Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝
- Ներկայացրե՛ք Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագրի հիմնական հոդվածները։ Ո՞րն էր Հայկական հարցի էությունը։ Արևմտահայ ազգային-քաղաքական ուժերն ի՞նչ գործունեություն ծավալեցին Հայկական հարցի լուծման համար։
1878 թ. փետրվարի 19-ին կնքվեց ռուս-թուրքական հաշտությունը Կ. Պոլսից ոչ հեռու գտնվող Սան Ստեֆանո ծովափնյա ավանում՝ հայ մեծահարուստ Առաքել Դադյանի ամառանոցում: Ռուսաստանին էին անցնում Կարսի, Կաղզվանի, Օրթիի, Արդահանի, Ալաշկերտի և Բայազետի գավառները, Սև ծովի առափնյա շրջանները՝ Բաթում նավահանգստով: Էրզրումը և Բասենը վերադարձվում էին Օսմանյան կայսրությանը:
Սան Ստեֆանոյի պայմանագրում արծարծվեց նաև XIX դ․ երկրորդ կեսի հայ հասարակական-քաղաքական կյանքի հիմնական առանցքը կազմող Հայկական հարցը։ Այն, Արևելյան հարցի բաղկացուցիր մաս լինելով, այդ ժամանակաշրջանում վերաբերում էր արևմտահայության ազատագրության կամ ինքնավարության խնդրին։
Սան Ստեֆանոյի պայմանագրում տեղ գտան Հայաստանին և հայերին վերաբերվող առանձին հոդվածներ և ձևակերպումներ, որոնց դրույթները մասամբ էին համընկնում հայերի առաջադրած պահանջներին: 16-երորդ հոդվածով Բարձր դուռը պարտավորվում էր Արևմտյան Հայաստանում ռուսների գրաված և կրկին Թուրքիային վերադառձնելիք գավառներում անհապաղ բարեփոխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից: 25-րդ հոդվածն իրավունք էր տալիս ռուսական զորքերին 6 ամիս ժամկետով մնալու Հայաստանում: 27-րդ հոդվածով Թուրքական կառավարությունը պարտավորվում էր չհալածել պատերազմում ռուսներին աջակցած քրիստոնյաներին:
Պայմանագրում կային շատ անորոշություններ. ըստ 16-րդ հոդվածի ստացվում էր, որ Օսմանյան կայսրությունում հայերի հալածանքների մեղավորները ոչ թե թուրքական իշխանություններն են, այլ քրդերն ու չերքեզները: Նման ձևակերպումը ոչ թե կերաշխավորեր հայերի անվտանգությունը, այլ կսրեր նրանց հարաբերությունները հարևանների հետ:
- Ներկայացրե՛ք հայ հասարակական շրջանակների և հայկական պատվիրակության գործունեությունը։ Համեմատե՛ք Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերում Հայաստանին և հայերին վերաբերող հոդվածներն ու ձևակերպումները։ Ո՞ր գավառներից կազմվեց Կարսի մարզը։
Բալկաններում և Արևելքում Ռուսաստանի դիրքերի ամրապնդումն առաջացրեց առաջին հերթին Մեծ Բրիտանիայի և Ավստրո-Հունգարիայի դժգոհությունը: Նրանք պահանջեցին կնքված պայմանագրի կետերն ամբողջությամբ համաձայնեցնել իրանեց հետ, հակառակ դեպքում սպառնում էին պատերազմով: Ռուսական կառավարությունը տեղի տվեց համաձայնելով հարցը քննարկել մեծ տերությունների հետ: Որոշվեց Գերմանիայի կանցլեր Օտտո Բիսմարկի նախագահությամբ Բեռլինում գումարել վեհաժողով:
Հայկական հարցի միջազգայնացնումն աշխուժություն առաջացրեց հայ հասարակական շրջանակներում: Նույնիսկ առաջադրվեցին անկախ հայրենիքի կառավարիչների թեկնածություններ: Բարձր դուռը փորձում էր իր հսկողության տակ վերցնել հայերի գործողությունները: Սուլթանը հայոց պատրիարքին նույնիսկ առաջարկում է պատվիրակություն ուղարկել վեհաժողով: Այդ քայլով նա ցանկանում է հայկական պահանջները հարկադրել բուլղարների շահերին և դրանով խառնել Ռուսաստանի ծրագրերը: Հայոց պատրիարքը որոշում է առիթն օգտագործել և հայերի պահանջները ներկայացնել վեհաժողովին:
Ազգային գործիչ Գրիգոր Օտյանի առաջարկությամբ Եվրոպա մեկնող պատվիրակությունը գլխավորում է Մկրտիչ Խրիմյանը: Պատվիրակությունը կազմում էին Մինաս Չերազը, Մինաս Փափազյանը և Խորեն Նարբեյը: Հոգևոր գործիչ Խորեն Նարբեյը մեկնում է Սանկտ Պետերբուրգ ռուսական արքունիքի հետհայերի պահանջները համաձայնեցնելու համար:
Վեհաժողովի նախօրյակին՝ մայիսի 25-ին, կնքված անգլո-թուրքական գաղտնի համաձայնագրով Մեծ Բրիտանիան Թուրքիայից ստացավ Կիպրոս կղզին՝ փոխարենը խոստանալով պաշտպանել թուրքական պահանջները։
1878 թ․ հունիսի 1-ին Բեռլինում սկսված վեհաժողովը ընթացավ առանց հայերի մասնակցության։ Անտեսելով Սան-Ստեֆանոյի պայմանագրում Հայկական հարցի մոտեցումները՝ Բեռլինի վեհաժողովում Հայաստանի ինքնավարության ծրագիրը լիովին մերժվում է։ Պայմանագրի 61-երորդ հոդվածը ևս թուրքական կառավարությանը պարտավորեցնում էր հայերի համար բարեփոխումներ անցկացնել և ապահովել նրանց անվտանգությունը: Բայց բարեփոխումների իրագործման հսկողությունն այժմ, բացի Ռուսաստանից, դրվում էր նաև վեհաժողովի մասնակից մյուս տերությունների վրա։ Դա վերջիններիս հնարավորություն է տալիս միջամտելու Թուրքիայի ներքին գործերին։
Քանի որ Ռուսաստանն իր զորքերն անհապաղ դուրս էր բերելու գրաված տարածքներից, ոչ մի երաշխիք չէր մնում բարեփոխումների կենսագործման համար: Բեռլինի պայմանագրում Հայաստան անունը փոխարինվել էր հայաբնակ մարզեր բառակապակցությամբ: Ալաշկերտն ու Բայազետը վերադարձվեցին Օսմանյան կայսրությանը: Ռուսաստանին էր մնում միայն Կարսը՝ շրջակա գավառներով: Կարս բերդաքաղաքը շուտով դարձավ նորաստեղծ Կարսի մարզի կենտրոնը, դրա մեջ մտան Կարսի, Արդահանի, Կաղզվանի և Օլթիի գավառները:
- Ի՞նչ դասեր քաղեցին հայերը Բեռլինի վեհաժողովից։ Ինչու՞ էին մեծ տերությունները ժամանակ առ ժամանակ հանդես գալիս Հայկական հարցի ջատագովներ։
Վեհաժողովի որոշումները խոր հիասթափություն առաջացրին հայության մեջ: Խրիմյանն ու Չերազը վեհաժողովի վերջին օրը՝ հուլիսի 1-ին, բողոք ներկայացրին մեծ տերություններին: Խրիմյան Հայրիկը վեհաժողովը պատկերավոր ձևով նմանացրեց հարիսայի ճաշկերույթի, որին երկաթե շերեփներով ներկայացած մասնակիցները կարողանում էին տանել իրենց բաժինը։ Բայց քանի որ ինքը միայն թղթե շերեփ ուներ, այն մնաց հարիսայի մեջ, և ինքը ստիպված էր ձեռնունայն վերադառնալ։ Խրիմյանը և բազմաթիվ այլ գործիչներ Բեռլինից հետո հասկացան, որ օտար տերությունների հետ իրենց հույսերը կապելու փոխարեն անհրաժեշտ է կազմակերպել սեփական ժողովրդի զինված ազատագրական պայքարը: Խրիմյան Հայրիկը կոչ է անում հայությանը:
Մեծ տերությունները բազմիցս հանդես եկան հայկական բարեփոխումնեն իրականացնելու պահանջներով՝ նպատակ ունենալով Թուրքիայից զիջումներ կորզելու իրենց օգտին: Սուլթանական կառավարությունն օտար երկրների միջամտումից ազատվելու համար նախընտրեց Հայկական հարցի լուծման ուրույն ուղի՝ հայերին ցեղասպանելու քաղաքականությունը: