Posted in Գրականություն 10

Սիրադեղյանական ըներցումներ

Շատ չհամարվի

Պարում էին։ Մայրը նայում էր՝ թիկունքը պատին և աչքերի շուրջ, և բերանի անկյուններում խնդության ծալքեր կային։ Զսպված խնդության ծալքեր էին՝ «Աստված, Էսքանը շատ չհամարես»։ Շատ չհամարես, որովհետև քիչ է պատահում, որ բոլորով մի տեղ հավաքվեն։ Քանի աճում են, դժվարանում է։ Հազար ու մի հոգս՝ մեկը մյուսից մանր ու դատարկ, բայց մանր-մանր կուտակվում ու արգելք են դառնում… Նույնիսկ չստացվեց, որ բոլորով լուսանկարվեն։ Մի լուսանկարում տասներկու հոգի են՝ փոքրը չէր ծնվել, փոքրը ծնվեց էլի տասներկու—առաջնեկը բանակում էր, մյուսում՝ տասներեք՝ հարսն էր գումարվել, վերջում… տան գլուխը չկար…

Թոռները խմբով, թափով, ցնծությամբ պարի մեջ մտան։ Այդ թափի մեջ առանց այդ էլ բերանբաց նայող համագյուղացիներին շշմեցնելու ցանկություն կար և նրանք հասան նպատակներին։ Մայրը ինքն իր հետ խաղի մեջ մտավ, աչքը որ թոռան վրա կանգ առներ, անունը պիտի տար միանգամից… մեկը, երկուսը, երեքը, չորսը… ութերորդի վրա սխալվեց, սկսեց նորից, բայց անդրանիկ թոռան վրա միտքը շեղվեց՝ ահա գիծը։ Պապի գիծը։ Այդ գծի վրա փոքր որդին է, անդրանիկ թոռը… բայց թոռը, ափսոս, պարել չգիտի։ Մի քիչ էլ ճակատը լայն չի… Մի քիչ էլ մեջքը ձիգ չի… Իսկական գիծը, ուրեմն, դա չի։ Մորական ցեղի խեղճ արյունը ծռել է երեխի մեջքը։ Ամենափոքր թո՞ռը։ Իհարկե։ Նա՝ հոր կտորը։ Ոտքերի տակ նայել չգիտի, բայց գայթած չունի, ինչը ծամելու հոգս է պատճառում, բերան չի առնի, ուրիշի ձեռքից բան չի վերցնի, մանկապարտեզի դաստիարակչուհու հարցին պատասխանեց ութերորդ ամսում… Գոնե հոր բախտից չունենա։

Փոքր որդուն հոգնել չկար։ Պարի գլուխ էր։ Պարողների հանգստանալը պարեղանակից պարեղանակ էր՝ հանդարտ ու թափով, թափով ու հանդարտ, իսկ դհոլը արդեն ընկնում էր դհոլչու ձեռքից, ծունկը դողում էր աթոռի վրա, զուռնաչին քանիերորդ անգամ փոխել էր պարեղանակը, երկու կողմի շապիկները կպել էին թիկունքներին, պարի մեջ մտան արդեն հարսները, պարողների թիվը անցավ երեսունից… վաղը էլի շաղ են գալու Հայաստանով մեկ, աստված, մոր էս մի գիշերը շատ չհամարես։

Սիրելու տարիքը

Նա շատ լավ գիտեր, որ մնացած մի քանի ամսում ուժից չի տրաքվելու, բայց որ երկաթը գլխից վեր հանելու ձեւը պիտի գտնվի՝ դա անկասկած էր։ Այն օրը, երբ ծանրությունը գլխից վեր հանես, իր գորժելու ժամն էր լինելու։ Ծրագրված էր երկու կռիվ։ Նույնիսկ երեքը։ Քանիսը որ անհրաժեշտ եղավ։Հիմա կանգնած է զգեստապահարանի հայելու առաջ, հագած ունի անթեւ շապիկ, բազուկների մկանունքը նորվա ջանքից դեռ փքված են, դաստակը՝ պնդված, եւ կենտրոնացած պատրաստվում է կռվի գնալու մի ոհմակի դեմ եւ հետը գնացող մեկը չունի՝ թիկունքին կանգնի։ Եղբայրը մեծ է, ընկերների ոչ բարով թիկունքը ինքն է, ― այսպես անթիկունք գնալու է նրանց թաղը, ովքեր կռվում են միշտ ոհմակով, միշտ՝ թաղովի, միշտ՝ գեղովի ― նույնիսկ մեկի դեմ։Տղան անուշ մի թախիծով խղճում էր իրեն։ Կռվի մասին մտածում էր որպես եղած բանի, իրեն տեսնում էր ջարդված, բայց աղջկա աչքերի մեջ շիտակ նայելիս։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s