Posted in պատմություն 12

Պայքար կենտրոնական իշխանության ուղեժացման համար

1. Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Տրդատ III-ը կենտրոնական իշխանության և բանակի հզորացման ուղղությամբ:

Տրդատ III-ի օրոք հզորանում են կենտրոնական իշխանությունը և բանակը։ Բարձրացվում է գործակալությունների դերը երկրի կառավարման և պաշտպանության գործում։ Տրդատ III-ը Օտա Ամատունուն նշանակում է հազարապետ, իսկ Արտավազդ Մանդակունուն՝ սպարապետ։ Երկրի տնտեսությունը վերելք է ապրում։ Քաղաքական և տնտեսական դրության կայունացմանը զուգընթաց զարգանում է առևտուրը, որի գլխավոր կենտրոններն էին Մեծ Հայքում՝ Արտաշատը, Հյուսիսային Միջագետքում՝ Մծբինը։
Տրդատը քայլեր է ձեռնարկում Հայ եկեղեցուն տնտեսապես ապահովելու նպատակով՝ գյուղական եկեղեցիների քահանաներին բոլոր ագարակ տեղերում տալով չորսական, իսկ ավաններում՝ յոթական ծխի («հող երդոյ») հողաբաժին։

2. Ինչո՞ւ և որտե՞ղ էր առանձնացել Գրիգոր Լուսավորիչը: Հայաստանից ո՞վ մասնակցեց Նիկեայի տիեզերական ժողովին: Ի՞նչ է «հավատո հանգանակ»։ Ի՞նչ գիտեք Գրիգորիսի մասին:

Գրիգոր Լուսավորիչը աշխարհիկ կյանքից առանձնացել և ճգնավորի կյանքով էր ապրում Դարանաղյաց գավառի Սեպուհ լեռան Մանյա Այրք քարայրում։ Նրա որդին՝ Արիստակեսը, հոր կողմից ձեռնադրվում է եպիսկոպոս և 325 թվականին մասնակցել Նիկեայի առաջին տիեզերական ժողովին, որը սահմանում է «Հավատո հանգանակը»։ Հավատո հանգանակը որևէ կրոնական ուղղության կամ եկեղեցու դավանաբանության հիմքը կազմող փաստաթուղթ, որտեղ համառոտ շարադրված են տվյալ եկեղեցու հավատքային ու դավանաբանական հիմնական ուղղություններն ու սկզբունքները: Արիստակեսը, վերադառնալով Հայաստան, բերում է Նիկեական կանոնները։

Մեծ Հայքի Փայտակարան նահանգի նույնանուն քաղաքի վերակացուների խնդրանքով Տրդատն այդ կողմերի եպիսկոպոս է հաստատում Լուսավորչի որդի Վրթանեսի որդուն՝ Գրիգորիսին։ Նրա հոգևոր իշխանության տակ էին Հայոց Արևելից կողմերը՝ Արցախը, Ուտիքը և Փայտակարանը, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցուն ենթակա Վիրքի և Աղվանքի եպիսկոպոսությունները։ Գրիգորիսը դաժանորեն սպանվում է Կասպից ծովի արևմտյան ափին գտնվող մազքթաց երկրի թագավոր Սանեսանի հրամանով։ Գրիգորիսի մարմինը հողին են հանձնում Արցախի Ամաաս գյուղում՝ իր պապի՝ Գրիգոր Լուսավորիչի կառուցած եկեղեցում։

3. Ե՞րբ է թագավորել Խոսրով III Կոտակը: Ինչպիսի՞ն էր Հայաստանը նրա օրոք: Ի՞նչ գործերով է նշանավորվել Խոսրով արքան:

Տրդատին հաջորդեց որդին՝ Խոսրով III Կոտակը, որը կառավարել է 330-ից 338 թվականը։ Նրա օրոք ամրապնդվում է Հայոց աշխարհի պաշտպանական հզորությունը, տնտեսությունն ու քաղաքաշինությունը վերելք են ապրում։
Մեծամորի հունը փոխվել էր, և Արտաշատի մոտակայքում ճահիճներ էին առաջացել։ Խոսրովը մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Դվին բնակավայրը կառուցապատում է և այն դարձնում մայրաքաղաք։ Նրա հրամանով Գառնի ամրոցից մինչև Դվին կառնու ծառեր են տնկում։ Անտառի մի մասը կոչվում էր «Տաճար մայրի», իսկ մյուսը՝ «Խոսրովակերտ» «Խոսրովի անտառ», որը հասնում էր մինչև Երասխ։ Խոսրովը հրամայում է անտառները լցնել կենդանիներով և գազաններով՝ որսի և ժամանցի համար։ Դրանք աշխարհում առաջին արհեստական անտառներից էին։
Խոսրով Կոտակը սահմանել է օրենք, ըստ որի՝ աշխարհատեր նախարարները պետք է մնային թագավորի մոտ, և նրանցից ոչ ոք չպետք է մարտի գնար արքունի զորքի հետ։

4․ Ի՞նչ կանոն սահմանեց Վրթանես հայրապետը:

Վրթանես կաթողիկոսն օրենք է սահմանում ամեն տարի Հայոց աշխարհում Վաչե Մամիկոնյանի ու նրա հետ զոհված զինակիցների հիշատակը նշելու և հայրենիքի փրկության համար մղված պայքարում իրենց կյանքը զոհաբերողներին սուրբ նահատակների շարքին դասելու մասին։

5. Արտաքին ի՞նչ քաղաքականություն էր վարում Տիրան արքան: Ինչպե՞ս ավարտվեց արքայի և կաթողիկոսի միջև հակամարտությունը: Ի՞նչ դրսևորում ունեցավ թագավորների և նախարարների միջև հարաբերությունները:

Տիրանն ամեն կերպ աշխատում էր երկրի անկախությունը պահպանել՝ խուսափելով հռոմեա-պարսկական հակամարտության մեջ ներքաշվելուց։ Տիրանի և Հուսիկ կաթողիկոսի միջև հարաբերությունները սրվում են։ Կաթողիկոսը հանդիմանում է թագավորին։ Երբ Տիրանն իր ուղեկիցնրի հետ Ծոփքի Բնաբեղ բերդում ցանկանում էր մտնել եկեղեցի, Հուսիկը թույլ չի տալիս և հենց այդտեղ էլ նահատակվում է Տիրանի հրամանով։
Տիրան թագավորի հարաբերությունները բարդ էին նաև նախարարների հետ։ Այդ ամենի հետևանքով մեծ կորուստներ կրեցին Ռշտունյաց և Արծրունյաց տոհմերը, իսկ հայոց զորքերի հրամանատարներ Արտավազդ և Վասակ Մամիկոնյանները հեռացան իրենց տոհմական աշխարհ Տայք։