Posted in Պատմություն 9

Թեմա 10. Հին Հայաստանի մշակույթը

Հայկական առասպելներ

Հայ ժողովրդի հոգևոր մշակույթի բաղկացուցիչ մասն են կազմում առասպելները: Դրանք գրի է առել Պատմահայր Մովսես Խորենացին, որն այդ զրույցները լսել է գուսաններից կամ էլ վերցրել է մեզ չհասած հնագույն մատյաններից ու զետեղել իր «Հայոց պատմության» մեջ: Պատմահայրն այդ զրույցները բերել է վերապատմելով ու խմբագրելով: Առասպելները, զրույցները և հին վեպերն արտացոլում են պատմական իրականության ինչ-ինչ կողմեր: Հայերի ամենանշանավոր և միևնույն ժամանակ ամենահին, ինչ-որ չափով առասպելականացված պատմություններից է «Հայկի և Բելի մասին» զրույցը: Հայկն ըմբոստ և ազատասեր հսկա աղեղնավոր է, որն ըմբոստացել է Միջագետքի տիրակալ Տիտանյան Բելի դեմ: Սա ցանկացել է ընկճել Հայկին և իր տիրապետությունը հաստատել նրա ժողովրդի ու երկրի նկատմամբ: Բայց Հայկը ճակատամարտի ժամանակ սպանել է Բելին և պաշտպանել իր անկախությունը: Բելի զորքը սարսափահար փախել է երկրից: Առասպելի հիմնական գաղափարն այն է, որ Հայկը հայերի անվանադիր նախնին է: Մեր ժողովուրդն իրեն անվանել է հայ և երկիրը Հայաստան՝ իր նախնի Հայկ Նահապետի անունով: Չափազանց ինքնատիպ է Հայկ Նահապետի Տորք Անգեղի մասին զրույցը: Տորքը նույնպես հսկա է, որն ունի ֆիզիկական ահռելի ուժ: Նա խորտակում է ծովի կողմից դեպի Հայաստան նավարկող թշնամական նավերը՝ նրանց վրա նետելով հսկայական ժայռաբեկորներ: Շատ հուզական է «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելը: Արան Հայոց թագավորն է, նա սիրում է իր հայրենիքն ու ընտանիքը: Լսելով Արայի գեղեցկության մասին՝ Ասորեստանի թագուհի Շամիրամը սիրահարվում է նրան: Թագուհին Արային առաջարկում է ամուսնանալ իր հետ և դառնալ Ասորեստանի տիրակալ: Սակայն Հայոց թագավորը, հավատարիմ իր ժողովրդին ու ընտանիքին, մերժում է Շամիրամի առաջարկը: Ասորեստանի բանակը հարձակվում է Հայաստանի վրա: Շամիրամը հույս ունի բռնությամբ տիրանալ Արային: Տեղի ունեցած ճակատամարտում Արան սպանվում է: Գոյություն են ունեցել նաև այլ առասպելներ և զրույցներ: Առասպելները ցույց են տալիս մեր ժողովրդի ազատասեր ոգին, օտար բռնակալներին չհնազանդվելու կամքը և խաղաղասեր ու բարի բնավորությունը:

Հայկական վիպերգեր

Ի տարբերություն առասպելների, որոնց մեջ պահպանվել են պատմական հեռավոր ու ձևափոխված հիշատակներ, հին հայկական վիպերգերը պարունակում են հիմնականում պատմական հավաստի նյութեր: Վիպերգեր են հյուսվել սիրված թագավորների և հերոսների մասին: Նրանց ընդհանուր գիծն անսահման սերն է հայրենիքի նկատմամբ, ազատատենչ ոգին ու պատրաստակամությունը՝ կյանքը չխնայել ժողովրդի ազատության համար: Նրանցից ամենասիրվածն ու տարածվածը եղել է «Արտաշեսի վեպը»: Արտաշես I-ը եղել է հայերի պաշտելի թագավորը: Պատահական չեն պահպանված վիպական շարքերը նրա մանկության, գահակալության, երկիրը շենացնելու, Արտաշատ մայրաքաղաքը կառուցելու մասին: Արտաշեսը պայքարել է երկիր ներխուժած արտաքին թշնամիների դեմ, հաղթել նրանց և պաշտպանել իր երկրի ու ժողովրդի ազատությունը:

Հայոց նախաքրիստոնեական հավատքը

Ալեքսանդր Մակեդոնացու կողմից Աքեմենյան Պարսկաստանի կործանումից հետո Առաջավոր Ասիայում սկիզբ առավ քաղաքակրթական նոր` հելլենիզմի ժամանակաշրջանը: Հայաստանը նույնպես ենթարկվեց հելլենիզմի ազդեցությանը՝ հատկապես Ք.ա. 2-րդ դարի սկզբին՝ Արտաշեսյան դինաստիայի հաստատումից: Թեև հունարենը և հունական մշակույթը տարածում գտան հիմնականում հայկական արքունիքում, ազնվականության և ավագանու շրջանում, այդուհանդերձ, հելլենիզմը մեծապես հարստացրեց մեր ազգային մշակույթը՝ Հայաստանում տևելով գրեթե վեց դար: Հետագայում այդ շրջանի հսկայական մշակութային և նյութական ժառանգությունը գրեթե իսպառ ոչնչացվեց քրիստոնեության ընդունմամբ ու տարածմամբ: Տիգրան Մեծի օրոք (Ք.ա. 95-55թթ.) Հայաստանը վերածվեց Հին աշխարհի առաջավոր երկներից մեկի: Կառուցվեցին ամրոցներ և պաշտամունքային շինություններ, ավելի քան 2 տասնյակ քաղաքներ, որոնց շարքում առանձնանում են մայրաքաղաքներ Երվանդաշատը, Արտաշատը, Տիգրանակերտն ու Վաղարշապատը: Իսկ Տիգրան Մեծին հաջորդած Արտավազդ Բ արքայի օրոք Արտաշատի թատրոնում հույն և հայ դերասանների մասնակցությամբ ներկայացվում էին բազում ողբերգություններ, այդ թվում՝ Էվրիպիդեսի «Բաքոսուհիները»: Հելլենիստական Հայաստանի ամրոցաշինական արվեստի լավագույն կոթողներից է Գառնիի տաճարը, որը կառուցել է Տրդատ Ա թագավորը: Գառնին պալատական համալիր է: Այստեղ պահպանվել է նաև անտիկ շրջանին բնորոշ բաղնիք` հատակի խճանկարով, որը գեղարվեստական մեծ արժեք է ներկայացնում: Այն Հին Հայաստանից մեզ հասած մոնումենտալ գեղանկարչության միակ նմուշն է: Պատմական Հայաստանի Երզնկայի գավառի Սատաղ տեղանքի մոտ 19-րդ դարավերջին հայտնաբերվել է Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխը և աջ ձեռքը: Հայկական հեթանոսական աստվածությունների դիցարանում Անահիտը մայրության և պտղաբերության աստվածուհին է:

Գրավոր մշակույթը

Ուսումնասիրողները հիմնավոր ցույց են տվել, որ Հին Հայաստանում գոյություն են ունեցել հայերեն մեհենագրեր1 , որոնք լայն տարածում չեն ունեցել և օգտագործվել են միայն մեհյաններում: Պաշտոնական գրագրության համար օգտագործել են արամեերեն և հունարեն լեզուները: Թագավորներն այդ լեզուներով թողել են իրենց արձանագրությունները, իսկ դրամները հատել են միայն հունարեն գրությամբ: Արմավիրում պահպանվել են Ք. ա. lll դ. վերջերին վերաբերող հունարեն արձանագրություններ, որոնցից մեկը հայոց քրմապետի ուղերձն է Երվանդ IV թագավորին:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s