Posted in Պատմություն 9

Նոյեմբերի 30-դեկտեմբերի 4

1. ՀՀ հարաբերությունները Խորհրդային Ռուսաստանի հետ՝ 1918-20թթ․:

Ռուսական կայսրության կործանումից և Հայաստանի անկախության հռչակումից հետո բավականին բարդ հարաբերություններ ստեղծվեցին Ռուսաստանի հետ։ 1917թ. Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսաստանում առաջացել էին երկու հակադիր ուժեր, որոնք քաղաքացիական կռիվներ էին մղում իրար դեմ։ Դրանցից մեկը Խորհրդային Ռուսաստանն էր։ Նա պայքարում էր խորհրդային սոցիալիստական կարգերը ամբողջ Ռուսաստանում հաստատելու համար։ Խորհրդային Ռուսաստանին այլ կերպ կոչում էին «կարմիրներ»։ Մյուս կողմը հին` բուրժուական համարվող կարգերի պահպանման կողմնակից ուժերն էին, որոնք չէին ընդունում բոլշևիկյան կարգերը։ Նրանց կոչում էին «սպիտակներ»։ Ռուսաստանի հարավային և արևելյան շրջաններում ստեղծվեցին մի շարք ոչ խորհրդային պետական կազմավորումներ` Կուբանի, Թերեքի, Դոնի, Ղրիմի, Սիբիրի և այլն։ Սրանց ղեկավարում էին նախկին ցարական գեներալներ։ Նորանկախ Հայաստանի կառավարությունը ի սկզբանե չկարողացավ նորմալ հարաբերություններ հաստատել «կարմիրների» հետ։ Դրա հիմնական պատճառն այն էր, որ Հայաստանի իշխանությունները չէին ընդունում խորհրդային վարչաձևը։ Խորհրդային կառավարությունն էլ ցանկություն չուներ ճանաչելու Հայաստանի անկախությունը։ Դրան հակառակ բավականին սերտ հարաբերություններ հաստատվեցին Ռուսաստանի հարավի և Սիբիրի ոչ խորհրդային պետական կազմավորումների հետ։ Հայաստանն այնտեղ դիվանագիտական ներկայացուցչություններ բացեց։ Հայաստանը նյութական որոշակի օգնություն ստացավ ոչ խորհրդային պետական կազմավորումների ու հատկապես գեներալ Ա. Դենիկինի գլխավորած Հյուսիսային Կովկասի կառավարությունից։ Լավ կապեր էին հաստատվել նաև Ուկրաինայի, Սիբիրում` ծովակալ Ա. Կոլչակի կառավարության հետ։ Հայ-ռուսական հարաբերությունների այս վիճակը շարունակվեց մինչև 1920թ. սկզբները։

2. Ռուս-թուրքական մերձեցման պատճառները 1920թ.:

1919թ. կեսերից սկսված քեմալական շարժման նպատակն էր պայքարել Անտանտի երկրների դեմ` պահպանելու Թուրքիայի տարածքային ամբողջականությունը։ Քեմալականները խնդիր էին դրել ուժի միջոցով հակազդել Փարիզի կոնֆերանսին և թույլ չտալ տարածքային որևէ զիջում։ Ավելին, նրանք նպատակ ունեին բռնազավթել արևելահայ տարածքները և ոչնչացնել հայոց պետականությունը։ 1920թ. հունվարին թուրքական խորհրդարանը մշակեց թուրքերի տարածքային պահանջների «Ազգային ուխտ» անվամբ մի փաստաթուղթ։ Ազգային ուխտի համաձայն` Թուրքիայի սահմանների մեջ էին մտնելու ոչ միայն արևմտահայ բոլոր նահանգները, այլև արևելահայ` Կարսի և Արդահանի շրջանները։ Քեմալականները վճռական էին հայերին ոչ մի թիզ հող չզիջելու հարցում: 1920թ. գարնանը թուրք ազգայնականները Անկարայում, Կ. Պոլսի սուլթանական կառավարությունից անկախ, ստեղծեցին առանձին կառավարություն Մ. Քեմալի գլխավորությամբ և մերձենալու ու բարեկամանալու առաջարկ արեցին Խորհրդային Ռուսաստանի կառավարությանը։ Աշխարհամարտից թուլացած Թուրքիան ակնկալիք ուներ Ռուսաստանից ստանալ տնտեսական և ռազմական օգնություն: Խորհրդային Ռուսաստանը քանի որ պայքարում էր Անտանտի տերությունների դեմ, միաժամանակ Անտանտի դեմ պայքարի դրոշով էին հանդես գալիս նաև քեմալականները, ուստի այստեղ նրանց քաղաքական շահերը համընկնում էին։ Այդ հիման վրա տեղի ունեցավ Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցում։ 1920թ. ամռանը Մոսկվայի հայ-ռուսական բանակցություններին գրեթե զուգահեռ բանակցություններ ընթացան նաև Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունների միջև։ Այդ բանակցությունների արդյունքում օգոստոսի 24-ին ստորագրվեց ռուս-թուրքական մերձեցման նախնական պայմանագիր։ Ռուսաստանը ճանաչում է թուրքերի «Ազգային ուխտը», որն իր սուր ծայրով ուղղված էր Սևրի պայմանագրի դեմ: Դրանից հետո Ռուսաստանը սկսեց օգնել թուրքերին դրամով, զենքով ու զինամթերքով։ Իսկ թուրքերն այդ օգնությունը իրականում օգտագործեցին ոչ թե Անտանտի տերությունների, այլ հույների, ասորիների դեմ։ Հայաստանի Հանրապետությունը հայտնվեց Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի։ Ադրբեջանը դարձավ կապող օղակ Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Բաքվում մշակվեց Հայաստանի վրա հարձակման և խորհրդայնացման ծրագիր, որում գլխավոր դերակատարը լինելու էր քեմալական Թուրքիան: Դրանով հող նախապատրաստվեց Հայաստանի վրա հարձակման համար։ 1920թ. աշնանը Հայաստանի Հանրապետությունը կանգնեց թուրքական ներխուժման վտանգի առաջ։

3. Ալեքսանդրապոլի պայմանագիրը:

1920թ. նոյեմբերի 23-ին հրաժարական տվեց Հ. Օհանջանյանի բյուրո-կառավարությունը, և կազմվեց Ս. Վրացյանի կոալիցիոն կառավարությունը՝ էսէռների մասնակցությամբ, որն էլ անմիջապես սկսեց հաշտության բանակցությունները թուրքերի հետ։ Նոյեմբերի 25-ին Ալեքսանդրապոլում սկսվեցին հաշտության բանակցությունները։ Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր Ալ. Խատիսյանը, իսկ թուրքականը՝ նրանց զորքերի հրամանատար Քյազիմ Կարաբեքիր փաշան։ Նոյեմբերի 30-ին Հայաստանին ներկայացրեց վերջնագիր։ Հաշվի առնելով հայ ժողովրդի գլխին կախված թուրքական մահացու վտանգը՝ Հայաստանի կառավարությունը իր գոյության մայրամուտին` դեկտեմբերի 1-ին, հարկադրված ընդունեց թուրքական պայմանները։ Եվ 1920թ. դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ալ. Խատիսյանը ստորագրեց Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը։ Սակայն մինչ այդ, դեկտեմբերի 2-ին, ՀՀ կառավարությունը արդեն հրաժարական էր տվել, հետևաբար հայկական պատվիրակության ստորագրությունը չուներ իրավական ուժ։ Այդուհանդերձ, փաստը կատարվել էր, և Հայաստանին էր պարտադրվել մի ծանր պայմանագիր։ Թուրքիայի պարտադրանքով Հայաստանը հրաժարվում էր Սևրի դաշնագրից։ Պայմանագրով Թուրքիային էին անցնում Կարսի մարզը և Սուրմալուի գավառը։ Նախիջևանի մարզը նույնպես անցավ Թուրքիայի հովանու տակ, որը շուտով հանձնվեց Ադրբեջանին։ Հայ-թուրքական պետական սահմանը դարձան Ախուրյան և Արաքս գետերը։ Պայմանագրի համաձայն Հայաստանին թույլատրվում էր ունենալ խիստ սահմանափակ թվով զինուժ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s