Անդաստան
Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:
Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:
Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:
Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։
Վերլուծություն
Դանիել Վարուժանի այս բանաստեղծությունը հանդիսանալով մեր կրթահամալիրի հիմն ունի իր յուրահատուկ իմաստը, ասելիքն ու մաղթանքը: Յուրաքանչյուր քառատող նշելով որևէ կողմ՝ տվյալ հատվածի ժողովրդին մաղթանքներ է անում: Ամեն կողմին ուղղված մաղթանքներն արտահայտված են գեղեցիկ և սրտաբուխ խոսքերով: Ընդհանուր բանաստեղծությունը շատ գեղեցիկ է, և ես այն շատ եմ հավանում: