Posted in Պատմություն 9

Փետրվարի 15-19

Առաջադրանք.
1. Համեմատե՛ք հայոց երկու մեծ տիրակալներին՝ Արգիշտի 1-ինին և Տիգրան Մեծին:

Գրեթե Հայկական ամբողջ լեռնաշխարհը միավորելով Վանի թագավորության մեջ՝ Արգիշտի Ա-ն հետևողականորեն վարել է անհնազանդ ցեղային իշխանությունների կենտրոնախույս ձգտումները ճնշելու քաղաքականություն, թուլացրել է նրանց ուժերը, հարկերի ու պարտավորությունների ենթարկել, նրանց տիրույթներում ռազմական հենակետեր ստեղծել, վերաբնակեցրել իր տիրապետության տակ եղած այլ վայրերում (ըստ Խորխորյան տարեգրության, ավելի քան 200 հազար մարդու:

Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։


2. Ներկայացրե՛ք Տիգրան Մեծի տերության սահմանները

Հսկայական, ահռելի, իզուր չե, որ անվանել են ծովից- ծով Հայաստան: Նա բավական կարճ ժամանակաշրջանում ստեղծեց մի պետություն որի ափերը ողողում էին Միջերկրական, Սև, Կասպից, Կարմիր և Բաբելոնի ծովերը ինչպես նաև Հնդկական Օվկիանոսը: Նրա տերությունը ընդգրկում էր 15 պետություններ՝ Վիրք, Աղվանք,Կապոդովկիա, Կոմմագենե, Օսրոյենե, Միգդոնիա, Ադիաբենե, Ատրպատական, Ասորիք, Պարթևական թագավորություն, Նաբեթեացիների թագավորություն, Քարակենե, Էլյումայիս, Պարսքի թագավորություն, Հրեաստան:

Posted in Պատմություն 9

Փետրվարի 8-12

1. Նկարագրե՛ք Երվանդ Սակավակյացի թագավորության սահմանները.
Երվանդ Սակավակյացի թագավորւթյան սահմանները հյուսիսարևելքում հասնում էին Կուր գետ, հյուսիսարևմուտքում սև ծով, արևելքում Մարաստան, իսկ հարավում Հյուսիսային միջագետք:

2. Ներկայացրե՛ք Արտաշես 1-ինի՝ հայկական հողերի միավորման գործընթացը.
Արտաշես 1-ինի գլխավոր խնդիրներից էր ետ բերել Մեծ Հայքից անջատված տարածքները:Նա վերագրավեց Մարաստանից, Վրաստանից, Պոնտոսից մի փոքր ուշ Սելևկյան տերությունից և Մեծ Հայքին վերամիավորեց անջատված շրջանները:Արտաշես 1-ինը Մեծ Հայքի թագավորության մեջ միավորեց հայկական տարածքների մեծ մասը:Իսկ Ծոփքի թագավոր Զարեհի մահվանից հետո Արտաշեսը փորձում է գրավել նաև Ծոփքի թագավորությունը, սակայն նրան դա չի հաջողվում նրա թոռ Տիգրան II Մեծը իրականացնում է այդ ծրագիրը:

3. Ի՞նչ բարենորոգումներ է իրականացրել Արտաշես 1-ինը: Որո՞նք էին դրանց նշանակությունը
Արտաշես 1-ինը բանակը բաժանում է չորս սահմանակալ զորավարությունների՝ ըստ աշխարհի չորս կողմերի:Մեծ Հայքի տարածքը բաժանեց 120 գավառների և կարգավորեց երկրի կառավարման համակարգը:Իր օրոք մեծ զարգացում ապրեց երկրի տնտեսությունը:Ինչպես Խորենացին էր ասում՝ Արտաշեսի օրոք անմշակ հող չէր մնացել:Հողային բարեփոխման հետ են կապվում նաև սահմանաքարերը, որոնց վրա կան արամեատառ արձանագրություններ:Արտաշեսն ամրապնդում է թագավորական նախնիների պաշտամունքը:Արտաշեսը ճշգրտեց օրացույցը, բարեփոխեց տոմարը, գետերի և լճերի վրա հաստատեց նավարկություն և իրականացրեց շատ այլ բարենորոգումներ:Նաև կառուցվեցին ճոխ ապարանքներ, տաճարներ, թատրոն և այլ տարբեր շինություններ:Այդ ամենի նշանակությունը այն է, որ Արտաշես 1-ինը իր այս մեծագործությունների համար փառաբանվել է ժողովրդավարական երգերում, նրան մեծարել են Մեծ, Աշխարհակալ և Բարեպաշտ պատվանուններով:Նրան են նվիրված <<Արտաշես և Սաթենիկ>> <<Արտաշես և Արտավազդ>> և <<Երվանդ և Արտաշես>> ասքերը:Ըստ Մովսես Խորենացու Արտաշեսի հողարկավորության ժամանակ սգում էր ամբողջ հայ ժողովուրդը:

Posted in Պատմություն 9

Փետրվարի 1-5

Թեմա 1. Հայկական լեռնաշխարհը.

Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաները

Պոնտական լեռնաշղթա – Գտնվում է հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմուտքում։ Եզերվում է հյուսիսից Կովկասյան լեռների ստորոտներով Սև ծովից ձգվում է մինչև Կասպից ծով։
Հայկական Պար լեռնաշղթա – Գտնվում է հայկական լեռնաշխարհի կենտրոնական հատվածում։ Այն լեռնաշխարհը բաժանում է  հյուսիսային և հարավային մասերի։ Այն արևելքից սկիզբ է առնում Արարատ սարից։
Տավրոսյան լեռնաշղթա – Գտնվում է փոքրասիական բարձրավանդակի հարավում։

Լեռնագագաթները

Մեծ Արարատ – Ծովի մակարդակից բարձր է 5165մ։
Փոքր Արարատ – Ծովի մակարդակից բարձր է 3925մ։
Արագած – Ծովի մակարդակից բարձր է 4090մ։

Գետերը

Եփրատ, Տիգրիս, Արաքս, Ճորոխ, Կուր, Ախուրյան, Հրազդան, Որոտան։

Լճերը

Սևան – Նախկինում անվանել են Գեղամա/Գեղարքունյաց ծով։ Բավականին քաղցրահամ է և ունի բուսական ու կենդանական աշխարհ։
Վան – Նախկինում Նաիրի երկիր կամ Բզնունյաց ծով։ Աղի է և ունի միայն տառեխ ձկնատեսակ։
Ուրմիա – Նախկինում անվանել են Կապուտան ծով։ Շատ աղի է և չունի բուսական, կենդանական աշխարհ։

Մեծ Հայքի 15 նահանգները

Այրարատ, Գուգարք, Տայք, Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք, Տարուբերան, Վասպուրական, Ուտիք, Արցախ, Սյունիք, Մոկք, Կորճայք, Պարսկահայք և Փայտակարան։

Թեմա 2. Վանի Աշխարհակալ տերությունը.

Վանի տերության սահմանները Արգիշտի I-ի օրոք

Արգիշտի I-ի օրոք (Ք․ա․ 786-764 թթ․) Վանի թագավորությունն ընդգրկում էր Ուրմիա լճի հարավային ափերից մինչև Ջավախք գավառն ընկած տարածքը, Սևանա լճի ավազանից և Կուր գետից մինչև Մելիտեա և Թաբալ երկրները, Մասիուս և Կորդվաց լեռներից մինչև Ճորոխի ավազանը։

Վանի տերության սահմանները Սեպուհ II-ի օրոք

Սեպուհ II-ի օրոք (Ք․ա․ 764-735 թթ․) նրա տիրապետությունը հասնում էր Սև ծով՝ ներառելով Կուլխա երկիրը։ Տերության հյուսիսարևելյան սահմանը հասնում էր Կուր գետին։ Արևելքում տերության սահմանը հասնում էր Կասպից ծով, իսկ արևմուտքում՝ Փոքր Ասիա։

Posted in Պատմություն 9

Դեկտեմբերի 7-11

1.Հայաստանի խորհրդայնացումից հետո իշխանության ի՞նչ մարմիններ ստեղծվեցին:

Հայաստանում հռչակված խորհրդային իշխանությունը գործում էր հեղափոխական կոմիտեների միջոցով։ Հայաստանի Ռազմհեղկոմը, դեկտեմբերի սկզբներին ժամանելով Երևան, ամբողջ իշխանությունը վերցրեց իր ձեռքը։ Հեղկոմներ ստեղծվեցին ամբողջ երկրում։ Դրանք օրենսդիր և գործադիր մարմիններ էին։ Վերացվեց հին պետական համակարգը, և ստեղծվեց նորը, կազմավորվեցին գավառային և շրջանային, ինչպես նաև գյուղական հեղկոմներ։ Հին դատական համակարգին փոխարինելու եկան «ժողովրդական դատարանները» և «հեղափոխական տրիբունալը»։ Վերացվեցին Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքները, որոնց փոխարինեց Խորհրդային Ռուսաստանի օրենսդրությունը։ Հեղկոմները գոյատևեցին շուրջ մեկ տարի, որից հետո նրանց փոխարինեցին ընտրովի խորհուրդները։ Խորհրդային իշխանությունը չուներ սոցիալական լայն հենարան և իր ամրապնդման համար այլախոհների նկատմամբ դիմեց բռնության։ Հայաստանում կրկնվում էր Խորհրդային Ռուսաստանի փորձը։ Առաջին զանգվածային բռնությունները տեղի ունեցան նոր իշխանության հաստատումից անմիջապես հետո։ Դրանք կիրառվեցին Դաշնակցություն կուսակցության, պառլամենտի ու նախկին կառավարության անդամների և բանակի սպայության նկատմամբ։ Ծառայությունից ազատվեց և Հայաստանից հեռացվեց բանակի հրամանատար Դրոն։

2. Ներկայացրե՛ք Խորհրդային Հայաստանի դիվանագիտական կապերը:

Խորհրդային Հայաստանը չեղյալ հայտարարեց նախկին իշխանության պայմանագրերը և նոր հիմունքներով մի շարք երկրների հետ հաստատեց դիվանագիտական կապեր։ Հայաստանի լիազոր-ներկայացուցչություններ հաստատվեցին Խորհրդային Ռուսաստանում, Վրաստանում, Ուկրաինայում և Ադրբեջանում։ Մոսկվայի հայկական ներկայացուցչության միջոցով աշխատանք էր տարվում Հայաստանին տնտեսական և այլ կարգի օգնություն կազմակերպելու համար։ Հյուպատոսություններ էին գործում Սուխումում, Բաթումում, Վլադիկավկազում, Տաշքենդում։ Հայաստանը կապեր ուներ իր անմիջական հարևաններ Պարսկաստանի և Թուրքիայի հետ։ Դժվարություններ գոյություն ունեին Թուրքիայի հետ հարաբերություններում, որի զորքերը շարունակում էին գտնվել Ալեքսանդրապոլում։ 1922թ. հանրապետության ներկայացուցիչը Ռուսաստանի պատվիրակության կազմում մասնակցեց Ջենովայի կոնֆերանսին, իսկ ռուս-գերմանական պայմանագրով Գերմանիան ևս ճանաչեց ՀԽՍՀ-ը։ Մի շարք երկրների հետ գոյություն ունեին տնտեսական-առևտրական կապեր։ Առևտրական պայմանագիր էր կնքվել Պարսկաստանի Մակուի խանության հետ, որտեղից գնվում էր հացահատիկ։ Կոստանդնուպոլսում Հայաստանի ներկայացուցչի միջոցով տնտեսական կապեր էին հաստատվել Եվրոպայի և Ամերիկայի հայկական համայնքների հետ։ Հայաստանում գործում էր իտալական «Սագո» ընկերությունը։ Շարունակվում էր Մերձավոր Արևելքում Օգնության ամերիկյան կոմիտեի նպաստը հայ ժողովրդին։ 1921թ. մարդասիրական օգնություն կազմակերպեց նաև Անգլիական օգնության կոմիտեն։ Նրա միջոցներով Միջագետքից Հայաստան փոխադրվեցին հայ գաղթականների խոշոր խմբեր։ Հայաստանի արտաքին, ինչպես նաև ներքին քաղաքականության մեջ աստիճանաբար ուժեղանում էր Խորհրդային Ռուսաստանի ազդեցությունը։

Posted in Պատմություն 9

Նոյեմբերի 30-դեկտեմբերի 4

1. ՀՀ հարաբերությունները Խորհրդային Ռուսաստանի հետ՝ 1918-20թթ․:

Ռուսական կայսրության կործանումից և Հայաստանի անկախության հռչակումից հետո բավականին բարդ հարաբերություններ ստեղծվեցին Ռուսաստանի հետ։ 1917թ. Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսաստանում առաջացել էին երկու հակադիր ուժեր, որոնք քաղաքացիական կռիվներ էին մղում իրար դեմ։ Դրանցից մեկը Խորհրդային Ռուսաստանն էր։ Նա պայքարում էր խորհրդային սոցիալիստական կարգերը ամբողջ Ռուսաստանում հաստատելու համար։ Խորհրդային Ռուսաստանին այլ կերպ կոչում էին «կարմիրներ»։ Մյուս կողմը հին` բուրժուական համարվող կարգերի պահպանման կողմնակից ուժերն էին, որոնք չէին ընդունում բոլշևիկյան կարգերը։ Նրանց կոչում էին «սպիտակներ»։ Ռուսաստանի հարավային և արևելյան շրջաններում ստեղծվեցին մի շարք ոչ խորհրդային պետական կազմավորումներ` Կուբանի, Թերեքի, Դոնի, Ղրիմի, Սիբիրի և այլն։ Սրանց ղեկավարում էին նախկին ցարական գեներալներ։ Նորանկախ Հայաստանի կառավարությունը ի սկզբանե չկարողացավ նորմալ հարաբերություններ հաստատել «կարմիրների» հետ։ Դրա հիմնական պատճառն այն էր, որ Հայաստանի իշխանությունները չէին ընդունում խորհրդային վարչաձևը։ Խորհրդային կառավարությունն էլ ցանկություն չուներ ճանաչելու Հայաստանի անկախությունը։ Դրան հակառակ բավականին սերտ հարաբերություններ հաստատվեցին Ռուսաստանի հարավի և Սիբիրի ոչ խորհրդային պետական կազմավորումների հետ։ Հայաստանն այնտեղ դիվանագիտական ներկայացուցչություններ բացեց։ Հայաստանը նյութական որոշակի օգնություն ստացավ ոչ խորհրդային պետական կազմավորումների ու հատկապես գեներալ Ա. Դենիկինի գլխավորած Հյուսիսային Կովկասի կառավարությունից։ Լավ կապեր էին հաստատվել նաև Ուկրաինայի, Սիբիրում` ծովակալ Ա. Կոլչակի կառավարության հետ։ Հայ-ռուսական հարաբերությունների այս վիճակը շարունակվեց մինչև 1920թ. սկզբները։

2. Ռուս-թուրքական մերձեցման պատճառները 1920թ.:

1919թ. կեսերից սկսված քեմալական շարժման նպատակն էր պայքարել Անտանտի երկրների դեմ` պահպանելու Թուրքիայի տարածքային ամբողջականությունը։ Քեմալականները խնդիր էին դրել ուժի միջոցով հակազդել Փարիզի կոնֆերանսին և թույլ չտալ տարածքային որևէ զիջում։ Ավելին, նրանք նպատակ ունեին բռնազավթել արևելահայ տարածքները և ոչնչացնել հայոց պետականությունը։ 1920թ. հունվարին թուրքական խորհրդարանը մշակեց թուրքերի տարածքային պահանջների «Ազգային ուխտ» անվամբ մի փաստաթուղթ։ Ազգային ուխտի համաձայն` Թուրքիայի սահմանների մեջ էին մտնելու ոչ միայն արևմտահայ բոլոր նահանգները, այլև արևելահայ` Կարսի և Արդահանի շրջանները։ Քեմալականները վճռական էին հայերին ոչ մի թիզ հող չզիջելու հարցում: 1920թ. գարնանը թուրք ազգայնականները Անկարայում, Կ. Պոլսի սուլթանական կառավարությունից անկախ, ստեղծեցին առանձին կառավարություն Մ. Քեմալի գլխավորությամբ և մերձենալու ու բարեկամանալու առաջարկ արեցին Խորհրդային Ռուսաստանի կառավարությանը։ Աշխարհամարտից թուլացած Թուրքիան ակնկալիք ուներ Ռուսաստանից ստանալ տնտեսական և ռազմական օգնություն: Խորհրդային Ռուսաստանը քանի որ պայքարում էր Անտանտի տերությունների դեմ, միաժամանակ Անտանտի դեմ պայքարի դրոշով էին հանդես գալիս նաև քեմալականները, ուստի այստեղ նրանց քաղաքական շահերը համընկնում էին։ Այդ հիման վրա տեղի ունեցավ Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցում։ 1920թ. ամռանը Մոսկվայի հայ-ռուսական բանակցություններին գրեթե զուգահեռ բանակցություններ ընթացան նաև Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունների միջև։ Այդ բանակցությունների արդյունքում օգոստոսի 24-ին ստորագրվեց ռուս-թուրքական մերձեցման նախնական պայմանագիր։ Ռուսաստանը ճանաչում է թուրքերի «Ազգային ուխտը», որն իր սուր ծայրով ուղղված էր Սևրի պայմանագրի դեմ: Դրանից հետո Ռուսաստանը սկսեց օգնել թուրքերին դրամով, զենքով ու զինամթերքով։ Իսկ թուրքերն այդ օգնությունը իրականում օգտագործեցին ոչ թե Անտանտի տերությունների, այլ հույների, ասորիների դեմ։ Հայաստանի Հանրապետությունը հայտնվեց Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի։ Ադրբեջանը դարձավ կապող օղակ Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Բաքվում մշակվեց Հայաստանի վրա հարձակման և խորհրդայնացման ծրագիր, որում գլխավոր դերակատարը լինելու էր քեմալական Թուրքիան: Դրանով հող նախապատրաստվեց Հայաստանի վրա հարձակման համար։ 1920թ. աշնանը Հայաստանի Հանրապետությունը կանգնեց թուրքական ներխուժման վտանգի առաջ։

3. Ալեքսանդրապոլի պայմանագիրը:

1920թ. նոյեմբերի 23-ին հրաժարական տվեց Հ. Օհանջանյանի բյուրո-կառավարությունը, և կազմվեց Ս. Վրացյանի կոալիցիոն կառավարությունը՝ էսէռների մասնակցությամբ, որն էլ անմիջապես սկսեց հաշտության բանակցությունները թուրքերի հետ։ Նոյեմբերի 25-ին Ալեքսանդրապոլում սկսվեցին հաշտության բանակցությունները։ Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր Ալ. Խատիսյանը, իսկ թուրքականը՝ նրանց զորքերի հրամանատար Քյազիմ Կարաբեքիր փաշան։ Նոյեմբերի 30-ին Հայաստանին ներկայացրեց վերջնագիր։ Հաշվի առնելով հայ ժողովրդի գլխին կախված թուրքական մահացու վտանգը՝ Հայաստանի կառավարությունը իր գոյության մայրամուտին` դեկտեմբերի 1-ին, հարկադրված ընդունեց թուրքական պայմանները։ Եվ 1920թ. դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ալ. Խատիսյանը ստորագրեց Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը։ Սակայն մինչ այդ, դեկտեմբերի 2-ին, ՀՀ կառավարությունը արդեն հրաժարական էր տվել, հետևաբար հայկական պատվիրակության ստորագրությունը չուներ իրավական ուժ։ Այդուհանդերձ, փաստը կատարվել էր, և Հայաստանին էր պարտադրվել մի ծանր պայմանագիր։ Թուրքիայի պարտադրանքով Հայաստանը հրաժարվում էր Սևրի դաշնագրից։ Պայմանագրով Թուրքիային էին անցնում Կարսի մարզը և Սուրմալուի գավառը։ Նախիջևանի մարզը նույնպես անցավ Թուրքիայի հովանու տակ, որը շուտով հանձնվեց Ադրբեջանին։ Հայ-թուրքական պետական սահմանը դարձան Ախուրյան և Արաքս գետերը։ Պայմանագրի համաձայն Հայաստանին թույլատրվում էր ունենալ խիստ սահմանափակ թվով զինուժ։

Posted in Պատմություն 9

«Բառբառներ» ակումբի պարապմունք

Նոյեմբերի 26-ին Ավագ դպրոցի ընթերցասրահում տեղի ունեցավ «Բառբառներ» ակումբի երկրորդ պարապմունքը, որին ներկա էին Ավագ դպրոցի սովորողներ և դասավանդողներ, ինչպես նաև արցախցի մեր ընկերները ։ Պարապմունքի ընթացքում Վարդան Կարապետյանը և Աննա Երիցյանը ներկայացրեցին իրենց ծննդավայրերի՝ Սյունիքի և Տավուշի բարբառները։ Վարդան կարապետյանը արմատներով Սյունիքից է՝ Գորիսի Կոռնիձոր գյուղից, և ներկայացնում էր Սյունիքի, մասնավորապես իր գյուղի բարբառը, իսկ Աննա Երիցյանը արմատներով Տավուշից է՝ Բերդի տարածաշրջանի Արծվաբերդ գյուղից, և ներկայացնում էր Տավուշի, մասնավորապես իր գյուղի բարբառը։

Քանի որ պարապմունքը նվիրված էր սեբաստացու օրերին և ներկայացվում էր մեր կրթահամալիրի ունեցած կրթական կապերը Սյունիքի և Տավուշի հետ, ընկեր Վարդանը և ընկեր Աննան ներկայացրեցին վերջին երեք տարիներին դեպի Սյունիք և Տավուշ իրականացրած իրենց ճամփորդությունները և դրանց արդյունքում ունեցած ձեռքբերումները: Նրանք նաև կարդացին Տավուշի և Սյունիքի բարբառային մի շարք բառեր, որոնք բավականին շատ նմանություններ ունեին։ Պարապմունքի մասնակից արցախցի սովորողները նույնպես ներկայացրեցին իրենց բարբառը, արցախյան բարբառով կարդացին հետաքրքիր օրհնանքներ, իսկ վերջում ասմունքեցին նորից արցախյան բարբառով։

Շատ հետաքրքիր պարապմունք էր, որը, կարծում եմ շարունակական կլինի և մենք կրկին մասնակից կլինենք նման շատ հանդիպում-քննարկումների:

Posted in Պատմություն 9

Նոյեմբերի 23-27

1. Ներկայացրե՛ք Հայաստանի հարաբերությունները հարևան երկրների հետ 1918-20թթ.:
Հայ ­-վրացական հարաբերությունները
1918թ. Վրաստանի և Հայաստանի անկախության հռչակումից հետո տարածքային-սահմանային վեճ ծագեց նրանց միջև, որի պատճառը դեռևս ցարիզմի ժամանակներում կատարված վարչատարածքային անարդար բաժանումն էր։ Նորահռչակ Վրաստանի Հանրապետությունը ամեն կերպ ձգտում էր իր սահմանների մեջ ներառել հայաբնակ Լոռի ու Ախալքալաք գավառները։ Հայաստանի կառավարությունը ջանում էր հարցը լուծել բանակցությունների միջոցով։ Սակայն սահմանային այդ վեճը 1918թ. դեկտեմբերին վերաճեց հայ-վրացական զինված ընդհարման` պատերազմի։ Երբ վրաց իշխանությունները սկսեցին բռնություններ գործադրել տեղի հայության նկատմամբ, հայկական զորամասերը մտան Լոռի, հաղթանակ տարան վրացիների նկատմամբ և իրենց հսկողության տակ առան գավառամասը։ Հալածանքի ու հետապնդումների ենթարկվեցին Վրաստանում ապրող հայերը։ Պատերազմը տևեց շուրջ երեք շաբաթ: Խնդրին միջամտեցին Անտանտի` Անգլիայի և Ֆրանսիայի զինվորական ներկայացուցիչները։ 1919թ. հունվարին կողմերի միջև կայացվեց համաձայնություն։ Լոռին հայտարարվեց «չեզոք գոտի»։ Կարճ ժամանակամիջոցում բարելավվեցին հայ-վրացական հարաբերությունները։ 1921թ. Ախալքալաքի գավառը կցվեց Վրաստանին, իսկ Լոռին միացվեց Հայաստանին։

Հայ­ – ադրբեջանական հարաբերությունները
Ադրբեջանի հետ հարաբերությունները բարդ էին։ Ադրբեջանը ձգտում էր նվաճել Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը, Շարուր-Նախիջևանը և այլ տարածքներ։ Այդ խնդրում Ադրբեջանին աջակցում էին Անգլիան և Թուրքիան, իսկ 1920թ. գարնանից` նաև Խորհրդային Ռուսաստանը։ 1918թ. վերջին անգլիացիների միջամտությամբ կասեցվեց Անդրանիկի զորախմբի առաջխաղացումը դեպի Շուշի ու Արցախ։ Անգլիական հրամանատարության աջակցությամբ Արցախ-Զանգեզուրի նահանգապետ նշանակվեց թուրք ջարդարար Խոսրով բեկ Սուլթանովը։ Արցախ-Սյունիքի հայությունը չճանաչեց Ադրբեջանի գերիշխանությունը և զենքը ձեռքին պայքարի ելավ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձգտում էր խաղաղ միջոցներով լուծել Ադրբեջանի հետ ունեցած վիճելի հարցերը։ Սակայն բանակցությունները արդյունք չտվեցին։ Մեծ տերությունները, շահագրգռված լինելով Բաքվի նավթով, ավելի հաճախ ճնշում էին գործադրում Հայաստանի վրա, որպեսզի նա զիջումներ անի Ադրբեջանին։ Հայաստանի կառավարությունը անում էր հնարավորինը պաշտպան կանգնելու արցախահայության արդար դատին։ Շուշիի հայությունը 1920թ. մարտին ենթարկվեց ջարդի: Զոհվեց մոտ 8 հազար հայ: Հայաստանի կառավարության որոշմամբ Դրոյի զորախումբը մտավ Ղարաբաղ։ Ապրիլի 25-ին որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղը վերամիավորել Հայաստանի Հանրապետությանը։ Իրադրությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում կտրուկ փոխվեց, երբ մի քանի օր անց` ապրիլի 28-ին խորհրդայնացվեց Ադրբեջանը։ Դրանից հետո վերջինիս սկսեց պաշտպանել Խորհրդային Ռուսաստանը։ Թուրք-թաթար-բոլշևիկ զինուժը ներխուժեց Ղարաբաղ, Զանգեզուր և Նախիջևան։ Ադրբեջանը տիրեց Լեռնային Ղարաբաղին։ 1921թ. հուլիսին, Խորհրդային Ռուսաստանի բարձրագույն իշխանությունների թողտվությամբ Լեռնային Ղարաբաղը, ինքնավար մարզի կարգավիճակով, բռնակցվեց Ադրբեջանին։ 1919թ. կեսերին անգլիացիների օգնությամբ Նախիջևանի գավառը պաշտոնապես միացվեց Հայաստանի Հանրապետությանը։ Սակայն տեղի թաթարները Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների աջակցությամբ ապստամբություն բարձրացրին ու հրաժարվեցին ճանաչել Հայաստանի իշխանությունը։ Շարուր-Նախիջևանի թաթարների շարունակական խռովությունների, ավերածությունների, թալանի հետևանքով երկրամասը գրեթե լիովին հայաթափվեց։ 1920թ. աշնանը Թուրքիան բռնազավթեց Նախիջևանի գավառը։ Իսկ 1921թ. Նախիջևանը հանձնվեց Խորհրդային Ադրբեջանին։ 1920թ. աշնանը ինքնապաշտպանական համառ կռիվների շնորհիվ լիովին ազատագրվեց Զանգեզուրը։

2. Ո՞րն էր Հայաստանի առաջին հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը: 
1918թ. հունիսի 4-ին Բաթումիի հաշտության պայմանագիրը կնքելուց հետո Հայաստանի Հանրապետությունը հայտնվել էր ծանր դրության մեջ։ 1918թ. ամռանը Հայաստանի պատվիրակությունը փորձ արեց բանակցել Քառյակ միության երկրների հետ` Բաթումի պայմանագիրը փոքր-ինչ մեղմելու նպատակով, բայց արդյունքի չհասավ։ Գերմանիան և Թուրքիան նույնիսկ մրցակցում էին իրար հետ, թե տարածաշրջանում ով ավելի մեծ ազդեցություն կնվաճի։ Հայաստանը իրավունք չուներ հարաբերվելու այլ պետությունների և հատկապես Անտանտի երկրների ու Ռուսաստանի հետ։ Այս վիճակը շարունակվեց մինչև 1918թ. վերջերը` Առաջին աշխարհամարտի ավարտը։ Անտանտը հաղթեց Քառյակ դաշինքին։ Պարտված Գերմանիան և Թուրքիան իրենց զորքերը դուրս բերեցին Անդրկովկասից։ Դրա շնորհիվ Հայաստանի Հանրապետության տարածքը ընդարձակվեց` հասնելով մինչև 70 հազար քառ. կմ-ի: Այժմ արդեն տարածաշրջանում ազդեցիկ դիրք գրավեց Անտանտի երկրներից Անգլիան։ Աշխարհամարտի ավարտից հետո Հայաստանի արտաքին քաղաքական վիճակը փոքր-ինչ բարելավվեց, և նա սկսեց ավելի ակտիվ արտաքին քաղաքականություն վարել։

3. Ծանոթացե՛ք Սևրի պայմանագրին վերաբերող փաստաթղթերը և ներկայացրե՛ք ձեր տեսակետը պայմանագրի մասին:

