Posted in Պատմություն 9

Թեմա 13. Պայքար թագավորական իշխանության պահպանման համար

Արշակ II–ի քաղաքականությունը

Արշակ II–ը (350–368 թթ.) դարձավ Արշակունիների ամենա­նշանավոր արքաներից մեկը։ Նա սկսեց վարել ինքնուրույն քաղաքականություն։ Հայոց արքային ահաբեկելու նպատակով կայսրը հրամայեց Հռո­մում սպանել նրա եղբորը՝ արքայազն Տրդատին: Սակայն Արշակը չի ընկճվում։ Նրա խորհրդով՝ Ներ­սես Ա կաթողիկոսը միջնորդում էոր Հայաստան վերադառնան Գնելն ու Տիրիթը։ Գնելն ամուսնա­ցել էր Անդովկ Սյունու աղջկա՝ Փառանձեմի հետ, որին սիրում էր նաև Տիրիթը։ Նա Արշակին տրա­մադրել էր Գնելի դեմ: Սակայն վերջինիս սպանու­թյունից հետո Տիրիթը ևս չի խուսափում արքայի ցասումից և մահապատժի է ենթարկվում։ Այդ դեպ­քերից հետո Արշակն ամուսնանում է Փառանձեմի հետ: Շուտով ծնվում է նրանց թագաժառանգ Պա­պը: Այդ ընթացքում արքունիքի և նախարարական տների միջև աճող լարվածությունը սպառնում էր երկրի կայունությանը: 354 թ. Ներսես Ա–ն Աշտիշատում հրավիրում է Հայ եկեղեցու առաջին ժողովը։ Այնտեղ ընդունված հոգևոր և աշխարհիկ կյանքին առնչվող կանոննե­րի համաձայն` կառուցվում են վանքեր, դպրոցներ, աղքատանոցներ: Ընդունվում է մի կանոն, որով հայոց թագավորին ու մեծամեծներին կոչ էր ար­վում լինելու գթասիրտ իրենց ծառաների և հասարակ ժողովրդի նկատմամբ: Մյուս կողմից` ծառա­ներին պատվիրվում էր հնազանդ ու հավատարիմ լինել իրենց տերերին: Կենտրոնական իշխանության ամրապնդման նպատակով Արշակ II–ը որոշում է Կոգովիտում կա­ռուցել Արշակավան քաղաքը: Երկրում լարվածությու­նը մեղմելու նպատակով նա թույլատրում է Արշակավանում բնակություն հաստատել բոլոր ցանկացող­ներին, նույնիսկ օրինազանցներին, որոնք ազատ էին լինելու դատ ու դատաստանից: Իրենց տերերից դժգոհ ծառաներն ու շինականներն սկսում են փախ­չել և ապաստան փնտրել նոր կառուցվող քաղաքում։ Դա առաջացնում է նախարարների դժգոհությունը: Նրանք հարձակվում և ավերում են քաղաքը։ 359 թ. վերսկսված հռոմեա–պարսկական պատե­րազմի ժամանակ Շապուհ II–ը օգնություն է խնդ­րում Արշակից։ Հայոց զորքով Մծբին քաղաքի մոտ Արշակը պարտության է մատնում հռոմեական զոր­քին։ Շապուհն առաջարկում է Արշակին ամուսնա­նալ իր դստեր հետ, բայց Արշակը հրաժարվում է: Շու­տով Շապուհը թշնամանում է Արշակի հետ: Հայոց արքան, վերադառնալով հայրենիք, ընդունում է Արևելք եկած հռոմեական կայսեր հրավերը և նրա հետ հանդիպում է Մաժաքում։ Հայ–հռոմեական վե­րականգնված դաշինքն ամրապնդվում է Արշակի և կայսերական ընտանիքից Օլիմպիայի ամուսնու­թյամբ: Սակայն շուտով Օլիմպիա թագուհուն թու­նավորում են: Պարսկա–հռոմեական պատերազմն ավարտ­վում է հռոմեացիների պարտությամբ: Նոր գա­հակալած կայսեր ու Շապուհ արքայի միջև 363 թ. կնքվում է հաշտություն։ Պայմանագրի համաձայն՝ կայսրը պարտավորվում էր չօգնելու հայերին: Այդ պայմանագիրը IV դ. հռոմեացի պատմիչ Ամմիանոսն անվանել է «ամոթալի»։

