Պատմության ընտրությամբ դասընթացի շրջանակում տեղի ունեցավ մեր հերթական արտագնա պարապմունքը՝ Հայաստանի պատմության թանգարան։ Թանգարան էինք գնացել ցուցադրություններից մի քանիսին ներկա գտնվելու և նորը քաղելու նպատակով։
Այսպիսով, դեկտեմբերի 7-ին մեր այցը սկսվեց Քարի դարի սրահում, որտեղ տեսանք Պլեյստոցենի ժամանակաշրջանում առաջացած Հոմո էրեկտուսին, զենքերի, ասեղների հագուստի տեսակները։ Մի քիչ շրջելուց հետո հայտնվեցինք Արենիում գտնված աշխարհի ամենահին կոշիկի մոտ, հնարավորություն ունեցանք դիպչել կոշիկի կրկնօրինակին։ Այն ունի 5500 տարվա պատմություն և պատրաստվել է հորթի կաշվից։



Հաջորդը Արտաշատի գտածոների սրահն էր։ Գտածոներն իրենցից ներկայացնում էին զենքեր, դրամներ՝ Արտաշեսյան թագավորների դիմապատկերներով, խեցեղեն։ Տեսանք նաև հունական դիցաբանության մեջ իմաստության, ողջախոհության, կանխամտածված պատերազմի դիցուհի Աթենասի մարմարյա արձանը։

Ամենահետաքրքիր սրահներից էր զարդերի սրահը, որը հիմնականում բաղկացած էր 18-20-րդ դարերի զարդերով։ Տեսանք երկու տարազների օրինակ՝ մեկը Արևմտյան Հայաստանից, մյուսը՝ Արևելյան։ Հաջորդն էր զենքերի սրահը, որը լի էր մարշալ Բաղրամյանի հագուստով և զենքերով։ Հետաքրքիր էին այլ երկրներից Հայաստան փոխանցած զնիատեսակները։



Այցն ավարտեցինք գորգերի և կարպետների սրահը, «Հին Մեծամոր»․հայ-լեհական արշավախմբի 10-ամյա պեղումների արդյունքների և Գագիկ Հարությունյանի ժամանակավոր ցուցադրություններն ուսումնասիրելով։ Բոլոր սրահները չափազանց հետաքրքիր էին և տպավորիչ։


