Posted in Uncategorized

ԴԱՆԹԵԱԿԱՆ ԱՌԱՍՊԵԼ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Պոեմը Չարենցի վաղ շրջանի լավագույն գործերից է, լուրջ գեղարվեստական նվաճում, որ անմիջապես հայտնի է դարձնում նրա անունը։ Ունի կենսագրական հիմք. կամավորական ջոկատների կազմում պատերազմին մասնակցած 18-ամյա բանաստեղծի «անձնական» տպավորություններն են։ Պոեմի վերնագիրը պատահականորեն չի ընտրված։ Դանթեն 13-14-րդ դարերի իտալացի բանաստեղծ է։ Նա իր «Աստվածային կատակերգություն» պոեմի առաջին մասում նկարագրել է դժոխքը, ուր մեղավոր հոգիները ենթարկվում են բազմազան ու աներևակայելի տանջանքների։ Պատերազմի ճանապարհներին պատանի բանաստեղծի տեսած ու ապրած իրական սարսափները նրան հիշեցրել են Դանթեի «Դժոխքում» նկարագրվածը։ Այստեղ է ծնվել պոեմի խորագիրը, որ նաև Չարենցի գաղափարական ընդհանրացումն է պատերազմ կոչվող երևույթի վերաբերյալ։

Պոեմի սյուժեն հորինովի չէ. բանաստեղծը նկարագրել է այն, ինչ տեսել է մինչև բուն ռազմաճակատ անցած ճանապարհին՝ Կարսից մինչև Վան։ Դեպքերն ու իրադարձությունները զարգացող սյուժետային կապ չունեն իրար հետ. դրանք դեռևս հեռու թվացող պատերազմի հետքերն են, որոնց ստեպ-ստեպ հանդիպում են երիտասարդ կամավորները իրենց երթի ընթացքում։ Առաջինը «ճամփի մոտ ընկած» մի դիակ է, որը «փտել է արդեն անձրևների տակ», հետո՝ «կրկին մի քանի դիակ» և «արնոտ վերմակի տակ՝ չորացած փշրանքներ արնաներկ հացի», ոսկրացած ձեռքեր, «սրունքներ մերկ»՝ առանց մարմնի, լեռան կատարին մեռնող մի կին, որ մատների մեջ սեղմել է հացի փշրանքներ՝ «որպես գանձ անգին», խաղողի թփերի տակ՝ խեղդված ծերունու դիակ, մարմնի նեխած կտորտանք՝ ջրհորում լողացող, հրկիզված արտեր, այրված գյուղեր, մեռած քաղաք և այսպես շարունակ։ Սա պատերազմի դեմքն է, որ ներկայացնում է բանաստեղծը ողջ մերկությամբ՝ միտումնավոր խտացնելով «հակագեղագիտական» տպավորություն։ «Դանթեական առասպել»-ի կառուցվածքը ձևային աղերսներ ունի իտալացի բանաստեղծի հանրահայտ ստեղծագործությանը։ Պոեմի ութ գլուխները հիշեցնում են «Դժոխքի» պարունակները, որոնցից յուրաքանչյուրում զետեղված են հոգիները՝ ըստ կյանքում գործած «մեղքերի» և համապատասխան պատիժների։ Տարբերությունն այն է, որ հայ բանաստեղծի ներկայացրածը իրական դժոխք է, իսկ այնտեղ ցաքուցրիվ ընկած զոհերը անմեղ մարդիկ են, որոնցից ամեն մեկի ճակատագիրը յուրովի վերապրում է նա։Ինչպես Դանթեի «Աստվածային կատակերգությունը», Չարենցի պոեմը ևս գրված է տերցիններով, այսինքն՝ եռատող տներով, որոնք, զույգ-զույգ միանալով, կազմում են վեցատող։ Պոեմը նաև զինվորի օրագիր է, որտեղ օր առ օր գրի են առնված ոչ միայն արտաքին իրականությունից ստացած տպավորությունները, այլև դրանց տխուր անդրադարձը մարդկային ներաշխարհում։

Պոեմի կենտրոնական դեմքը զինվոր բանաստեղծն ինքն է, որ մեկ հանդես է գալիս եսի անհատական տեսանկյունից, մեկ արտահայտում է մենքի հավաքական հոգեբանությունը։ Մյուս հերոսների մասին պատմում է հեղինակն ինքը։ Նրանք անուն չունեն, քանի որ ներկայացնում են պատերազմի խառնարանն ընկած հայ զինվորի հավաքական տիպը։ Պոեմն սկսվում է երիտասարդ կամավորների տոնական տրամադրությամբ։ Տոնական այս տրամադրությունը տևում է երեք օր։ Պոեմի նախավերջին գլխում նկարագրվում է բուն կռիվը։ Պոեմի վերջում հնչում է պարզ ու որոշակի պատասխանը. «Մենք՝ զոհ, մենք՝ դահիճ՝ ուրիշ ձեռքերում»։ Հիասթափությունն ու հուսախաբությունը հասնում են գագաթնակետին։Դաժան իրականությունը ցրել է պատերազմի հետ կապված ամեն հույս ու հեռանկար, երիտասարդ կամավորների փրկարար առաքելության բոլոր պատրանքները։ Աշխարհավեր արհավիրքի իսկական դեմքը տեսած բանաստեղծն ապրելու բնական տենչով վերստին ապավինում է վաղեմի երազին՝ անիմաստ կյանքի պարապը լցնելու համար։

Մոտեցա… և քար կտրած մնացի։—
Սառույցի վրա ընկած էր մի կին,
Որ առանց խոսքի ու առանց լացի
Մեռնում էր՝ անմիտ մի ժպիտ դեմքին։
Դողդոջ մատներով փշրանքը հացի
Սեղմել էր ամուր, որպես գանձ անգին։

Աչքերը թարթեց նա վերջին անգամ,
Եվ գոհ ժպտալով՝ ժպտադեմ հանգավ։
Սարսափելի էր այս ամենն այնքան,
Որ մեր շրթերից ո՛չ մի բառ չընկավ։

Բայց ճչում էր մեր սրտերում կարկամ
Մի անհուն կսկիծ, ամեհի մի ցավ։

Leave a comment