Պապ թագավոր

Հռոմեական օգնական զոր­քով Պապը վերադառնում է և հաստատվում հայոց գահին (370–374 թթ.): Հայոց զորավար Մուշեղ Մա­միկոնյանը երկիրը մաքրում է թշնամու զորքերից և լուծում Արշակ արքայի և իր հոր` Վասակ սպա­րապետի վրեժը։ Մուշեղը դառնում է սպարապետ, վերականգնում երկրի սահմանները` Ուրմիայից հարավ գտնվող Գանձակ Շահաստանով, իսկ հյու­սիսում` Մեծ Հայքի և Վիրքի միջև` Կուր գետով: Մուշեղ զորավարը քանդում է նորակառույց մազ­դեզական ատրուշանները: Երկրում վերաշինվում են ավերված բնակավայրերը, նորոգվում եկեղեցինե­րը, զարգանում է տնտեսությունը: 370 թ. Մուշեղը 40 հազար զորականներով Հա­յաստանի հարավային սահմանագլխին ջախջա­խում է պարսից զորքը: Պարսից հրամանատարնե­րից շատերը ձերբակալվում են և Մուշեղի հրամա­նով մահապատժի ենթարկվում: Մուշեղի ձեռքն են ընկնում պարսից արքայական գանձարանը և կա­նայք, որոնք նրա հրամանով ազատ են արձակվում: Զայրացած թագավորը հանդիմանում է Մուշեղին, որ նա անհարկի մեծահոգաբար էր վարվել իր մորդահճի` Շապուհի նկատմամբ` ազատելով պարսից արքայի կանանոցը: 371 թ. տեղի է ունենում Ձիրավի վճռական ճակատամարտը։ Պապ թագավորի հրամանով հա­յոց զորքերը, հռոմեական զորաջոկատի հետմիավորված, բանակ էին դրել Այրարատ նահան­գի Բագրևանդ գավառի Ձիրավի դաշտում: Հայոց ավելի քան 90 հազարանոց զորքի հրամանատարը Մուշեղ սպարապետն էր: Պապ թագավորը և Ներ­սես կաթողիկոսը բարձրացել էին Նպատ լեռը՝ այնտեղից հետևելու ճակատամարտին: Կաթողի­կոսի բարեխոսությամբ Պապի զայրույթը փարատ­վում է Մուշեղի նկատմամբ: Լուսադեմին սկսվում է ճակատամարտը: Ներ­սես կաթողիկոսը, բազուկները տարածած, աղո­թում էր Նպատ լեռան գագաթին: Հայոց զորքերը հաջողությամբ գրոհում են պարսիկների վրա: Հակառակորդը ջախջախվում և փախչում է մարտա­դաշտից։ Հաղթանակը կատարյալ էր: Դավաճան Մերուժանը գերի է ընկնում: Ասպետ Սմբատ Բագ­րատունին նրան մահապատժի է ենթարկում: Հաղթանակից հետո Պապ թագավորը և Մուշեղ սպարապետը զբաղվում են Հայոց թագավորության հզորության ամրապնդմամբ: Պապի բարեփոխում­ների շնորհիվ հայոց բանակի թիվը հասնում է մոտ 100 հազարի: Հոգևորականների հարազատներին պարտադրվում է պետական և զինվորական ծա­ռայություն կատարել: Եկեղեցական հողատիրու­թյունը կրճատվում է: Պապի անկախ քաղաքականությանը դեմ էր Հռոմեական կայսրությունը: 373 թ. Հռոմեական կայսեր հրամանով խնջույքի ժամանակ Պապին դավադրաբար սպանում են: Հռոմեացի պատմիչ Ամմիանոսը խստորեն դատապարտել է Հռոմի այդ նենգ քայլը հայոց արքայի նկատմաբ: Պապին հաջորդած իր ազգականը` Վարազդա­տը (374–378 թթ.), հայտնի էր որպես օլիմպիական խաղերի հաղթող, երիտասարդ էր և Մեծ Հայքի թա­գավորության պաշտպանության և կառավարման գործն իրականացնում էր Մուշեղ սպարապետի խոր­հուրդներով: Իսկ նրան հաջորդած Պապի որդիների` Արշակ III–ի ու նրան գահակից Վաղարշակի խնամակալը սպարապետ Մանվել Մամիկոնյանն էր:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s