Posted in Պատմություն 9

Հոկտեմբերի 12-16

Զեյթունի հերոսամարտը

Զեյթուն քաղաքը գտնվում է Թուրքիայի տարածքում` լեռնային Կիլիկիայում: Վաղ ժամանակներից այստեղ հայ ազգաբնակչություն էր կենտրոնացել: Հայությունը կարողացել էր դարեր շարունակ հետ մղել նվաճողներին և պահպանել էր իր կիսանկախ դրությունը: Իր կիսանկախ վիճակով և ազգասիրական վարակիչ օրինակով Զեյթունը դարձել էր օսմանյան իշխանությունների աչքի փուշը: Վերջիններս բազմիցս փորձել էին հնազանդեցնել նրան, սակայն միշտ էլ պարտություն էին կրել: Անհաջողության մատնվեցին նաև օսմանյան կառավարության փորձերը՝ Զեյթունը դարձնել կառավարչի նստավայր և բնակիչներին պարտադրել կանոնավորապես հարկեր վճարել: 1860թ. հուլիսին կառավարությունը որոշեց փոխել իրավիճակը և վերջնականապես հնազանդեցնել զեյթունցիներին: 1862թ. Մարաշի կուսակալ Ազիզ փաշան կանոնավոր զորքով ծրագրեց հարձակվել Զեյթունի վրա: Իր բազմապատիկ թվական գերազանցության և սպառազինության շնորհիվ փաշան հուլիսի 27-ին գրավեց մի քանի հայկական գյուղեր, որից հետո զեյթունցիների ջոկատները շրջակա գյուղերի բնակչության հետ ամրացան քաղաքում: Օգոստոսի 2-ին թուրքական ուժերը տարբեր կողմերից արդեն շրջապատել էին Զեյթունը: Լեռնականներն իրենց ամբողջ ռազմական ուժը բաժանեցին չորս հիմնական մասերի և խելամիտ ու հանդուգն գործողություններով դժվարին ճակատամարտերում կարողացան հակահարված տալ թշնամուն: Թուրքերը, ծանր կորուստներ տալով, զեյթունցիներին թողնելով բավական քանակությամբ ռազմավար, դուրս քշվեցին Զեյթունի սահմաններից: Այս պարտությունից հետո, չհրաժարվելով Զեյթունը գրավելու իր մտադրությունից, կառավարությունը Աշիր փաշային նշանակեց զորահրամանատար: Նախատեսվում էր հիմնահատակ անել Զեյթունը և սրի քաշել հայ բնակչությանը: Սակայն զեյթունցիները կարողացան խուսափել արհավիրքից՝ դիմելով Կ.Պոլսի պատրիարքի և ֆրանսիական կառավարության օգնությանը: Ֆրանսիան ակնկալում էր կաթոլիկական դավանանքի ընդունումը զեյթունցիների կողմից: Իսկ օսմանյան կառավարությունը, զգուշանալով Կիլիկիայում Ֆրանսիայի ազդեցության ուժեղացումից, տեղի տվեց: Զեյթունի պաշարումը վերացվեց: Նրանք այսուհետև պետք է ենթարկվեին օսմանյան վարչական կառավարմանը, կանոնավորապես վճարեին հարկերը՝ փոխարենը օգտվելով իրենց ազգային-եկեղեցական գործերը ինքնուրույն վարելու իրավունքից: Ավարտվեց 1862թ. Զեյթունի հերոսական պայքարը, որը խոր հետք թողեց ազգային ինքնագիտակցության և ազատագրական պայքարի հետագա ընթացքի վրա: 

Վանի հերոսամարտը

1915թ. ստեղծված օրհասական դրության ժամանակ ջարդարարներին առաջին դիմադրությունը ցույց տվեց Վանի վիլայեթի հայությունը։ Հայերը դիմագրավում են թուրք և քուրդ հրոսակներին Շատախում, Հայոց ձորում, Գավաշում, Թիմարում և այլ վայրերում։ Կատաղի և անզիջում դիմադրություն է ցույց տրվում թուրք և քուրդ հրոսակներին Վան քաղաքում։ Հայ բնակչությունը հիմնականում կենտրոնացած էր Այգեստանում։ Ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար Այգեստանում ստեղծվում է Զինվորական մարմին։ Նրա մեջ ընդգրկվում են տարբեր կուսակցությունների անդամներ և ոչ կուսակցականներ։ Քաղաքամեջի Զինվորական մարմնի ղեկավար է ընտրվում Հայկակ Կոսոյանը։ Երկու թաղամասերն էլ բաժանվում են պաշտպանական շրջանների։ Կանայք և աղջիկները զբաղված էին մարտիկների և գաղթականների համար հագուստ և պարեն հայթայթելով։ Երեխաները հանդես էին գալիս որպես կապավորներ Զինվորական մարմնի և դիրքերի միջև, նրանցից ոմանք մասնակցում էին մարտերին։ Այգեստանում ներքին կարգ ու կանոնը վերահսկելու համար կազմակերպվել էր ոստիկանություն։ Վանի ողջ բնակչությունը մեկ մարդու նման դուրս էր եկել կենացմահու կռիվ մղելու թշնամու դեմ։ Վանի նահանգապետը քաղաքի հայության դեմ կենտրոնացրել էր հրետանիով և գնդացիրներով զինված 12-հազարանոց զորք։ Այգեստանի և Քաղաքամեջի հայությունն այս ահռելի ուժին կարող էր հակադրել միայն վատ սպառազինված և 10 անգամ ավելի քիչ մարտիկներ։ 1915թ. ապրիլի 7-ին թուրքերի հարձակումով սկսվում են Վանի ինքնապաշտպանական մարտերը։ Կատաղի հրաձգություն է սկսվում, բայց վանեցիները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի գրոհները։ Հայերը կարողանում են ոչնչացնել թշնամու մի շարք դիրքեր և ամրություններ։ Թուրք-քրդական ուժերը ծանր պարտություններ են կրում և լուրջ կորուստներ ունենում։ Ռուսական բանակի առաջխաղացումը և Վանի հայության դիմադրությունը հարկադրում են թշնամուն դադարեցնել քաղաքի պաշարումը։ Մայիսի սկզբներին քաղաք են մտնում հայ կամավորները և ռուսական բանակը։ 1915թ. մայիսին կազմվում է Վանի և շրջանի ժամանակավոր վարչություն։ Աստիճանաբար քաղաքը և ազատագրված գավառները բնականոն հունի մեջ մտան։ Սակայն 1915թ. հուլիսի կեսերին ռուսական զորքն անակնկալ նահանջում է։ Վիլայեթի և քաղաքի հայությունը, չունենալով անհրաժեշտ միջոցներ հակառակորդին դիմագրավելու համար, ստիպված է լինում հետևել ռուսական բանակին։ Իրենց օջախներն են լքում մոտ 200 հազար վան-վասպուրականցիներ։ Նրանց պահպանությունն իրականացնում էին հայ կամավորները, ինչպես նաև ռուսական որոշ զորամասեր։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s