Posted in Uncategorized

ՄԵՋԲԵՐՎՈՂ ՈՒՂՂԱԿԻ ԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ԽՈՍՔ

Խոսելիս երբեմն մեջբերվում է որևէ մեկի խոսքը։ Այն կարող է մեջբերվել ուղղակիորեն կամ անուղղակի ձևով, օրինակ՝ – Ես քեզ կօգնեմ,- ասաց ընկերս և Ընկերս ասաց, որ ինքն ինձ կօգնի։ Առաջին օրինակում խոսքը մեջբերվել է ուղղակիորեն, անփոփոխ, իսկ երկրորդ դեպքում՝ անուղղակիորեն, պատմողաբար։  Ուղղակիորեն մեջբերված խոսքը կոչվում է ուղղակի խոսք, իսկ անուղղակիորեն՝ պատմողաբար մեջբերված խոսքը՝ անուղղակի խոսք։ Ուղղակի խոսքը հիմնականում հնարավոր է լինում դարձնել անուղղակի։ Պատմողական նախադասությամբ արտահայտված ուղղակի խոսքը անուղղակիի վերածվելիս կարող է կապակցվել որ կամ թե շաղկապներով, իսկ հարցական ուղղակի խոսքը փոխակերպելիս կապակցվում է թե շաղկապով, օրինակ՝ -Ես կօգնեմ,- ասաց նա։ Նա ասաց, որ ինքը կօգնի։ -Հետաքրքիր է՝ ինչպես ես կատարելու այդ աշխատանքը,- ասաց նա ընկերոջը։ Նա ընկերոջը ասաց, թե հետաքրքիր է՝ ինչպես է կատարելու այդ աշխատանքը։ -Ե՞րբ ես վերադարձել,- հարցրեց նա ընկերոջը։ Նա ընկերոջը հարցրեց, թե երբ է վերադարձել։ 

 

Ուղղակի խոսքն անուղղակիի փոխակերպելիս դուրս են ընկնում զգացական բառերը, փոխվում են դերանունների դեմքերը՝ ըստ տվյալ կիրառության, օրինակ՝ -Սիրելի՛ս, ես քեզ կօգնեմ,- ասաց մայրը որդուն։ Մայրը որդուն ասաց, որ ինքը նրան կօգնի։  Ուղղակի խոսքում եղած կոչականն անուղղակի խոսքում դառնում է հանգման խնդիր կամ ենթակա, օրինակ՝ -Անո՛ւշ, դու վաղը պետք է գնաս տնօրենի մոտ,- ասաց ուսուցչուհին։ Ուսուցչուհին ասաց Անուշին, որ վաղը պետք է գնա տնօրենի մոտ կամ Ուսուցչուհին ասաց, որ Անուշը վաղը պետք է գնա տնօրենի մոտ։  Հեղինակային խոսքը ուղղակի խոսքի նկատմամբ կարող է լինել նախադաս, միջադաս և վերջադաս, օրինակ՝ Նա ասաց. – Ես կգնամ։ -Ես,- ասաց նա,- կգնամ։ -Ես կգնամ,- ասաց նա։ Ինչպես երևում է օրինակներից, նախադաս լինելիս հեղինակային խոսքն ունի ենթակա-ստորոգյալ (նա ասաց) շարադասությունը, իսկ միջադաս և հետադաս լինելիս՝ ստորոգյալ-ենթակա (ասաց նա) շարադասությունը։ Մեջբերվող ուղղակի խոսքը կետադրվում է հետևյալ սկզբունքներով։ Նախադաս մեջբերվող խոսքից հետո դրվում է ստորակետ-գծիկ, որին հաջորդում է հեղինակի խոսքը, օրինակ՝ -Ես առավոտյան պետք է մեկնեմ,- ասաց նա։ Միջադաս մեջբերվող խոսքը հեղինակի խոսքից առանձնացվում է ստորակետ-գծիկով, օրինակ՝ -Ես,- ասաց նա,- առավոտյան պետք է մեկնեմ։ Եթե հեղինակի խոսքը նախադաս է, ապա նրանից հետո միջակետ է դրվում, իսկ մեջբերվող խոսքը գրվում է նոր տողից, և նրանից առաջ դրվում է անջատման գիծ, օրինակ՝ Նա ասաց. -Ես առավոտյան պետք է մեկնեմ։  Միջադաս հեղինակի խոսքից առաջ կարող է դրվել նաև միջակետ-գծիկ կամ վերջակետ-գծիկ, եթե հեղինակի խոսքը գտնվում է մեջբերվող խոսքի այնպիսի բաղադրիչների միջև, որոնք իրարից պետք է տրոհվեն միջակետով կամ վերջակետով։ Բերենք օրինակներ՝ -Մենք ոչինչ չենք կարող անել,- ասաց նա.- ամեն ինչ բժշկի ձեռքում է: -Կառույցն արդեն ապամոնտաժվել է,- հայտնեց ճարտարապետը։- Շուտով կսկսվի նորի շինարարությունը: Չհնչող մեջբերվող խոսքն առնվում է չակերտների մեջ, օրինակ՝ «Ես մեկ ամսից կվերադառնամ»,- նամակում գրել էր տղան։ «Ես,- նամակում գրել էր տղան,- մեկ ամսից կվերադառնամ»։ Տղան նամակում գրել էր. «Ես մեկ ամսից կվերադառնամ»։  

Կարճ՝ մի քանի բառից բաղկացած հետադաս ուղղակի խոսքը կարող է տրոհվել նաև բութով, օրինակ՝ Նա ասաց՝ կվերադառնամ։ 

 

Ուղղակի խոսքը դարձնե՛լ անուղղակի։

1. –Ես ամեն ինչ կկազմակերպեմ,- ասաց կուրսի ավագը։


Կուրսի ավագն ասաց, որ ինքն ամեն ինչ կկազմակերպի։

2. Բազմոցին նստած՝ խորհում էր. «Ես վաղը կսկսեմ այդ աշխատանքը, որ
մեկ շաբաթում կավարտեմ»։


Բազմոցին նստած խորհում էր, թե նա վաղը կսկսի այն աշխատանքը, որը մեկ շաբաթում կավարտի։

3. –Մենք ե՞րբ կարող ենք գնալ ցուցահանդես,- տնօրենին հարցրին
աշակերտները։


Աշակերտներ տնօրենին հարցրին, թե իրենք երբ կարող են գնալ ցուցահանդես։

4. –Մենք,- ասաց նա,- երբեք գործը կիսատ չենք թողել։
Նա ասաց, որ իրենք երբեք գործը կիսատ չեն թողել։

5. «Մեզ մի քանի օր է հարկավոր,- գրված էր նամակում,- որ կարողանանք
կատարել հանձնարարությունը»։


Նամակում գրված էր, թե նրանց մի քանի օր է հարկավոր, որ կարողանան կատարել հանձնարարությունը։

6. Հայտարարության մեջ գրված էր. «Մենք կարող ենք պատվերը կատարել
երեք օրում»։


Հայտարարության մեջ գրված էր, որ նրանք կարող են կատարել աշխատանքը երեք օրում։

7. –Ես իմ քանդակները ստեղծելիս չեմ մտածում աշխատանքի դժվարության
մասին,- ասաց Արմանը։


Արմանն ասաց, որ նա իր քանդակները ստեղծելիս չի մտածում աշխատանքի դժվարության մասին։

8. –Հասմի՛կ, դու խմբի ցուցակը պետք է ներկայացնես ինձ,- ասաց
ուսուցչուհին։


Ուսուցչուհին ասաց, որ Հասմիկը պետք է խմբի ցուցակը ներկայացնի իրեն։

9. «Ես ոչինչ չպետք է մոռանամ, այլապես հաջողության չեմ հասնի»,-
մտածեց մրցույթի վերջին մասնակիցը։


Մրցույթի վերջին մասնակիցը մտածեց, որ նա ոչինչ չպետք է մոռանա, այլապես հաջողության չի հասնի։

10. –Մեզ մի քանի օր ժամանա՛կ տվեք, որ մենք կարողանանք կազմել
նախահաշիվը,- այցելուին պատասխանեց կազմակերպության աշխատակիցը։


Կազմակերպության աշխատակիցը այցելուին պատասխանեց, որ իրենց մի քանի օր ժամանակ է հարկավոր, որպեսզի կարողանան կազմել նախահաշիվը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s