիք հարիսա էր եփում՝ այդպիսով նշելով հաղթական ինքնապաշտպանությունը: 1976-ին Մուսալեռի բարձր բլուրներից մեկի վրա կառուցվեց հերոսամարտին նվիրված հուշարձանը, և հարիսա եփելու արարողությունը դարձավ զանգվածային՝ ուղեկցվող երգ ու պարով: 

Ֆրանց Վերֆել՝ «Մուսա լեռան 40 օրը»

Արևմտահայաստանի Սուեդիայի շրջանի հայ գյուղերի բնակչության՝ թուրքերի հայաջինջ քաղաքականության դեմ կյանքի և մահու օրհասական պայքարն է արտացոլված Ֆր. Վերֆելի այս գրքում։ Վեպի հիմքում ընկած պատմական հերոսամարտը Մուսա լեոան վրա, որ տևեց քառասուն օր, ի հայտ բերեց հայ ժողովրդի ազատատենչ ու հերոսական ոգին, ապրելու և գոյատևելու անկոտրում կամքը։ Սա մի սովորական վեպ չէ՝ սովորական իմաստով, այլ մի դյուցազներգություն, որի իսկական հերոսը հայ ժողովուրդն է։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s