1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր կոչվող արվարձանում Անտանտի երկրները սուլթանական Թուրքիայի հետ կնքեցին հաշտության պայմանագիր։ Պայմանագրի 88-ից 93-րդ հոդվածները վերաբերում էին Հայաստանին։ Օսմանյան Թուրքիան պարտավորվում էր ճանաչել Միացյալ Հայաստանը։ Հայաստանին էին անցնելու Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները ոչ ամբողջությամբ` ընդամենը 90 հազար քառ. կմ, ելքով դեպի Սև ծով։ Անկախ Հայաստանի ընդհանուր տարածքը հանրապետության առկա 70 հազար քառ. կմ-ի հետ կազմելու էր 160 հազար քառ. կմ։ Հայ-թուրքական պետական սահմանը որոշելու էր ԱՄՆ-ի նախագահը, որն էլ նույն թվականի նոյեմբերին գծեց Միացյալ, Անկախ Հայաստանի քարտեզը։ Սակայն, հետագայումՍևրի պայմանագիրը մնաց թղթի վրա։ Քեմալականները չճանաչեցին սուլթանական կառավարության ստորագրած Սևրի պայմանագիրը։ Ֆրանսիան, Իտալիան, Անգլիան, աստիճանաբար երես դարձրին հայերից և մոռացության մատնեցին իրենց իսկ ստորագրած պայմանագիրը։ Ասպարեզում մնում էր միայնակ Հայաստանը, որը չուներ բավարար ուժ և կարողություն քեմալականներից ազատագրելու արևմտահայ նահանգները։ Մեծ տերությունների մեղքով հերթական անգամ ձախողվեց Հայկական հարցի լուծումը։

Posted in Պատմություն 9

Նոյեմբերի 16-20

1. Ներկայացրե՛ք Հայաստանի 1-ին հանրապետության քաղաքականկյանքը՝ համեմատելով այն ներկայիս Հայաստանի քաղաքականկյանքի հետ:

Հանրապետության քաղաքական կյանքի հիմնական դերակատարները կուսակցություններն էին։ Հայաստանում գործում էին մի շարք քաղաքական կուսակցություններ։ Դրանցից առավել աչքի էին ընկնում Դաշնակցությունը, Հայ ժողովրդական, Հայ ռամկավար, Սոցիալիստ-հեղափոխական, Սոցիալ-դեմոկրատ կուսակցությունները։ Այս կազմակերպությունների մի մասը պաշտպանում էր սոցիալիզմի գաղափարներ, իսկ մյուս մասը` ազատական արժեքներ: Բազմակուսակցական համակարգի ձևավորումը, անշուշտ, նպաստում էր երկրի ժողովրդավարացման գործընթացներին:

2. Ներկայացրե՛ք Մայիսյան ապստամբությունը՝ հետևյալպահանջներով.

աԱպստամբության նպատակը

1920թ. հունվարին մայիսյան ապստամբությունը սկսելով, Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների խորհրդաժողովը նպատակ ուներ արտաքին ու ներքին նպաստավոր պայմանների դեպքում ապստամբել և գրավել իշխանությունը։

բՂեկավարները

Ապստամբությունը ղեկավարելու համար ստեղծվեց Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե։ Հրամանատար կապիտան Սարգիս Մուսայելյանը նշանակվեց ապստամբական ուժերի ղեկավար։ Քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար որոշվեց ստեղծել ուժեղ ձեռքի կառավարություն։ Մայիսի 5-ին հրաժարական տվեց Ալ. Խատիսյանի կառավարությունը, նրա փոխարեն կազմվեց այսպես կոչված Բյուրո-կառավարություն։ Վարչապետ նշանակվեց Համազասպ Օհանջանյանը։ Նորաստեղծ կառավարությունը ձեռնարկեց մի շարք արտակարգ միջոցառումներ։ Արգելվեցին գործադուլները և ցույցերը։ Հիմնվեցին արտակարգ դատարաններ, սահմանվեց մահապատիժ և այլն։

գԿարևոր իրադարձությունները

Մայիսի 10-ին ՀՌՀԿ-ն Ալեքսանդրապոլում իշխանությունը վերցրեց իր ձեռքը, սակայն անվճռական գտնվեց, և մի քանի օր անց կառավարական ուժերը Սեպուհի հրամանատարությամբ ստիպեցին ապստամբներին անձնատուր լինել։ Ապստամբական թույլ բռնկումներ եղան նաև Կարսում, Սարիղամիշում, Նոր Բայազետում, Ղազախ-Շամշադինում և այլուր։ Այդ ելույթները նույնպես հեշտությամբ ճնշվեցին։ Գնդակահարվեցին մի շարք բոլշևիկ ղեկավարներ, իսկ մի քանի հարյուր ակտիվիստներ բանտարկվեցին։ Կասեցվեց նորաստեղծ Հայաստանի կոմունիստական կուսակցության գործունեությունը։ Բոլշևիկների մի մասն անցավ ընդհատակ, իսկ մյուս մասը հեռացավ Ադրբեջան, որպեսզի այնտեղից նախապատրաստեր իշխանությունը գրավելու նոր գործողություններ։

դՆշանակությունը /հետևանքները/

Մայիսյան ապստամբությունը պարտվեց։ Պարտության հիմնական պատճառն այն էր, որ ապստամբ բոլշևիկները բավարար աջակցություն չստացան ժողովրդի կողմից։ Ապստամբության ղեկավարները հույսը դրել էին դրսի` Կարմիր բանակի օգնության վրա, որը տեղի չունեցավ։ Ապստամբությունը ընթացավ անկազմակերպ, անջատ-անջատ, առանց միասնական ղեկավար կենտրոնի։ Այդուհանդերձ, չնայած Մայիսյան ապստամբությունը ճնշվեց, սակայն սասանեց կառավարության դիրքերը, ընկավ բանակի մարտունակությունը։

Posted in Պատմություն 9

Նոյեմբերի 9-13

1. Բաթումի պայմանագիրը

Հենց Հայաստանի անկախության հռչակման օրը` մայիսի 28-ին, Հայոց ազգային խորհուրդը որոշեց նոր պատվիրակություն ուղարկել Բաթում և հաշտություն կնքել թուրքերի հետ։ Նորանկախ Հայաստանի պատվիրակությունը գլխավորեց Ալ.
Խատիսյանը։ Մայիսի վերջին սկսվեցին հայ-թուրքական բանակցությունները։ Հունիսի 4-ին կնքվեց Բաթումի հաշտության պայմանագիրը Հայաստանի Հանրապետության և Օսմանյան Թուրքիայի միջև։ Պայմանագրի համաձայն` Հայաստանը ունենալու էր սահմանափակ թվով զորք։ Երկաթուղիների վերահսկողությունն անցնելու էր Թուրքիային, որպեսզի կարողանա Հայաստանի վրայով զորք տեղափոխել Ադրբեջան։ Հայաստանը պարտավորվում էր կազմալուծել հայկական ազգային անկանոն զորախմբերը։ Այսպիսով, Բաթումի պայմանագրով Թուրքիային էր անցնում ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Արևելյան Հայաստանի զգալի մասը` Կարսի մարզը և շուրջ 5 գավառ։ Հայաստանի Հանրապետությանը մնում էր ընդամենը 12 հազ. քառ. կմ տարածք, որն ընդգրկում էր Սևանա լճի ավազանը և Արարատյան դաշտի մի մասը։ Թուրքիան Արևելյան Հայաստանից խլում էր 28 հազ. քառ. կմ տարածք։ Բայց, մյուս կողմից, ճակատագրի հեգնանքով, սա անկախ Հայաստանի առաջին միջազգային փաստաթուղթն էր, որով Թուրքիան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Բաթումի պայմանագիրը, իր ուժը պահպանեց մինչև համաշխարհային պատերազմի ավարտը` 1918թ. նոյեմբերը։

2. Հայաստանի առաջին հանրապետության պետական կառուցվածքը

Իշխանության մարմինների ստեղծումը

Պետական շինարարության կարևորագույն օղակներից է գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների ձևավորումը: Կազմվեց անդրանիկ կառավարությունը։ 1918թ. հուլիսի երկրորդ կեսին, Հայոց ազգային խորհրդի անդամները, փոխադրվեցին մայրաքաղաք Երևան և անմիջապես անցավ գործի։ Կառավարության նախագահ ընտրվեց Հովհաննես Քաջազնունին (1868-1937)։ Արամ Մանուկյանը հսկայական կազմակերպչական աշխատանք էր կատարել։ Կառավարության ստեղծումից հետո խնդիր դրվեց ձևավորել բարձրագույն օրենսդիր մարմինը` խորհրդարանը։ Առաջին խորհրդարանի նախագահ ընտրվեց Ավետիք Սահակյանը‚ իսկ երկրորդինը` Ավետիս Ահարոնյանը։ ՀՀ-ն համարվում էր խորհրդարանական դեմոկրատական հանրապետություն, որտեղ բարձրագույն օրենսդիր իշխանությունը խորհրդարանն էր, իսկ բարձրագույն գործադիր իշխանությունը` կառավարությունը, որի նախագահը համարվում էր հանրապետության առաջին պաշտոնատար անձը։ Պետական իշխանության կայացման գործում կարևոր էր նաև դատական իշխանության ձևավորումը։ Սկզբում ժամանակավորապես պահպանվեցին Ռուսական կայսրության օրենքները, հետագայում սկսեցին արմատավորվել հայ ազգային-պետական ոգուն բնորոշ օրենքներ։Աշխարհամարտի ավարտից հետո, երբ ՀՀ տարածքը սկսեց ընդարձակվել, գավառների թիվն անցավ մեկ տասնյակից։ 1920թ. մայիսին, վարչական տեսակետից հանրապետության տարածքը բաժանվեց չորս նահանգների` Արարատյան, Շիրակի, Վանանդի և Սյունիքի։ 

Ազգային բանակի ստեղծումը

1918թ. ամռանը հայկական կորպուսը վերակազմավորվեց մեկ հետևակային դիվիզիայի, որի հրամանատար նշանակվեց գեներալ Մովսես Սիլիկյանը։ Հանրապետության առաջին ռազմական նախարարն էր գեներալ Հովհաննես Հախվերդյանը, իսկ հայոց բանակի գլխավոր հրամանատարը` գեներալ Թովմաս Նազարբեկյանը։ ՀՀ զինված ուժերը աստիճանաբար համալրվում էին թե՛ զորքով և թե՛ զինտեխնիկայով ու նյութատեխնիկական միջոցներով։ Բանակում կարևոր խնդիրներից էին նաև կարգապահության ամրապնդումը, մարտական ոգու բարձրացումը, մայրենի լեզվի արմատավորումը և այլն։ Այդ ուղղությամբ ևս զգալի աշխատանքներ կատարվեցին։ Սակայն ժամանակի պակասը և մի շարք աննպաստ հանգամանքներ հնարավորություն չտվեցին ավարտին հասցնել հայկական ազգային բանակի կայացումը։

Դիվանագիտական կապերի հաստատում

ՀՀ առաջին ճանաչողը եղավ Թուրքիան, սակայն կողմերի միջև անմիջական
հարաբերություններ չհաստատվեցին։ Հայաստանը մեկ-երկու տարվա ընթացքում դիվանագիտական կապեր հաստատեց աշխարհի շուրջ 40 պետությունների հետ։ 1920թ. հունվարին Անտանտի պետությունների Գերագույն խորհուրդը փաստորեն ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը։ Դիվանագիտական կապեր հաստատելով՝ Հայաստանի կառավարությունը նպատակ էր հետապնդում հասնել Հայաստանի միջազգային ճանաչմանը‚ դրանով նպաստ բերել Հայկական հարցի լուծմանը, օտար պետությունների հետ իրականացնել առևտրատնտեսական հարաբերություններ, ստանալ հումանիտար օգնություն և այլն։

Հայաստանի Հանրապետության պետա­կան խորհրդանիշները

Պետական դրոշ ընդունվեց եռագույնը` կարմիր (հայ ժողովրդի թափած արյունը), կապույտ (Հայաստանի ջինջ երկինքը) և ծիրանի (աշխատանքը) գույներով։ Պետական օրհներգ ճանաչվեց ազատության մեծ երգիչ Մ. Նալբանդյանի խոսքերի հիման վրա գրված «Մեր հայրենիք» հայրենասիրական երգը։ Հաստատվեց նաև զինանշանը, որի հեղինակներն էին
մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը։ Զինանշանի վրա պատկերված առյուծը և արծիվը գաղափարի իմաստով մարմնավորում էին երկու` Արևելյան և Արևմտյան Հայաստանները։ Այդ նշանակում էր, որ հայ ժողովուրդը երազանք
ուներ հասնելու երկու Հայաստանների միացմանը։ Հատուկ օրենքով սահմանվեցին ՀՀ պետական և ազգային-կրոնական տոները։ Կարգավորվեցին պետության և եկեղեցու փոխհարաբերությունները։ Մայրենին ստացավ պետական լեզվի կարգավիճակ։ Սահմանվեցին պետական շքանշաններ։ Հայոց անկախ պետականության
կայացման գործում կարևոր երևույթ էր ազգային դրամի ստեղծումը: Շրջանառության մեջ դրվեցին հայկական չեկերը, հիմնվեց հանրապետության պետական բանկը և այլն։

3. Ձեր կարծիքով՝ ինչու՞ Թուրքիան ճանաչեց Հայաստանի հանրապետությունը, բայց դիվանագիտական կապեր չհաստատեց նրա հետ: Հիմնավորե՛ք ձեր պատասպանը

Ըստ իս Թուրքիան ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը, որպիսի կնքվի Բաթումիի պայմանագիրը, որովհետև այդ պայմանագիրը Թուրքիայի համար ձեռնտու էր։ Սակայն չհստատեց դիվանագիտական կապեր, որովհետև դա արդեն իրենց համար ձեռնտու չէր։

Posted in Պատմություն 9

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ

Երեխայի իրավունքները

Երեխաները և երիտասարդները օժտված են մարդկային միևնույն ընդհանուր իրավունքներով, ինչ մեծահասակները, ինչպես նաև հատուկ իրավունքներ, որոնցով ճանաչվում են նրանց հատուկ կարիքները: Երեխաները իրենց ծնողների սեփականությունը չեն, և ոչ էլ բարեսիրության անօգնական օբյեկտներ: Նրանք մարդկային էակներ են և իրենց իսկ իրավունքների սուբյեկտներ: Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան սահմանում է իրավունքներ, որոնք պետք է իրացվեն, որպեսզի երեխաները զարգացնեն իրենց ողջ ներուժը: Կոնվենցիան առաջարկում է հասկացություն, համաձայն որի՝ երեխան դիտվում է որպես անհատ և որպես ընտանիքի ու համայնքի անդամ՝ օժտված իր տարիքին և զարգացման փուլին հարիր իրավունքներով ու պարտականություններով: Երեխաների իրավունքների այսպիսի ընկալմամբ Կոնվենցիան ուշադրությունը սևեռում է երեխայի վրա՝ ամբողջությամբ վերցրած: Կոնվենցիան ճանաչում է բոլոր երեխաների հիմնարար մարդկային արժանապատվությունը և նրանց բարեկեցությունն ու զարգացումն ապահովելու հրատապությունը: Այն հստակեցնում է գաղափարը, որ կյանքի տարրական որակի իրավունք պետք է ունենան բոլոր երեխաները, և դա չպետք է լինի միայն մի քանիսի արտոնությունը:

Երեխայի իրավունքների 10 հիմնական սկզբունքները

  1. Երեխային պետք է ապահովվի հատուկ պաշտպանություն, ինչպես նաև տրամադրվեն հնարավորություններ և բարենպաստ պայմաններ, որոնք հնարավորություն կտան նրան զարգանալ ֆիզիկապես, մտավոր, բարոյապես, հոգևոր և սոցիալական առողջ և նորմալ ձևով և ազատության և արժանապատվության պայմաններում: 
  2. Երեխան ծննդյան օրվանից պետք է ունենա իր անվան և ազգության իրավունք:
  3. Երեխան պետք է օգտվի սոցիալական ապահովության առավելություններից: Նա պետք է ունենա առողջ աճի և զարգացման իրավունք: 
  4. Ֆիզիկական, մտավոր կամ սոցիալական հաշմանդամություն ունեցող երեխային պետք է տրամադրվի հատուկ բուժում, կրթություն և խնամք:
  5. Իր անհատականության լիարժեք և ներդաշնակ զարգացման համար երեխան կարիք ունի սիրո և փոխըմբռնման: Նա պետք է հնարավորության դեպքում մեծանա ծնողների խնամքի և պատասխանատվության ներքո, և ամեն դեպքում ՝ սիրո և բարոյական և նյութական անվտանգության մթնոլորտում: Փոքր երեխան չպետք է, բացառությամբ բացառիկ հանգամանքների, առանձնանա իր մորից: 
  6. Երեխան իրավունք ունի կրթություն ստանալու, որը պետք է լինի անվճար և պարտադիր, գոնե նախնական փուլերում: 
  7. Երեխային պետք է տրամադրվեն խաղերի և ժամանցի լիարժեք հնարավորություններ: 
  8. Երեխան պետք է պաշտպանված լինի անտեսման, չարաշահման և շահագործման բոլոր ձևերից: 
  9. Ոչ մի դեպքում նրան չպետք է վստահվի կամ թույլատրվի աշխատել, ինչը վնասակար կլինի նրա առողջության կամ կրթության համար, նաև խոչընդոտում է նրա ֆիզիկական, մտավոր կամ բարոյական զարգացմանը:
  10. Երեխան պետք է խուսափի այնպիսի պրակտիկայից, որը կարող է խթանել ռասայական, կրոնական կամ խտրականության ցանկացած այլ ձև: 

ՅՈՒՆԻՍԵՖ (UNICEF – United Nations Children’s Fund)

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության նպատակն է, որպեսզի յուրաքանչյուր երեխա ունենա կյանքի լավագույն սկիզբ և կարողանա հաղթահարել աղքատության, բռնության, հիվանդությունների և խտրականության հետևանքով առաջացած խոչընդոտները: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործում է սկսած 1994 թվականից: Արդեն 25 տարի է ինչ աջակցում է Հայաստանի կառավարությանը՝ մշակել և իրագործել բարեփոխումներ՝ ուղղված Հայաստանի երեխաների իրավունքների իրականացմանը խոչընդոտող բացերի վերացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: