ԱԶԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (ԼԻԲԵՐԱԼԻԶՄ)
«Լիբերալ» բառը հատուկ քաղաքական նշանակություն է ստացել Շվեյցարիայում և Իսպանիայում, երբ ստեղծվեցին լիբերալ պառլամենտական խմբերը: Երբ նորաստեղծ քաղաքական կուսակցությունները կիրառեցին «լիբերալ» բառը, նրանք ցանկանում էին արտահայտել իրենց դրական գնահատականը որոշ երկրներում ձևավորվող դեմոկրատական համակարգերի մասին։ Այս եզրույթը սովորաբար օգտագործվում է բնութագրելու ավելի հին երևույթ։ Համաձայն դասական լիբերալիզմի, պետական միջամտությունը պետք է լինի նվազագույն, որը նշանակում է գրեթե ամեն ինչ, բացառությամբ զինված ուժերի և իրավապահ մարմինների, պետք է թողնել քաղաքացիների ազատ տնօրինմանը, իսկ կազմակերպությունները պետք է ստեղծվեն ըստ քաղաքացիների ցանկության և միայն նրանց մասնակցությամբ: Այդպիսի պետությանը հաճախ անվանում են «գիշերային պահակ պետություն», քանի որ պետության հիմնական նպատակն է պահպանել հասարակական կարգի հիմնական ու ամենակարևոր կողմերը: Որոշ հեղինակներ (հատկապես Ջոն Լոկը) նույնիսկ մտածում են, որ պետությունը անհատների միջև ազատորեն ստեղծված ասոցիացիա է, որտեղ նրա մասնակիցներն ունեն ապստամբության արդարա ցված պատճառ, եթե պետությունը «գրավում է» ավելի շատ իշխանություն, քան սկզբնապես տրված էր քաղաքացիների կողմից:
ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (ՆԱՑԻՈՆԱԼԻԶՄ)
Այն քաղաքական գաղափարախոսություն և ուղղություն է, որի հիմնական դրույթը ազգի արժեքավորությունն է՝ որպես հասարակական միասնության բարձրագույն ձև, և պետության ձևավորման գործում վերջինիս առաջնայնությունը։ Որպես քաղաքական շարժում՝ ազգայնականությունը ձգտում է հաստատել ազգային որոշակի հանրույթի հետաքրքրությունները պետական իշխանության նկատմամբ։
Ազգայնականությունը համալիր սոցիալական երևույթ է, որի օբյեկտը ազգն է։ Լատիներեն «նացիո» հիմքով, ինչը նշանակում է ծննդավայր, այս հասկացությունը մշակվել է Յոհան Գոդֆրիդ Հերդերի կողմից։ Սոցիալական գիտություններում ազգայնականություն հասկացության բացատրությունը ընդհանրապես տարբեր կերպ է տրվում։ Առաջին դեպքում ազգայնականությունը սահմանելիս առանցքային է համարվում ազգ հասկացությունը և այս տեսանկյունից սահմանումները կարելի է տարբերակել միայն քաղաքական և մշակութային փոփոխականներով։ Գիտնականները՝ ինչպիսիք են՝ Հանս Կոհնը, Կարլտոն Հեյեսը, Յոն Պլամենատսը կամ Էնթոնի Սմիթը, հակված են թե՛ տիպաբանական և թե՛ ավելի ներառական սահմանումների կամ բացատրությունների։ Սահմանումների երկրորդ խումբը ազգայնականությունը տարբերակում է ըստ ժամանակագրության՝ մինչև Ֆրանսիական հեղափոխությունը կամ դրա ընթացքում, ինչի արդյունքում ունենք պրեմոդեռնիստական և մոդեռնիստական տեսություններ։
ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՆՍԵՐՖԱՏԻԶՄ
Ընդհանրապես` «պահպանողականություն» (կոնսերվատիզմ) հասկացությունը մեկնաբանվում է չորս տարբերակներով.
- Որպես խառնվածքի տեսակ, որի տարրերն են սովորույթը, մտահոգությունը արմատական փոփոխությունների նկատմամբ և իներցիան:
- Որոշակի իրավիճակներում դրսևորվող սոցիալական վարքի մոդել, որին հատուկ է հակազդեցությունը կամ դիմադրությունը սոցիալական, տնտեսական, կրոնական, քաղաքական, մշակութային և այլ ոլորտներում կատարվող փոփոխություններին:
- Քաղաքական պահպանողականություն, որն իրենից ներկայացնում է կուսակցությունների և շարժումների կողմից իրականացվող ավելի շատ պաշտպանական, քան հարձակողական բնույթի գործողություններ, որոնց հատուկ է ավանդականությունը:
- Գոյություն ունեցող կարգերի պահպանմանն ուղղված մտածողություն, որը հանդես է գալիս աշխարհայացքային կերպով։