Posted in Uncategorized

Վարդանանց պատերազմ․ Ավարայրի ճակատամարտը

Հայ ժողովրդի վիճակի ծանրացումը

Հայաստանի վիճակը կտրուկ վատանում է Պարսկաստանում Հազկերտ II-ի գահակալությամբ։ Նա առաջին հերթին փորձում է թուլացնել Հայաստանի ռազմական ուժը։ Հազկերտը հայոց գնդերն ուղարկում է Արևելք՝ քոչվոր հոների դեմ պայքարելու։ Այսպիսի տագնապալի ժամանակներում Հայաստանում կաթողիկոս Հովսեփ Ա Վայոցձորցու գլխավորությամբ 443 թ․ եկեղեցական ժողով գումարվեց Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շահապիվան ավանում։ Հայաստանի ներքին կյանքի վերաբերյալ ընդունվեց 20 կանոն, որոնց մեջ գլխավոր կետը պատիժների խստությունն էր ընդդեմ եկեղեցու և ընտանիքի կարգերը խաղտողների։ Հայաստանի ինքնուրույնությանն ուղղված հաջորդ հարվածը 447 թ․ Հազկերտի հանձնարարականով Դենշապուհ պաշտոնյայի՝ Արևելյան Հայաստանում աշխարհագրի անցկացումն էր։ Դրա նպատակներից էին հարկերի ծանրացումը և եկեղեցու ազատության սահմանափակումը։ Հայ ժողովրդի բոլոր խավերի վիճակը ծանրանում է։ 

Ապստամբությունը

Պարսից արքունիքը այդքանով չբավարարվեց, և արքայի նոր հրամանով հայերից պահանջվեց քրիստոնեությունից հրաժարվել և ընդունել զրադաշտական կրոնը։ Հայ ժողովրդի համբերության բաժակը լցվեց և 449 թ․ Արտաշատում Հովսեփ կաթողիկոսի գլխավորությամբ եկեղեցական ժողով գումարվեց, և նախարարների ու ամբողջ ժողովրդի համաձայնությամբ մերժվեց Սասանյանների՝ կրոնափոխության պահանջը։ Հազկերտը, ստանալով հայերի մերժողական պատասխանը, զայրանում է և իր մոտ կանչում հայ նախարարներին՝ մարզպան Վասակ Սյունուն, սպարապետ Վարդան Մամիկոնյանին, Վահան Ամատունուն, Գուգարքի բդեշխ Աշուշային և այլոց, ինչպես նաև Վիրքի ու Աղվանքի նախարարներին։ 

450 թ․ ապրիլին նախարարները ժամանում են Տիզբոն, որտեղ Հազկերտը սպառնում է նրանց զրադաշտականություն չընդունելու դեպքում զրկել ժառանգական իրավունքներից և ընտանիքներով աքսորել պարսկաստանի խորքերը։ Հայրենիք վերադառնալու և ապստամբությունը կազմակերպելու համար նախարարները որոշում են առերես ընդունել զրադաշտականությունը։ Հազկերտը իմանալով նախարարների որոշման մասին, կարծելով, որ վերջապես հասել է իր նպատակին, մոգապետին ու մոգերին հրամայում է ուղեկցող ուժերի և հայոց գնդի հետ մեկնել Հայաստան։ Սակայն նա Գուգարքի Աշուշա բդեշխին և Սյունաց Վասակ իշխանի երկու զավակներին՝ Բաբիկին և Ատրներսեհին, պատանդ է պահում իր արքունիքում։ 

Հայոց գունդը, նախարարները և մոգերին ուղեկցող զորքը հասնելով Հայոց աշխարհ բանակում են Բագրևանդ գավառի Անգղ ավանում։ Մոգերն ու պարսից զորքերը փորձում են քանդել տեղի եկեղեցին, ինչը առաջացնում է հայ բնակչության զայրույթը։ Հայերը Ղևոնդ երեցի գլխավորությամբ հարձակվում են մոգերի վրա և փրկում եկեղեցին։ Իրավիճակը սրվում է։ 

Վարդան Մամիկոնյանը խորհրդակցություն է հրավիրում, որի ժամանակ բոլորը տեղեկանում են Տիզբոնից վերադարձաց նախարարների ուրացումը կեղծ է եղել։ Նա հայտնում է բոլորին ապստամբության մասին։ Բոլորը միահամուռ երդում են տալիս (ասելով «հավատո ուխտի» խոսքեր), և ուխտը կնքվում է Վասակ Սյունու և տանուտերերի ու ավագ սեպուհների մատանիներով։ Աշխարհազորը, ռամիկ բազմությունը, միանալով հայոց զորաբանակին, հարձակվում են մոգերի կառուցած կրակապաշտարանի վրա, քանդում այն, իսկ մոգերին գերի վերցնելով՝ մահապատժի ենթարկում Անգղ ավանի հարևան Զարեհավանում։ 

Ապստամբ ուժերը պարսից կայազորներից ազատագրում են Արտաշատը, Գառնին, Արտագերսը և այլ բնակավայրեր։ Կազմվում է կառավարություն․ Վասակ Սյունին՝ մարզպան, Վարդան Մամիկոնյանը՝ սպարապետ, Հովսեփ Վայոցձորցին՝ մեծ դատավոր, Խորեն Խորխորուռին՝ մաղխազ։ 

Որոշ ժամանակ անց Աղվանքից այրարատ է գալիս հազարապետը և տեղեկացնում, որ պարսիկների բանակը երեք հարյուր մոգերի հետ ներխուժել է իրենց երկիր։ Հայերը դիմում են քրիստոնյա Բյուզանդական կայսրությանը, սակայն կայսրը ոչ միայն հրաժարվում է հայերին օգնելուց, ալյև Հազկերտի մոտ դեսպաններ է ուղարկում և դաշինք կնքում նրա հետ։ 

Հայոց զորքը երկիրը պաշտպանելու նպատակով բաժանվում է երեք գնդի։ Առաջին գունդը՝ Ներշապուհ Արծրունու գլխավորությամբ շարժվում է հարավ՝ Հայաստանն Ատրպատականի կողմից պաշտպանելու։ Երկրորդ գունդը՝ սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ, նախապատրաստվում է արշավելու դեպի հյուսիս-արևելք՝ Աղվանք և Ճորա պահակ ներխուժած պարսիկների առաջխաղացումը կասեցնելու նպատակով։ Երրորդ գունդը հանձնվում է Վասակ Սյունուն և մնում Այրարատ աշխարհում։ 

Խաղխաղի ճակատամարտը

Ճակատամարտը տեղի է ունենում Խաղիխաղ քաղաքի մոտ 450 թ․։ Վարդանն իր գնդով խիզախորեն գրոհում է թշնամու զորքի աջ թևի վրա։ Հաղթանակած հայկական գունդն անցնում է Կուրի ձախ ափը և ազատագրում Աղվանքի բերդերն ու քաղաքները։ Հայոց զորքը շարունակում է իր երթը դեպի Հյուսիսային կովկասի ռազմավարական ամրություններից մեկը՝ Ճորա պահակ, և այնտեղ ևս ջախջախում պարսիկներին։ Այստեղից Վարդան Մամիկոնյանը դեսպան է ուղարկում հոների մոտ և նրանց հետ դաշինք կնքում ընդդեմ Սասանյանների։ 

Հայաստանից գուժկան է հասնում և տեղեկացնում, որ Վասակ Սյունին փոխել էր իր վերաբերմունքը ապստամբության նկատմամբ և ծրագրել էր հաշտվել պարսից արքունիքի հետ։ Ժողովրդի աջակցությունը շահելու համար նա լուրեր է տարածում, թե իբր Հազկերտը հրաժարվել է կրոնափոխություն պարտադրելուց, և ժողովրդին փորձում էր համոզել հետ կանգնել ապստամբությունից։ Այս որոշումը շատ անսպասելի հարված էր երկրի վտանգությանը։ Վարդանը, գիտակցելով պահի լրջությունը, անմիջապես վերադառնում է Հայաստան և երկրի կառավարումն ու զորքերի հրամանատարությունը ամբողջությամբ վերցնում է իր ձեռքը։ Վահան Ամատունին կրկին դառնում է հազարապետ։ 

Ավարայրի ճակատամարտը

Հազկերտը բազմաքանակ զորք է ուղարկում Հայոց աշխարհ, որը գլխավորում էր Մուշկան Նյուսալավուրտը։ Հայոց 66-հազարանոց զորքը սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ Արտաշատից շարժվում է Վասպուրականի Արտազ գավառը և բանակում Ավարայրի դաշտում՝ Տղմուտ գետի ձախ ափին։ Եռապատիկ ավելի զինվոր ունեցող պարսիկ բանակը ճամբար է դնում մյուս ափին։ Ղևոնդ երեցը և մյուս հոգևոր հայերը Սուրբ պատարագի սեղան են կանգնեցնում և մկրտում մինչ այդ չմկրտվածներին։

Վարդան զորավարը հայոց զորքին հրամանատարներ է կարգում։ Առաջին զորագունդը հանձնում է Ներշապուհ Արծրունուն, երկրորդը՝ Խորեն Խորխոռունուն, իսկ երրորդը՝ Թաթուլ Վանանդեցին։ Վարդան Մամիկոնյանը վերցնում է չորրորդ գնդի հրամանատարությունը։ 

451 թ․ մայիսի 26-ի լուսաբացին սկսվում է Ավարայրի ճակատամարտը։ Հայոց հեծելագունդը, Վարդան զորավարի գլխավորությամբ անցնելով Տղմուտ գետը, շեշտակի հարվածով մխրճվում է պարսից զորքի մեջ։ Միայն որոշ ժամանակ անց թշնամին կարողանում է վերադասավորել իր ուժերն ու հարվածել հայոց զորքի ձախ թևին։ Հայոց զորավարը թշնամու շարքերում այնպիսի իրարանցում է առաջացնում, որ Մուշկան Նյուսալավուրտը հրամայում է փղերին մտցնել ռազմի դաշտ։ Կռիվը սաստկանում է։ Վարդան Մամիկոնյանն ու զինակիցները հայտնվում են շրջափակման մեջ։ Վարդան զորավարը և ութ մեծամեծ նախարարներ զոհվում են։ Ճակատամարտն ավարտվում է երեկոյան։ Հայոց զորքից զոհվում է 1036 զինվոր, իսկ պարսիկներից 3544։ 

Ավարայրի ճակատամարտը հաղթանակ էր ընդդեմ բռնակալության, դավանափոխության և մահվան։ Վարդանանց նահատակության գնով Հայաստանը պահպանում է իր ներքին ինքնուրույնությունը, իսկ ժողովուրդը՝ քրիստոնեությունը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s