Posted in Պատմություն 9

Թեմա 4. Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը՝ Արտաշես I

Արտաշես I-ի գահակալումը

Ք. ա. 190թ. Մագնեսիայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում, Սելևկյանները ծանր պարտություն կրեցին Հռոմից: Մեծ Հայքի և Ծոփքի Սելևկյան կառավարիչներ Արտաշեսն ու Զարեհն անմիջապես օգտվեցին Սելևկյանների պարտությունից և Ք. ա. 189թ. իրենց անկախ թագավորներ հռչակեցին: Հռոմն անմիջապես ճանաչեց նրանց անկախությունը: Նույն այդ ժամանակ իրենց անկախությունը վերականգնեցին նաև Փոքր Հայքի և Կոմագենեի հայկական թագավորությունները: Այսպիսով` Երվանդականների թագավորության անկումից ընդամենը մեկ տասնամյակ անց Մեծ Հայքը և Ծոփքը վերականգնեցին իրենց անկախությունը: Մեծ Հայքում հաստատվեց արքայական մի նոր հարստություն (Ք. ա. 189-1թթ.), որի հիմնադիրը դարձավ Արտաշես I-ը (Ք. ա. 189-160թթ.):

Հայկական հողերի միավորումը

Մինչ Արտաշես I-ի գահակալությունը հարևան երկրները, զավթել էին ծայրամասային երկրամասերը: Արտաշեսը և Զարեհը ձեռնամուխ եղան հայկական հողերի վերամիավորմանը: Արտաշեսը ոչ միայն վերամիավորեց Մեծ Հայքից զավթված տարածքները, այլև քայլեր ձեռնարկեց իր թագավորությանը միացնելու նաև Ծոփքը, Կոմագենեն ու Փոքր Հայքը: Իր թագավորության հենց սկզբում Արտաշեսն արշավանք է ձեռնարկում դեպի Արևելք և հասնում Կասպից ծովի ափեր: Նա այստեղ Մեծ Հայքին է միացնում Կասպքը  և մինչև Ուրմիո լճի ափերն ընկած տարածքները: Ապա արշավանք է ձեռնարկում դեպի հյուսիս՝ Վիրք: Արևմուտքում Արտաշեսը գրավեց և Մեծ Հայքին միացրեց Կարնո երկրամասն ու Դերջան գավառը: Հարավում երկարատև ու արյունահեղ կռիվներից հետո Արտաշեսն ազատագրեց Սելևկյանների բռնազավթած Տմորիք երկրամասը: Ծոփքի արքա Զարեհի մահից հետո, Արտաշեսը փորձեց Ծոփքը նույնպես միացնել Մեծ Հայքին, սակայն նա հանդիպեց Ծոփքի դաշնակից Կապադովկիայի դիվանագիտական համառ դիմադրությանը, որի հետևանքով Ծոփքի միացումը հետաձգվեց: Արտաշեսի ձեռնարկումների շնորհիվ հայկական տարածքների մեծ մասը միավորվեց մեկ ընդհանուր պետության՝ Մեծ Հայքի թագավորության մեջ: Այդ պատճառով է, որ հույն պատմիչը նրան անվանում է «Հայաստանի մեծ մասի կառավարիչ»: Հայկական հողերի մեծ մասի միավորումով Մեծ Հայքի թագավորությունը վերածվեց Առաջավոր Ասիայում պատկառելի ուժ ներկայացնող մի պետության: Ք. ա. 183-179թթ. Փոքր Ասիայում պատերազմ բռնկվեց մի կողմից Պոնտոսի ու Փոքր Հայքի, մյուս կողմից՝ Կապադովկիայի, Բյութանիայի ու նրանց դաշնակիցների միջև: Մեծ Հայքը չեզոքություն պահպանեց, բայց ակտիվորեն ներազդեց կողմերի վրա՝ պատերազմը դադարեցնելու համար: Հաշտության պայմանագրի կնքմանը, որպես հեղինակավոր ու հարգված գահակալ, դատավորի կարգավիճակով հրավիրվեց նաև Արտաշես I-ը: Դիվանագիտական նուրբ ու ճշգրիտ քայլերով Արտաշեսը կարողացավ Պոնտոսի հաշվին ընդարձակել Փոքր Հայքի տարածքը՝ անշուշտ, հետագայում իր թագավորությանը միացնելու հեռահար ծրագրով: Իսկ երբ Մարաստանի Սելևկյան սատրապն ապստամբեց և իրեն հայտարարեց անկախ թագավոր, Արտաշես I-ը Սելևկյաններին թուլացնելու նպատակով անմիջապես օգնության ձեռք մեկնեց նրան:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s