1․ Ի՞նչ քաղաքականություն էր վարում Արշակ II-ը։ Ե՞րբ և ո՞ւմ կողմից է հրավիրվել Աշտիշատի ժողովը։ Ի՞նչ կարևոր որոշումներ և կանոններ ընդունեց այդ ժողովը։ Ո՞րն է Արշակ II-ի և նախարարների միջև հակամարտության պատճառը։
Արշակ II-ը, որը կառավարել է 350-ից 368 թվականը, Արշակունյաց դինաստիայի նշանավոր արքաներից է։ Արշակն ուժեղ անձնավորություն էր և, հաստատվելով գահին, վարում էր ինքնուրույն քաղաքականություն։ Սակայն, հռոմեա-պարսկական հակամարտության սրման պայմաններում Հայաստանին ահաբեկելու նպատակով Հռոմում սպանում են Արշակի եղբորը՝ արքայազն Տրդատին։
Արքունքի և նախարարական տների միջև աճող լարվածությունը սպառնում էր երկրի ներքին կայունությանը։ 354 թվականին Տարոն գավառի Աշտիշատ գյուղում գտնվող Մայր եկեղեցում Ներսես Ա-ն հրավիրում է Հայ եկեղեցու առաջին ժողովը, որն ընդունում է հոգևոր և աշխարհիկ կյանքին առնչվող կանոններ։ Որոշվում է կառուցել վանքեր, դպրոցներ, հիվանդանոցներ, իջևանատներ և աղքատանոցներ։ Ժողովում սահմանված կանոնը հայոց թագավորին և մեծամեծներին պատվիրում էր գթասիրտ լինել իրենց ծառաների նկատմամբ, սիրել նրանց՝ որպես իրենց ընտանիքի անդամների, անօրեն կերպով և մեծ հարկերով չնեղել հասարակ ժողովրդին։ Ծառաներին էլ պատվիրվում էր հնազանդ ու հավատարիմ լինել իրենց տերերին: Աշտիշատի կանոններով արգելվում են հեթանոսական մի շարք սովորույթներ՝ բազմակնությունը, մահացածների վրա անվայելուչ լացը, հարբեցողությունը և այլն։
Թագավորական իշխանության ամրապնդման և նախարարական կենտրոնախույս տրամադրություններն զսպելու նպատակով Արշակը Կոգովիտ գավառում կառուցում է Արշակավան քաղաքը։ Նա թույլ է տալիս, որ քաղաքում ազատորեն բնակություն հաստատեն բոլոր ցանկացողները, նույնիսկ օրինազանցները։ Այդ հանգամանքը նախարարների մոտ դժգոհություն է առաջացնում, քանզի նրանց կալվածքներից Արշակավան էին փախչում ավանդառուներն ու պարտապանները, ինչպես նաև նրանցից դժգոհ ծառաները։ Թագավորից դժգոհ նախարարները, օգտվելով առիթից, որ Արշակը մեկնել է Վրաստան, հարձակվում և ավերում են Արշակավանը։ Արշակը պատժում է որոշ նախարարների։
2․ Ի՞նչ ընթացք ունեցավ 359թ․ ծագած պարսկա-հռոմեական պատերազմը։ Ինչպե՞ս ընթացան հայ-հռոմեական հարաբերությունները։ Ի՞նչ գիտեք 363թ․ կնքված պայմանագրի մասին։
359թ․ ծագած պարսկա-հռոմեական պատերազմի ընթացքում Շապուհն օգնության խնդրանքով դիմում է Արշակին։ Արշակը հայոց զորքով պարսիկներից շուտ հասնում է Մծբին քաղաքի մոտ և հաղթանակ տանում հռոմեացիների նկատմամբ։ Շապուհն առաջարկում է Արշակին ամուսնանալ իր դստեր հետ, սակայն Արշակը կտրականապես մերժում է, ինչ արդյունքում Շապուհը մտադիր էր սպանել Արշակին, բայց վերջինս տեղեկանում է և հետ վերադառնում։
Ռազմական գործողություններն անձամբ գլխավորելու նպատակով Արևելք ժամանած Կոստանդիոս II-ը Արշակին հրավիրում և Մաժակ քաղաք, և Արշակը մեկնում է։ Այդտեղ նրանք ամրապնդում են հայ-հռոմեական դաշինքը Արշակի և Օլիմպիայի՝ կայսեր մահացած եղբոր նշանածի ամուսնությամբ։ Փառանձեմը չէր կարող հաշտվել այդ իավիճակի հետ, այդ իսկ պատճառով նրա ծառաներից մեկը թունավորում է Օլիմպիային։
Պարսկա-հռոմեական պատերազմն ավարտվում է Տիզբոնի մոտ Հուլիանոս Ուրացող կայսեր պարտությամբ և մահով։ Շապուհի և հռոմեական նոր կայսեր՝ Հովիանոսի միջև 363 թվականին կնքված պայմանագրով կայսրը պարտավորվում էր չօգնել հայոց արքային։ Ըստ Բուզանդի՝ կայսրը Շապուհին վստահեցրել էր․ «․․․եթե կարողանաս հաղթել նրանց և պարտադրես ծառայելու, ես նրանց թիկունքը չեմ պաշտպանի»։ 4-րդ դարի հռոմեացի պատմիչ Ամմիանոս Մարկելիանոսն այդ պայմանագիրն անվանել է «ամոթալի»։
3․ Ներկայացրե՛ք հայ-պարսկական պատերազմի ընթացքը։ Ինչպե՞ս Շապուհին հաջողվեց ձերբակալել Արշակ II-ին և Վասակ Մամիկոնյանին։ Փորձե՛ք մեկնաբանել Արշակի և Վասակի պահվածքը։
Մեծ Հայքի հարավային սահմանագլխին՝ Գանձակ քաղաքում տեղակայված հայոց սահմանապահ գնդի հրամանատարներն Արշակին տեղեկացնում են Շապուհի զորքերի ներխուժման վտանգի մասին։ Արշակի հրամանով Վասակ սպարապետի զորքը դուրս է գալիս թշնամու դեմ և 363թ․ պարտության մատնում նրան։
364թ․ Սասանյանների զորքերը Հայաստան են ներխուժում 3 ուղղությամբ։ Արշակը, Վասակը և նրա եղբայրը տեղի ունեցած մի քանի ճակատամարտերում ջախջախում են թշնամուն։ Պարսից զորքերի ներխուժումների պատճառով ավերվում էր Հայոց աշխարհը։ Վասակը կարողանում է թշնամուն դուրս մղել երկրից։ Հաջորդ անգամ Շապուհի զորքը հասնում է Անգեղ բերդ, որտեղ Արշակունիների գերեզմաններն ու գանձերն էին։ Չկարողանալով տիրել այդ բերդին՝ պարսիկները գնում և գրավում են Անի բերդը Դարանաղիում, որտեղ ևս ամփոփված էին հայ Արշակունիները։ Նրանց չի հաջողվում քանդել Սանատրուկ արքայի շիրիմը, սակայն արքայական մյուս գերեզմանները բացում են և թագավորների ոսկորները գերեվարում։ Վասակ Մամիկոնյանը հայոց 60 հազարանոց զորքով ջախջախում է թշնամուն, ազատում թագավորների ոսկորները և վերաթաղում Արագած լեռան լանջին՝ Աղձք գյուղում։
Շապուհը, համոզվելով, որ ռազմական ճանապարհով ոչ մի հաջողության չի հասնում, որոշում է խաբեությամբ ձերբակալել Արշակին։ Դեսպանների միջոցով նա հայոց արքային Տիզբոն է հրավիրում՝ վիճելի հարցերը կարգավորելու պատրվակով։ Նա իր մատանիով կնքված աղ է ուղարկում, ինչը պարսիկների բարձրագույն երդումն էր համարվում։ Ի վերջո Արշակը Վասակ Մամիկոնյանի ուղեկցությամբ 368թ․ մեկնում է Պարսկաստան։ Շապուհն Արշակին փորձելու նպատակով հրամայում է արքունի դահլիճի հատակի կեսը ծածկել հայկական հող ու ջրով, իսկ մյուս կեսը թողնել պարսկական։ Պարսից հողի վրա Արշակը խոսում էր զղջումով, իսկ հայկականի վրա խրոխտանում և սաստիկ ըմբոստանում էր։ Շապուհը հրամայում է ձերբակալել Արշակին և փակել Անհուշ բանտում։
