
Նոյեմբերի 30-ին «Ստեղծագործ պատանի» ակումբի շրջանակում տեղի ունեցավ երեք գրքի
շնորհանդես, որոնք իրենց մեջ ներառում էին հեղինակային-ստեղծագործական և թարգմանական աշխատանքներ։ Հանդիպումը վարում էինք ես և Արաքսը։ Ինչպես նաև, «Ստեղծագործ պատանի» էլեկտրոնային կայքի խմբագիր Լուսին պատմեց իր կատարած գործունեության մասին։
Հեղինակներից Նարե Վարդանյանը ներկայացավ իր շատ դիպուկ գրված և անչափ հուզիչ բանաստեղծություններով։ Գիրքը վերնագրել էր «Հոգեխառն»։ Հանդիպմանը ներկա էին Նարեի մայրիկը և քույրիկը, և նրանց համար սա շատ կարևոր ձեռքբերում էր։ Նարեն ստեղծագործում է «թաքնված», քանի որ, ինչպես հետո պարզվեց, նրա մայրն էլ չգիտեր իր ստեղծագործությունների մասին։ Իսկ մեր երկրորդ գրքի հեղինակը՝ Տարոնը, ներկայացրեց իր ֆանտաստիկ և հետաքրքրական վիպակի առաջին մասը՝ «Նեո Թեյլորի արկածները»։ Ընթերցելիս միանգամից հետաքրքրում է, թե ինչ գիտաֆանտաստիկ ստեղծագործություն է գրել դասընկերդ։

Երրորդ գիրքում սովորողների թարգմանական աշխատանքներն էին, թեմաներն էլ՝ մեկը մյուսից տարբեր։ Այս գրքի հեղինակներն էին ես և իմ դասընկերներ Լուիզա Արտենյանը և Տիգրան Գրիգորյանը։ Հատկանշական է, որ գրքի նկարազարդումը հենց մեր սովորողների կողմից է եղել։
Այսպիսով, տրվեց «Ստեղծագործ պատանի» ակումբի մեկնարկը՝ հետաքրքիր ստեղծագործություններով, թարգմանություններով և, միևնույն ժամանակ, համարձակ ու ստեղծագործ պատանիների խոսքով։



Sponsored Content