Posted in Պատմություն 9

Թեմա 8. Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք

Արտավազդ II-ի գահակալությունը

Տիգրան II-ին հաջորդեց թագաժառանգ Արտավազդ II-ը (Ք. ա. 55-34թթ.), որը բազմակողմանի զարգացած, հունարենի քաջագիտակ, մտավորական անձնավորություն էր: Նա նաև հմուտ դիվանագետ էր, իրատես քաղաքագետ և, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, ռազմական գործիչ: Արտավազդ II-ը գահ է բարձրացել Մեծ Հայքի թագավորության համար բարդ քաղաքական իրավիճակում: Արտաշատի պայմանագիրն արմատապես փոխեց ուժերի հարաբերակցությունն Առաջավոր Ասիայում: Մեծ Հայքի թագավորությունը հայտնվել էր երկու հզոր տերությունների միջև, որոնցից յուրաքանչյուրը ջանք չէր խնայում ապահովելու նրա դաշնակցությունը: Հայաստանի դիրքորոշումը դառնում էր չափազանց կարևոր, քանի որ նրանցից յուրաքանչյուրը փորձում էր տիրապետող դիրք ստանալ տարածաշրջանում և իշխել Արևելքում: Արտավազդ II-ը փորձում էր երկու տերությունների հետ էլ բարիդրացիական հարաբերություններ պահպանել և թույլ չտալ, որ Հայաստանը ներքաշվի պատերազմների մեջ:

Կրասոսի արևելյան արշավանքը և Հայաստանը

Ք. ա. 60թ. Հռոմի երեք ականավոր գործիչներ՝ Գնեոս Պոմպեոսը, Հուլիոս Կեսարը և Մարկոս Կրասոսը, կնքեցին մի դաշինք, որը հայտնի է Առաջին եռապետություն անունով: Եռապետները Հռոմեական հանրապետությունը բաժանեցին ազդեցության գոտիների: Մարկոս Կրասոսը ստացավ Արևելքը և միաժամանակ պարթևների դեմ պատերազմելու իրավունքը: Ք. ա. 54թ. նա ժամանեց Արևելք և սկսեց նախապատրաստվել պարթևների դեմ արշավանքին: Փառասեր և մեծամիտ Կրասոսը, երազում էր կրկնել Ալեքսանդր Մակեդոնացու սխրանքը և հասնել Հնդկաստան: Կրասոսը պահանջեց, որ իրեն ներկայանան Հռոմի բոլոր դաշնակից երկրների արքաները և զորք տրամադրեն: Նրան ներկայացավ նաև Արտավազդ II-ը: Հավատարիմ մնալով Ք. ա. 66թ. հայ-հռոմեական պայմանագրին՝ նա Կրասոսին խոստացավ տալ նշանակալի քանակությամբ զինված ուժեր: Արտավազդն առաջարկեց պարթևների դեմ արշավանքը կազմակերպել Հայաստանի տարածքով: Սակայն Կրասոսն ընտրեց արշավանքի կարճ ու վտանգավոր ուղին: Այն անցնում էր Միջագետքի դաժան, չոր կլիմա ունեցող անծայրածիր անապատներով և տափաստաններով: Երկիր վերադառնալիս Արտավազդը լուր ստացավ, որ պարթևների Օրոդես թագավորը ներխուժել է Հայաստան և ասպատակում է երկրի հարավային տարածքները: Արտավազդը այլևս չէր կարող օգնական զորք տրամադրել Կրասոսին: Նա պարտավոր էր պաշտպանել հայրենիքը: Իմանալով այդ մասին՝ Կրասոսն անհարգալից խոսքերով Արտավազդին մեղադրեց դավաճանության մեջ: Ավելին` սպառնաց պարթևական արշավանքն ավարտելուց հետո պատժել Հայոց արքային: Արտավազդը փոխեց իր դիրքորոշումը: Նա Օրոդեսին առաջարկեց դաշինք կնքել և համատեղ ռազմական գործողություններ ծավալել հռոմեացիների դեմ: Պարթևների թագավորը սիրով ընդունեց այս առաջարկը, և Ք. ա. 54թ. վերջերին Արտաշատում կնքվեց հայ-պարթևական մի համաձայնագիր: Այդ ընթացքում Կրասոսը, հսկայական կորուստներ տալով, Ք. ա. 53թ. գարնանը հասավ Միջագետքի Խառան քաղաք: Պարթևական բանակը դանդաղ նահանջում էր՝ երկրի խորքը ներքաշելով հռոմեական լեգեոններին՝ ոչնչացնելով գույքը, պարենի պաշարները և թունավորելով ջրհորները: Սակայն շուտով պարթևները դադարեցին նահանջել, և Ք. ա. 53թ. մայիսի 6-ին պարթև զորավար Սուրենը մեծ բանակով հանկարծակի ու շեշտակի հարվածով գլխովին ջախջախեց հռոմեական զորքը: Սպանվածների թիվն անցնում էր 20 հազարից, գերիներինը՝ 10 հազարից: Սպանվեցին նաև Կրասոսն ու նրա որդին: Հույն պատմիչ Պլուտարքոսը հաղորդում է, որ Սուրենը սպանված Կրասոսի գլուխն ուղարկում է Հայաստան: Այդ ժամանակ հայ ու պարթև արքաները և նրանց մերձավորներն Արտաշատի թատրոնում դիտում էին հույն նշանավոր թատերագիր Եվրիպիդեսի «Բաքոսուհիները» ողբերգությունը: Հույն դերասան Յասոնը եղջերվի թատերական կեղծ գլխի փոխարեն բեմ է դուրս գալիս Կրասոսի իրական գլխով:

Անտոնիոսի պարթևական և հայկական արշավանքները

Հուլիոս Կեսարի սպանությունը (Ք. ա. 44թ.) երկիրը ներքաշեց քաղաքացիական պատերազմների հորձանուտ: Օգտագործելով հարմար պահը՝ պարթևա-հայկական միացյալ բանակը Ք. ա. 40թ., պարթև թագաժառանգ Բակուրի և հայ Վասակի գլխավորությամբ, անցնելով Եփրատը, ներխուժեց Ասորիք: Փյունիկիայի, Ասորիքի, Պաղեստինի և Միջերկրական ծովի ափին գտնվող քաղաքները, որոնք դժգոհ էին հռոմեական ծանր տիրապետությունից, հայերին և պարթևներին դիմավորում են ցնծությամբ՝ իրենց դարպասները բացելով նրանց առջև: Միջերկրական ծովի ափերին պարթևների և հայերի հայտնվելը սթափեցրեց Հռոմին և ստիպեց դիմել կտրուկ միջոցների: Արևելք ուղարկվեց Բասոս զորավարը, որը վճռական ճակատամարտում պարտության մատնեց դաշնակիցներին: Կռիվ­ների ժամանակ սպանվեց նաև թագաժառանգ Բակուրը: Պարթևստանում սկսված գահակալական պայքարի պատճառով անսպասելիորեն խզվեց հայ-պարթևական դաշինքը: Հռոմեացիներն անմիջապես օգտագործեցին այս հարմար պահը: Հռոմում իշխանության գլուխ եկած Երկրորդ եռապետության որոշմամբ Արևելք ուղարկվեց Մարկոս Անտոնիոսը: Ք. ա. 38-37թթ. Անտոնիոսը դեպի Պարթևստան մեծ արշավանքի նախապատրաստություններ սկսեց: Քանի որ արշավանքի երթուղին անցնելու էր Հայաստանով՝ հռոմեացիներին անհրաժեշտ էր Հայաստանի դաշնակցությունը: Արտավազդը կանգնած էր երկընտրանքի առջև: Ստեղծված ծանր իրադրության պայմաններում նա ստիպված եղավ կրկին դաշնակցել հռոմեացիներին: Հայոց թագավորն Անտոնիոսին խոստացավ 11-հազարանոց օգնական զորք տրամադրել և թույլատրել պարթևների դեմ ռազմարշավը Հայաստանի տարածքով: Ք. ա. 36թ. ամռանը Անտոնիոսը 100-հազարանոց բանակով և երեք հարյուր սայլերի վրա բարձած պաշարողական տեխնիկայով սկսեց իր արշավանքը: Հռոմեական բանակն անցավ Հայաստանի տարածքով և մտավ պարթևներին դաշնակից Ատրպատական: Անտոնիոսը շտապում էր օր առաջ գրավել Ատրպատականի մայրաքաղաք Փրաասպան, ուստի, պաշարողական մեքենաների համար առանձնացնելով երկու լեգեոն, ինքը հիմնական ուժերով շարժվեց երկրի խորքեր: Պարթևներն անմիջապես օգտագործեցին այդ պահը և, հարձակվելով, ոչնչացրին պաշարողական մեքենաները: Պարզ դարձավ, որ առանց այդ մեքենաների անհնարին էր գրավել պարթևական քաղաքները: Իր հերթին Արտավազդը, հիանալի գիտակցելով, որ Անտոնիոսի արշավանքը ձախողվել է, որոշեց վերադառնալ Հայաստան և հրաժարվել ռազմական գործողություններին մասնակցելուց: Հետագայում իրեն արդարացնելու համար Անտոնիոսն օգտագործեց այդ հանգամանքը՝ Արտավազդին հռչակելով դավաճան և իր պարտության հիմ­նական մեղավոր: Այս մեղադրանքը կեղծ է, քանզի Անտոնիոսի պարտվելուց հետո էր Արտավազդը հետ քաշել իր զորամասերը: Ք. ա. 36թ. աշնանն Անտոնիոսի բանակը ստիպված էր նահանջել: 27 օր տևած նահանջի ընթացքում հակառակորդն անընդհատ հարձակումներով ուժասպառ էր անում հռոմեացիներին, որոնք կորցրին 32 հազար, իսկ պարթևները՝ 12 հազար զինվոր: Հայկական կողմը թագավորի հեռատեսության շնորհիվ կորուստներ չունեցավ: Միայն Հայաստան հասնելուց հետո Անտոնիոսը կարողացավ հանգիստ շունչ առնել: Կարգի բերելով բարոյալքված բանակը՝ նա շտապ մեկնեց Ալեքսանդրիա: Հռոմեական սենատին ուղարկված զեկուցագրում Անտոնիոսը, իր ապաշնորհությունն ու մեղքը քողարկելու նպատակով, ռազմական վիթխարի ծախսերն ու մարդկային ահռելի կորուստները բացատրում է Հայոց թագավորի իբր թե դավաճանությամբ: Իր վարկաբեկված հեղինակությունն ինչ-որ չափով վերականգնելու և ռազմական վիթխարի ծախսերը մարելու համար նա ծրագրում է գրավել ու կողոպտել Հայաստանը: Ք. ա. 34թ. ամռանը Անտոնիոսը անակնկալ արշավեց դեպի Հայոց թագավորություն: Հարձակումն այնքան անսպասելի էր, որ հռոմեական բանակը, առանց լուրջ դիմադրության հանդիպելու, մոտեցավ Արտաշատին: Անըմբռնելի է, սակայն փաստ, որ Արտավազդն իր առնվազն 70-հազարանոց բանակը մարտի չհանեց հռոմեական 60-հազարանոց բանակի դեմ: Նա, ըստ երևույթին, համոզված էր, որ միջադեպը կարելի է լուծել խաղաղությամբ: Նման դեպքում երկիրը թերևս կարող էր զերծ մնալ ավերածություններից, բայց անմիջականորեն վտանգվում էր թագավորի անձը: Բանակցություններ վարելու փոխարեն Անտոնիոսը ձերբակալեց Հայոց թագավորին, թագուհուն, Տիգրան ու Արտավազդ արքայազներին և կողոպտեց արքունի գանձերը: Անտոնիոսի այս քայլը դատապարտել են անգամ հռոմեացի հեղինակները: Այսպես` Դիոն Կասիոսը գրում է, թե Անտոնիոսը Արտավազդին «խաբելով, ձերբակալելով ու շղթայելով, մեծապես վարկաբեկել է հռոմեական ժողովրդի հեղինակությունը»: Այսուհանդերձ, հռոմեացիներն իրենց նպատակին չհասան: Թագաժառանգ Արտաշեսը փորձեց հակահարված տալ հակառակորդին և ազատել կալանված արքային, սակայն հապշտապ և լավ չկազմակերպված գործողություններով որևէ արդյունքի չհասավ: Նա պարտվեց և զորքերով անցավ Պարթևստան: Հայաստանի քաղաքներում թողնելով հռոմեական կայազորներ, Անտոնիոսը վերադարձավ Եգիպտոս՝ իր հետ տանելով Արտավազդ II-ին և նրա ընտանիքը: Նա Ալեքսանդրիայում հաղթահանդես կազմակերպեց, որի ժամանակ բոլորի ուշադրության կենտրոնում ոսկե շղթաներով շղթայված Հայոց թագավորն ու նրա ընտանիքն էին: Գերիներին հորդորել էին խոնարհվել Կլեոպատրայի առջև և նրան մեծարանքի խոսքեր շռայլել: Սակայն Արտավազդն ու նրա հարազատներն անցան հպարտորեն ու արժանապատվորեն: Ինչպես գրում է ժամանակակից հույն պատմիչը` «նրանք ցույց տվեցին իրենց ոգու արիությունը»: Հայերի նման կեցվածքը մեծ տպավորություն թողեց: Վիրավորված Կլեոպատրան չներեց Արտավազդին և կարգադրեց զնդան նետել նրան: Անտոնիոսի ինքնագլուխ գործողությունները խիստ սրեցին նրա հարաբերությունները Հռոմի ծերակույտի (սենատի) հետ: Քաղաքացիական պատերազմը դարձավ անխուսափելի, որը և շուտով բռնկվեց: Ք. ա. 31թ. սեպտեմբերի 2-ին Ակտիումի ճակատամարտում Անտոնիոսը լիակատար պարտություն կրեց եռապետ Գայոս Օկտավիանոսի բանակից և փախավ Ալեքսանդրիա: Նույն թվականի հոկտեմբերին Կլեոպատրայի կարգադրությամբ Արտավազդ II-ը մահապատժի ենթարկվեց: Շատ չանցած` Օկտավիանոսի կողմից գերվելու վտանգն Անտոնիոսին և Կլեոպատրային ստիպեց ինքնասպանությամբ վերջ տալ իրենց կյանքին:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s