Շապուհի հրամանով պալատ են բերում նաև Վասակ Մամիկոնյանին։ Շապուհը ծաղրում է նրան՝ ասելով․ «Աղվե՛ս, այդ դո՞ւ էիր խանգարիչը, որ այսքան չարչարեցիր մեզ․․․ Ես քեզ պիտի աղվեսի մահով սպանեմ»։ Վասակ սպարապետը արժանապատվորեն պատասխանում է․ «Այժմ, երբ ինձ տեսնում ես կարճահասակ, մեծությանս չափը չես հասկանում, որովհետև մինչև այժմ ես քեզ համար առյուծ էի, իսկ այժմ՝ աղվես։ Բայց մինչ ես Վասակն էի՝ հսկա էի, մի ոտքս հենում էի մի լեռան վրա, իսկ մյուսն էլ՝ մյուս լեռան․ երբ հենվում էի աջ ոտքիս վրա, աջ կողմի լեռն էր գետնի տակ անցնում, երբ ձախ ոտքիս վրա էի հենվում, ձախ կողմի լեռն էր գետնի տակ անցնում։ Այդ երկու լեռներից մեկը դու էիր, իսկ մյուսը՝ հունաց թագավորը»։ Կատաղած Շապուհը հրամայում է սպանել Վասակին։ Շուտով բանտում նահատակվում է նաև Արշակ թագավորը։
Եթե Արշակի և Վասակի արարքները դիտարկենք հայի տեսանկյունից, անշուշտ, դա արժանապատիվ և հայրենասեր առաջնորդներին վայել քայլ էր: Ճիշտ է, նրանք երկուսն էլ նահատակվեցին, բայց արժանապատիվ կերպով: Նրանց արարքը նման էր Արտավազդ երկրորդի արարքին, երբ նա ցույց տվեց իր ոգու արիությունը և չխոնարհվեց Կլեոպատրայի առաջ: Սակայն, եթե դիտարկենք դիվանագիտական տեսանկյունից, ապա, ըստ իս, չմտածված և անիմաստ քայլի դիմեցին, ինչի պատճառով էլ մահվան դատապարտվեցին, հատկապես Վասակը: Կարծում եմ, եթե նրանք մի փոքր խորամանկ լինեին և դիվանագիտական հմտություններ ունենային՝ կկարողանային բանակցել Շապուհի հետ և իրենց համար ձեռնտու պայմանավորվածություն ձեռք բերել ընդդեմ Հռոմի, ինչի արդյունքում նրանց կհաջողվեր ոչ միայն ողջ մնալ և հետ վերադառնալ հայրենիք, այլև ձեռք բերել Շապուհի նման դաշնակից:
4․ Ինչպե՞ս ավարտվեց Արտագերսի պաշտպանությունը։ Պապը ե՞րբ դարձավ Հայաստանի թագավոր։ Ինչո՞վ ավարտվեց 370թ․ Ատրպատականում տեղի ունեցած ճակատամարտը։ Բնութագրե՛ք Մուշեղ սպարապետի արարքը։
Արշակի Տիզբոն մեկնելուց հետո Փառանձեմը 11 հազարանոց զորքով ամրացավ Արտագերս ամրոցում և երկարատև և հերոսական դիմադրություն ցույց տվեց պարսիկներին: Փառանձեմի միակ հույսը որդու՝ Պապի վերադարձն էր, որին նա Վաղես կայսեր մոտ էր ուղարկել՝ օգնություն խնդրելու: Թշնամին ներխուժում է ամրոց, ոչնչացնում ողջ մնացածներին, իսկ Փառանձեմին անմարդկային խոշտանգումների ենթարկելով՝ սպանում:
Պապը հռոմեական զորավար Տերենտիոսի գլխավորած մի զորաջոկատով 370 թվականին վերադառնում է Հայաստան և հաստատվում հայոց գահին և կառավարում մինչև 374 թվականը:
370 թվականին սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը 40 հազար զորականներով գնում է դեպի Հայաստանի հարավային սահմանը: Այնտեղ էր եկել Շապուհն իր զորքով, որի մի գնդի հրամանատարն էր հայրենադավ Մերուժան Արծրունին: 370թ. Ատրպատականում Մուշեղն իր զորքով նախահարձակ է լինում: Շապուհը փախչում է, իսկ պարսից ավագներից շատերը ձերբակալվում են և Մուշեղ սպարապետի հրամանով մահապատժի ենթարկվում: Հայերի ձեռքն են ընկնում պարսից արքայի գանձարանն ու կանանոցը: Մուշեղը հրամայում է, որ կանանոցը վերադարձնեն Շապուհին, ինչի պատճառով հայ նախարարներից ոմանք Պապի առջև ամբաստանում են Մուշեղին: Պապը զայրանում է, որ Մուշեղն ինքնակամ ազատել է իր մոր հանդեպ դաժան վարված մարդու կանանոցը։
Մուշեղի արարքն էլ կարող ենք դիտարկել 2 տեսանկյունից: Այդ արարքը հայ տղամարդուն արժանավայել արարք էր: Մուշեղը կանանց չներքաշեց իր և Շապուհի գործերի մեջ, ինչը գովելի է: Իր այդ արարքի համար նա նույնիսկ արժանացավ Շապուհի հարգանքին: Սակայն, դիվանագիտական տեսանկյունից դա այդքան էլ շահեկան և նպատակահարմար արարք չէր: Կանանոցի միջոցով Մուշեղը կարող էր ինչ-որ բան կորզել Շապուհից կամ, ուղղակի, Շապուհին իրենցից կախման մեջ պահել:
5․ Ներկայացրե՛ք Ձիրավի հաղթական ճակատամարտը։ Ի՞նչ պատժի արժանացավ դավաճան Մերուժանը։
Տեղեկանալով, որ 371թ. պարսից մեծաքանակ զորքը կրկին ներխուժել է Հայաստան և հասել Միջնաշխարհ, Պապը հրամայում է հայոց զորքերը հավաքել Այրարատ նահանգի Բագևրանդ գավառի Ձիրավի դաշտում: Հայկական զորքին են միանում նաև հռոմեական զորաջոկատները: Հայոց զորքի թիվը ավելի քան 90 հազար էր:
Տերենտիոսը հորդորում է Պապին և Ներսես կաթողիկոսին ապահովության համար բարձրանալ Նպատ լեռը և այնտեղից դիտել մարտը: Այնտեղ է գնում նաև Մուշեղ Մամիկոնյանը: Կաթողիկոսի բարեխոսությամբ փարատվում է Պապի զայրույթը Մուշեղի նկատմամբ։ Մուշեղը սուրբ երդում է տալիս, ստանում կաթողիկոսի օրհնությունն ու թագավորի բարի մաղթանքը, որից հետո կրկին սանձնում զորքի հրամանատարությունը:
Լուսադեմին սկսվում է Ձիրավի ճակատամարտը: Ներսես կաթողիկոսը, բազուկները տարածած, հայոց հաղթանակի համար աղոթում է Նպատ լեռան վրա: Մուշեղ սպարապետի գլխավորած զորագնդերը գրոհում են պարսիկների վրա և կատարյալ հաղթանակ տանում:
Պարսից զորքի մնացորդները դիմում են փախուստի: Մերուժան Արծրունուն Սմբատ Բագրատունին ձերբակալում է և, երկաթե շամփուրը տաքացնելով, բոլորում է պսակի ձևով և շիկացնելով ասում. «Քեզ պսակում եմ, Մերուժա՛ն, որովհետև դու ձգտում էիր հայոց վրա թագավորելու, և իմ՝ ասպետիս պարտքն է քեզ պսակել իմ հայրերի իշխանության կարգով»: Շիկացած շամփուրը դնում է Մերուժանի գլխին և այդպես մահապատժի ենթարկում դավաճանին:
6․ Հայոց պետության անվտանգության և ռազմատնտեսական հզորության ամրապնդման ուղղությամբ ի՞նչ քայլեր ձեռնարկեց Պապ թագավորը։ Ի՞նչ արտաքին քաղաքականություն էր վարում նա։ Ներկայացրե՛ք Պապի կերպարը։
Պապը և Մուշեղը զբաղվում են պետության անվտանգության և ռազմատնտեսական հզորության ամրապնդմամբ: Բանակի թիվը հասցվում է մոտ 100 հազարի: Հոգևորականների եղբայրներին, որդիներին և ազգականներին պարտադրվում է պետական ծառայություն կատարել:
Պապի վարած անկախ քաղաքականության արդյունքում Հայաստանից վտարվել էին պարսից զորքերը: Հայոց կաթողիկոսական աթոռին Ներսես Մեծի մահից հետո Աղբիանոսի տոհմից բարձրացած Հուսիկ-Շահակն այլևս Կեսարիա չի մեկնում՝ ձեռնադրվելու մետրոպոլիտի կողմից, ինչով հաստատվում էր Հայոց կաթողիկոսական աթոռի սկզբնական ինքնուրույնությունը:
Պապը հայոց պատմության նշանավոր արքաներից մեկն էր: Չնայած իր երիտասարդ տարիքին՝ նա վարում էր ինքնուրույն քաղաքականություն և ոչ ոքից կախում չուներ: Երկրի զարգացման համար մի շարք կարևոր բարեփոխումներ կատարեց: Վառ և եռանդուն կերպար է Պապը, որը, սակայն, շատ է քննադատվել հայ պատմիչների կողմից: Ինչպես գիտենք, մեր պատմությունը ներկայացրել են հոգևորականները: Պատճառներից մեկը, թե ինչու են պատմիչները քննադատել Պապին այն է, որ Պապի բարեփոխումները ի վնաս եկեղեցու են կատարվել: Պապը վերացրել է «պտղի և տասանորդների կարգը»: Հօգուտ արքունիքի՝ եկեղեցուց կտրել է դեռևս Տրդատ Մեծի տված հողի մեծ մասը:
Նաև ասում են, որ Պապի ներսում դևեր են եղել և նրանք են կառավարել Պապին: «Բոլոր տեսնողները վախենում էին մոտ գնալ, իսկ նա այդ մարդկանց պատասխանում էր ու ասում՝ «Մի՛ վախեցեք, սրանք իմն են», և ամեն մարդ ամեն ժամանակ այսպիսի կերպարանքներ էր տեսնում նրա վրա: Նրա մեջ բույն էին դրել մեծ քանակությամբ դևեր ու միշտ երևում էին այն մարդկանց, որոնք գալիս էին թագավորին տեսնելու, բայց երբ Ներսես հայրապետը կամ Խադ սուրբ եպիսկոպոսը մտնում էին թագավորի մոտ, դևերն ի չիք էին դառնում և աներևութանում:
Հայոց Ներսես եպիսկոպոսապետը միշտ դիմադրում էր Պապ թագավորին, նախատում էր նրան ու հանդիմանում ծանր փաստացի հանդիմանություններով. նրա բազմաթիվ չար գործերի պատճառով թույլ չէր տալիս ոտք դնել եկեղեցու շեմքին ու ներս մտնել: Միշտ նրան նախատում, հանդիմանում, խրատում էր, որ կորստական գործերից հրաժարվի, ուղղության գա. շարունակ նրա հետ խոսում էր, որ ապաշխարության գա: Իսկ Պապ թագավորն ամենևին չէր լսում նրան, այլ դեռ հակառակում էր և հետը թշնամանում, նրա մահվանն էր սպասում և ցանկանում սպանել նրան, բայց հունաց թագավորի ահից չէր համարձակվում նույնիսկ նրան խոսքով անարգել հայտնապես կամ նրա դեմ խստություն բանեցնել, թող թե մահացնել»: