Posted in Պատմություն 9

Նոյեմբերի 23-27

1. Ներկայացրե՛ք Հայաստանի հարաբերությունները հարևան երկրների հետ 1918-20թթ.:
Հայ ­-վրացական հարաբերությունները
1918թ. Վրաստանի և Հայաստանի անկախության հռչակումից հետո տարածքային-սահմանային վեճ ծագեց նրանց միջև, որի պատճառը դեռևս ցարիզմի ժամանակներում կատարված վարչատարածքային անարդար բաժանումն էր։ Նորահռչակ Վրաստանի Հանրապետությունը ամեն կերպ ձգտում էր իր սահմանների մեջ ներառել հայաբնակ Լոռի ու Ախալքալաք գավառները։ Հայաստանի կառավարությունը ջանում էր հարցը լուծել բանակցությունների միջոցով։ Սակայն սահմանային այդ վեճը 1918թ. դեկտեմբերին վերաճեց հայ-վրացական զինված ընդհարման` պատերազմի։ Երբ վրաց իշխանությունները սկսեցին բռնություններ գործադրել տեղի հայության նկատմամբ, հայկական զորամասերը մտան Լոռի, հաղթանակ տարան վրացիների նկատմամբ և իրենց հսկողության տակ առան գավառամասը։ Հալածանքի ու հետապնդումների ենթարկվեցին Վրաստանում ապրող հայերը։ Պատերազմը տևեց շուրջ երեք շաբաթ: Խնդրին միջամտեցին Անտանտի` Անգլիայի և Ֆրանսիայի զինվորական ներկայացուցիչները։ 1919թ. հունվարին կողմերի միջև կայացվեց համաձայնություն։ Լոռին հայտարարվեց «չեզոք գոտի»։ Կարճ ժամանակամիջոցում բարելավվեցին հայ-վրացական հարաբերությունները։ 1921թ. Ախալքալաքի գավառը կցվեց Վրաստանին, իսկ Լոռին միացվեց Հայաստանին։

Հայ­ – ադրբեջանական հարաբերությունները
Ադրբեջանի հետ հարաբերությունները բարդ էին։ Ադրբեջանը ձգտում էր նվաճել Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը, Շարուր-Նախիջևանը և այլ տարածքներ։ Այդ խնդրում Ադրբեջանին աջակցում էին Անգլիան և Թուրքիան, իսկ 1920թ. գարնանից` նաև Խորհրդային Ռուսաստանը։ 1918թ. վերջին անգլիացիների միջամտությամբ կասեցվեց Անդրանիկի զորախմբի առաջխաղացումը դեպի Շուշի ու Արցախ։ Անգլիական հրամանատարության աջակցությամբ Արցախ-Զանգեզուրի նահանգապետ նշանակվեց թուրք ջարդարար Խոսրով բեկ Սուլթանովը։ Արցախ-Սյունիքի հայությունը չճանաչեց Ադրբեջանի գերիշխանությունը և զենքը ձեռքին պայքարի ելավ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձգտում էր խաղաղ միջոցներով լուծել Ադրբեջանի հետ ունեցած վիճելի հարցերը։ Սակայն բանակցությունները արդյունք չտվեցին։ Մեծ տերությունները, շահագրգռված լինելով Բաքվի նավթով, ավելի հաճախ ճնշում էին գործադրում Հայաստանի վրա, որպեսզի նա զիջումներ անի Ադրբեջանին։ Հայաստանի կառավարությունը անում էր հնարավորինը պաշտպան կանգնելու արցախահայության արդար դատին։ Շուշիի հայությունը 1920թ. մարտին ենթարկվեց ջարդի: Զոհվեց մոտ 8 հազար հայ: Հայաստանի կառավարության որոշմամբ Դրոյի զորախումբը մտավ Ղարաբաղ։ Ապրիլի 25-ին որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղը վերամիավորել Հայաստանի Հանրապետությանը։ Իրադրությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում կտրուկ փոխվեց, երբ մի քանի օր անց` ապրիլի 28-ին խորհրդայնացվեց Ադրբեջանը։ Դրանից հետո վերջինիս սկսեց պաշտպանել Խորհրդային Ռուսաստանը։ Թուրք-թաթար-բոլշևիկ զինուժը ներխուժեց Ղարաբաղ, Զանգեզուր և Նախիջևան։ Ադրբեջանը տիրեց Լեռնային Ղարաբաղին։ 1921թ. հուլիսին, Խորհրդային Ռուսաստանի բարձրագույն իշխանությունների թողտվությամբ Լեռնային Ղարաբաղը, ինքնավար մարզի կարգավիճակով, բռնակցվեց Ադրբեջանին։ 1919թ. կեսերին անգլիացիների օգնությամբ Նախիջևանի գավառը պաշտոնապես միացվեց Հայաստանի Հանրապետությանը։ Սակայն տեղի թաթարները Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների աջակցությամբ ապստամբություն բարձրացրին ու հրաժարվեցին ճանաչել Հայաստանի իշխանությունը։ Շարուր-Նախիջևանի թաթարների շարունակական խռովությունների, ավերածությունների, թալանի հետևանքով երկրամասը գրեթե լիովին հայաթափվեց։ 1920թ. աշնանը Թուրքիան բռնազավթեց Նախիջևանի գավառը։ Իսկ 1921թ. Նախիջևանը հանձնվեց Խորհրդային Ադրբեջանին։ 1920թ. աշնանը ինքնապաշտպանական համառ կռիվների շնորհիվ լիովին ազատագրվեց Զանգեզուրը։

2. Ո՞րն էր Հայաստանի առաջին հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը: 
1918թ. հունիսի 4-ին Բաթումիի հաշտության պայմանագիրը կնքելուց հետո Հայաստանի Հանրապետությունը հայտնվել էր ծանր դրության մեջ։ 1918թ. ամռանը Հայաստանի պատվիրակությունը փորձ արեց բանակցել Քառյակ միության երկրների հետ` Բաթումի պայմանագիրը փոքր-ինչ մեղմելու նպատակով, բայց արդյունքի չհասավ։ Գերմանիան և Թուրքիան նույնիսկ մրցակցում էին իրար հետ, թե տարածաշրջանում ով ավելի մեծ ազդեցություն կնվաճի։ Հայաստանը իրավունք չուներ հարաբերվելու այլ պետությունների և հատկապես Անտանտի երկրների ու Ռուսաստանի հետ։ Այս վիճակը շարունակվեց մինչև 1918թ. վերջերը` Առաջին աշխարհամարտի ավարտը։ Անտանտը հաղթեց Քառյակ դաշինքին։ Պարտված Գերմանիան և Թուրքիան իրենց զորքերը դուրս բերեցին Անդրկովկասից։ Դրա շնորհիվ Հայաստանի Հանրապետության տարածքը ընդարձակվեց` հասնելով մինչև 70 հազար քառ. կմ-ի: Այժմ արդեն տարածաշրջանում ազդեցիկ դիրք գրավեց Անտանտի երկրներից Անգլիան։ Աշխարհամարտի ավարտից հետո Հայաստանի արտաքին քաղաքական վիճակը փոքր-ինչ բարելավվեց, և նա սկսեց ավելի ակտիվ արտաքին քաղաքականություն վարել։

3. Ծանոթացե՛ք Սևրի պայմանագրին վերաբերող փաստաթղթերը և ներկայացրե՛ք ձեր տեսակետը պայմանագրի մասին:

1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր կոչվող արվարձանում Անտանտի երկրները սուլթանական Թուրքիայի հետ կնքեցին հաշտության պայմանագիր։ Պայմանագրի 88-ից 93-րդ հոդվածները վերաբերում էին Հայաստանին։ Օսմանյան Թուրքիան պարտավորվում էր ճանաչել Միացյալ Հայաստանը։ Հայաստանին էին անցնելու Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները ոչ ամբողջությամբ` ընդամենը 90 հազար քառ. կմ, ելքով դեպի Սև ծով։ Անկախ Հայաստանի ընդհանուր տարածքը հանրապետության առկա 70 հազար քառ. կմ-ի հետ կազմելու էր 160 հազար քառ. կմ։ Հայ-թուրքական պետական սահմանը որոշելու էր ԱՄՆ-ի նախագահը, որն էլ նույն թվականի նոյեմբերին գծեց Միացյալ, Անկախ Հայաստանի քարտեզը։ Սակայն, հետագայումՍևրի պայմանագիրը մնաց թղթի վրա։ Քեմալականները չճանաչեցին սուլթանական կառավարության ստորագրած Սևրի պայմանագիրը։ Ֆրանսիան, Իտալիան, Անգլիան, աստիճանաբար երես դարձրին հայերից և մոռացության մատնեցին իրենց իսկ ստորագրած պայմանագիրը։ Ասպարեզում մնում էր միայնակ Հայաստանը, որը չուներ բավարար ուժ և կարողություն քեմալականներից ազատագրելու արևմտահայ նահանգները։ Մեծ տերությունների մեղքով հերթական անգամ ձախողվեց Հայկական հարցի լուծումը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s