Posted in Խորացված պատմություն

Կարմիր Բլուր կամ Թեյշեբաինի․ նախապատրաստական աշխատանք

Կարմիր բլուրը, որի վրա բացվել են ուրարտական Թեյշեբաինի ամրոցի մնացորդները, գտնվում է Երևանի հարավ֊արևմտյան ծայրամասում, Հրազդան գետի ձախ ափին։ Ամրոցի շուրջը, հարթավայրում, մոտ 100 հա տարածքի վրա սփռվել են հին, նույնանուն քաղաքի մնացորդները։

1936 թվականին երկրաբան Ա․ Պ․ Դեմյոխինը բլրի հարավարևելյան լանջին պատահաբար գտավ մի բազալտե քարի բեկոր, որի վրա պահպանվել էր հինգ տող սեպագիր արձանագրության մի մասը։ Նա այդ քարը տեղափոխեց Հայաստանի պատմության պետական թանգարան, և այն վերծանվեց Կ․ Գ․ Ղաֆադարյանի կողմից։ Պարզվեց, որ արձանագրությունը վերաբերում է մ․ թ․ ա․ VII դարի կեսերին, քանի որ պարզ կարդացվում էր ուրարտական Ռուսայի՝ Արգիշտիի որդու անունը։ Հայտնագործությունից հետո Կ․ Գ․ Ղաֆադարյանի ղեկավարությամբ կատարվեցին տեղանքի հետախուզական աշխատանքներ և բացահայտվեց, որ բլրի գագաթը և լանջերը ծածկված էին հնագույն շինությունների փլված պատերի քարերով և կարմիր հողի առատ շերտով, որն առաջացել էր հում աղյուսի այրված, քանդված պատերից։ Այդ հողի գույնի հետևանքով բլուրն անվանվեց Կարմիր բլուր։

Երկար տարիներ մոտակա գյուղերի բնակիչները քարերն օգտագործում էին շինարարական նպատակներով, իսկ այրված ու մոխրացած հողը՝ դաշտը պարարտացնելու համար։ Այդ աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են և բլրի մակերեսից դուրս եկել մեծ քանակությամբ խեցեղենի բեկորներ, կոտրված անոթներ և ոսկորներ, երկաթե և բրոնզե առարկաներ։

Պեղումներ

1939 թվականին երեք արշավախումբ միասին սկսեցին Կարմիր բլուրի կանոնավոր պեղումները։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին պեղումներն ընդհատվեցին և վերսկսվեցին 1945 թվականին՝ ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի (1959թ․), ՀՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Էրմիտաժի միացյալ արշավախմբի ուժերով՝ Բ․ Բ․ Պիոտրովսկու ընդհանուր ղեկավարությամբ։ Պեղումներն ավարտվեցին 1971 թվականին։

Երկարամյա պեղումների արդյունքում պարզվեց, որ Կարմիր բլուրն ուրարտական ուշ ժամանակաշրջանին պատկանող (մ․թ․ա․ VII֊VI դդ․) մի հուշարձան է, որն իրենից ներկայացնում է հզոր ուրարտական ամրոցի և քաղաքի միացյալ համալիր և զբաղեցնում է մոտ 100 հա տարածություն։ Ամրոցը, որն ընդգրկում է բլրի գագաթը, մի մոնումենտալ շինություն է և զբաղեցնում է 4 հա տարածություն։ Ամրոցի միջնաբերդը երկհարկանի մի հսկա շենք է, որի պահպանված նկուղային հարկը բաղկացած է 150 սենյակներից։ Այդ շինության արևելյան և հյուսիսային ճակատները աստիճանաձև են և ամրացված են մեծ քանակությամբ ոչ բարձր աշտարակներով, իսկ անկյուններն՝ ավելի խոշոր աշտարակներով։ Շենքի արևմտյան ճակատը նայում է դեպի ընդարձակ բակը, որն ամրացված է կրկնակի պարիսպներով և ունի երկու մուտք։ Հիմնական, հարավային մուտքն ունի լավ պաշտպանված դարպասներ, որոնց երկու կողմից բարձրանում են մեկական հսկայական աշտարակ, իսկ երկրորդ՝ հյուիսարևմտյան կողմի մուտքն ավելի փոքր է, որով անցնում էին մարտակառքերը։

Հզոր պարիսպները, որոնք կառուցված են քարե հիմքի վրա բարձրացող հում աղյուսե պատերով և ամրացված են աշտարակներով ու կոնտրֆորսերով, ապահովում էին ամրոցի պաշտշպանությունը։ Բացի դրանից, ամրոցի պաշտպանողական համակարգն ունի մի առանձնահատկություն ևս. եթե հակառակորդը ներխուժեր ամրոցի բակը, նա կհանդիպեր միջնաբերդի առանց որևէ մուտքի երկրորդ հզոր պարսպին։ Ոչ բակից, ոչ էլ մի այլ տեղից հնարավոր չէր մտնել միջնաբերդ։ Ամրոցի բնակիչները միջնաբերդ մտնելու համար բարձրանում էին հատուկ պանդուսով, որը կենտրոնական մուտքի մոտից դռնապանի սենյակի ետևից տանում էր դեպի առաջին հարկի տանիքի մակարդակին կառուցված հարթակները։ Այստեղից կարելի էր անմիջապես մտնել երկրորդ հարկի սենյակները, կամ աստիճաններով իջնել նկուղային հարկ։

Պեղումներից պարզ դարձավ նաև, որ նախնական հատակագծում ամրոցը փոքր է եղել և հետո մի քանի անգամ լայնացվել է հարավարևելյան ուղղությամբ, նախկին պարիսպները և կոնտրֆորսերը մնացել են սենյակների ներսում՝ կազմելով յուրահատուկ ելուստներ։ Նշված նկուղային սենյակները ծառայել են իբրև պահեստներ, մառաններ և տարբեր արհեստանոցներ։ Երկրորդ հարկում գտնվել են նահանգապետի, բարձրաստիճան զինվորականների և այլ աստիճանավորների, քրմերի պալատներ, սենյակներ ու տաճարներ։

1946 թվականին արշավախմբի կողմից հաջողվեց որոշել ամրոցի անունը, երբ N 11 կացարանի դռան մոտ գտնվեց բրոնզե դռան փականը՝ սեպագիր արձանագրությամբ․ «Ռուսա Արգիշտիի որդու, Թեյշեբաինի քաղաքի ամրոց»։ Այսինքն՝ մի քաղաք, որը կառուցվել է ի պատիվ ուրարտական պատերազմի և տարերքի աստված Թեյշեբայի։ Մինչ այդ փականի գյուտը՝ դեռ 1941 թվականին, գտնվել էր այդ աստծո բրոնզե արձանը։ Պեղումները բացահայտեցին Ուրարտուի թեև ոչ կենտրոնական, բայց կարևորագույն նահանգներից մեկի քաղաքի արտադրության հոյակերտ պատկերը։

Leave a comment