Posted in Պատմություն 10

Ռուբինյաններ

Բագրատունյաց թագավորության անկումից Կիլիկիայում Ռուբինյան իշխանական տոհմի ջանքերով ստեղծվում է հայկական իշխանություն, որը հետագայում 1198 թվականին վեր է ածվում թագավորության։ Հայկական թագավորությունը դիվանագիտական կապեր է հաստատում արևելքում ստեղծված խաչակրաց պետությունների հետ, որն օգնում է ամրացնել հայկական պետության հիմքերը։

Կիլիկիայում հայերը բնակվել են դեռ անհիշելի ժամանակներից: Արտաշեսյանների օրոք Կիլիկիան որոշ ժամանակ նաև Մեծ Հայքի թագավորության մաս է կազմել: Իսկ XI դարի սկզբից, երբ Վասպուրականի թագավոր Սենեքերիմ Արծրունին, 1021 թ. կազմակերպեց գաղթը, շատ հայեր բնակություն հաստատեցին Լեռնային Կիլիկիայում: Եվ XI դարում Կիլիկիայում հայությունն արդեն մեծամասնություն էր կազմում: Այդ ժամանակաշրջանում Կիլիկիայում և հարակից շրջաններում Փիլարտոս Վարաժնունին և Գող Վասիլ Կամսարականը բավական ընդարձակ իշխանություններ էին ստեղծել:Սակայն այդ պետական կազմավորումները երկար կյանք չունեցան: Ռուբեն Բագրատունին Անիի վերջին գահակալ Գագիկ Բ Բագրատունու թիկնազորի հրամանատարն էր: Երբ 1045 թ.Գագիկ Բ, թողնելով Անին, հաստատվեց Կիլիկիայի սահմանագլխին և 1079 թ. սպանվեց բյուզանդացիների ձեռքով, Ռուբեն իշխանը, ամրանալով Կիլիկիայում ստեղծեց զորեղ իշխանություն: 1080 թ. նա Բարձրբերդում ապստամբության դրոշ բարձրացրեց ու Լեռնային Կիլիկիայի այդ շրջանն անկախ հռչակեց Բյուզանդիայից: Բյուզանդական զորքերը ցանկացան ճնշել հայերին, սակայն Ռուբենն իր շուրջը հավաքված քաջերով կանխեց դա։ Նոր ստեղծված իշխանապետությունը հիմնադրի՝ Ռուբեն Բագրատունու անունով կոչվեց Ռուբինյան:

Ռուբենը կառավարման 15 տարիների ընթացքում բազմիցս ջարդեց ոչ միայն բյուզանդական, այլև սելջուկյան զորքերը և ամրապնդեց իր իշխանությունը: Նա մահացավ ծեր հասակում, նրա մարմինն ամփոփվեց Կաստալոնի վանքում: Ռուբենի մահից հետո իշխանությունը ժառանգեց որդին՝ Կոստանդին Առաջինը, որ կարճ կառավարեց, սակայն իրագործեց բարեփոխումներ։ Նա կարողացավ բյուզանդացիներից և սելջուկներից ազատագրել Լեռնային Կիլիկիայի մի շարք շրջաններ և կցել իր պետությանը, վերակառուցեց Վահկա բերդը և այն դարձրեց իր իշխանանիստը: Կոստանդին Առաջինի կառավարման տարիներին տեղի ունեցան խաչակրաց առաջին արշավանքները: Կոստանդինը նրանց աջակցեց Եդեսիայի, Երուսաղեմի և Անտիոքի գրավման ժամանակ: Նա իր դստերը կնության տվեց Եդեսիայի դուքսին և նրա հետ բարեկամական պայմանագիր կապեց: Կոստանդին Առաջինի մահից հետո իշխանության եկավ իր որդին՝ Թորոսը։ Թորոս Առաջինը, շարունակելով պապի և հոր քաղաքականությունը, ավելի ամրապնդեց հայոց իշխանապետությունը Կիլիկիայում:Նա իր իշխանապետությանը միացրեց Սիսն ու Անարբազան, ինչպես նաև Դաշտային Կիլիկիայի մի հատվածը, Գող Վասիլի հետ Բերդուսի ճակատամարտում ջախջախեց Իկոնիայի սուլթանության զորքերը: Թորոսը նույնպես խնամիական կապերով բարիդրացիական հարաբերություններ հաստատեց խաչակիրների իշխանությունների հետ: 1111 թ. գրավեց Կիզիստրա բերդը և տանջամահ արեց հույն Մանդալե եղբայրներին, որոնք 1079 թ. դավադրաբար սպանել էին հայոց գահազուրկ Գագիկ Բ արքային: Թորոս Առաջինը կառուցեց Դրազարկի վանքը, որ դարձավ հայոց հոգևոր-մշակութային և գիտական հզոր կենտրոններից մեկը:

Թորոս Առաջինին գահըառանգեց նրա կրտսեր եղբայրը՝ Լևոն Առաջինը: Լևոնի իշխանության առաջին տարիները բավական բարենպաստ էին հայերի համար: Նա ջախջախեց սելջուկյան բանակները, ապա՝ խաչակիրներին և նրանց արտաքսեց Դաշտային Կիլիկիայից: 1132 թ. Լևոն Առաջինը ջարդեց նաև բյուզանդական զորքերը և ազատագրեց Կիլիկիո ծովափնյա քաղաքները՝ Տարսոնը, Մամեստիան և Ադանան: Նա գրավեց Սելևկյան և Դաշտային Կիլիկիան և ամբողջովին կցեց իր իշխանությանը: 1137 թ. բյուզանդական կայսր Հովհաննես Երկրորդը մեծաքանակ զորքով արշավեց Կիլիկիայի դեմ: Նա ծուղակ պատրաստեց Լևոն Առաջինի դեմ, կարողացավ գերել նրան ու նրա ընտանիքը և գրավել Կիլիկիայի իշխանությունը:

Լևոն Առաջինը և նրա ավագ որդի Ռուբենը մահացան գերության մեջ՝ Կոստանդնուպոլսի բանտում: Բայց 1145 թ. նրա մյուս որդին՝ Թորոսը, կարողացավ փախչել գերությունից, հասնել Կիլիկիա, համախմբել հայոց զինուժը և սոսկալի ջարդ տալով բյուզանդացիներին՝ վերականգնել հայկական անկախ իշխանությունն ու գահակալել որպես Թորոս Բ։

1168 թ. Թորոս Երկրորդը հիվանդացավ և հրաժարվելով իշխանությունից՝ կրոնավոր դարձավ Դրազարկի վանքում՝ գահը հանձնելով իր անչափահաս որդուն՝ Ռուբեն Երկրորդին (1168-1169): Շատ չանցած՝ մահանում է Թորոսը: Նրա եղբայր Մլեհը, որ մինչ այդ գժտված էր Թորոսի հետ և ծառայում էր Նուր-ադ-Դինի բանակում, վերադարձավ Կիլիկիա և եղբորորդուց խլեց իշխանությունը: Իշխանության գալով՝ Մլեհը ձեռնամուխ եղավ երկրի ամրացման ու հզորացման գործին:

Կիլիկիայի հայկական իշխանության գահակալ դարձավ Լևոն Բ Մեծագործը (1187-1219): Իշխանության գալով՝ Լևոն Բ ստիպված էր անընդմեջ պատերազմներ մղել Կիլիկիային սպառնացող թշնամիների դեմ: Նա նախ ջախջախեց Իկոնիայի, ապա Եգիպտոսի սուլթանության զորքերը: Այնուհետև իր սուրն ուղղեց Բյուզանդիայի դեմ և նրանից գրավեց Սելևկյան, Իսավրիան երկրամասերը՝ կցելով Կիլիկիային:

Գահակալման ընթացքում Լևոնը շատ մեծագործություններով աչքի ընկավ: Հայոց արքան մահացավ 1219 թ.: Նա արու զավակ չուներ: Գահը ժառանգած արքայադուստր Զապելը 1226 թ. ամուսնացավ իշխան Հեթում Հեթումյանի հետ, որով էլ Կիլիկիայի հայոց թագավորության գահին դինաստիական փոփոխություն կատարվեց…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s