Դասարանում
Հայոց Աբգար թագավորի օրոք և, հաջորդող տարիներին, Քրիստոսի 12 աշակերտներից Սբ Թադեոս և Սբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ`I-ին դարում, դրվեց Հայ Առաքելական եկեղեցու հիմքը։ Առաջնորդական աթոռները՝ մինչև Գրիքրոր Լուսավորչի հայտնվելը, տեղակայված են եղել Եդեսիայում, Արտազում և Սյունիքում։ III-րդ դարի երկրորդ կեսերին Հայաստանի քաղաքական և կրոնական իրադարձությունները պայմանավորված էին Սասանյան Պարսկաստանի նվաճումների դեմ հայերի դիմադրությամբ։ Այդ ժամանակ Սասանյաններն էին ընտրում հայոց գահի թագաժառանգին։ Այդ խառնաշփոթի և անիշխանության ընթացքում պարսիկ մոգերը փոփոխում և ավիրում են հեթանոսական պաշտամունքի տաճարային կենտրոնները։ Որմիզդ-Արտաշիրը Բագավանում վառում է «որմիզդական կրակը» և Արտաշես I-ի սահմանաքարերի գրությունները փոխում է իր անունով։ Այսինքն՝ Տրդատ III-րդի և Գրիգորի Հռոմեական կայսրությունում գտնվելու ընթացքում մոգերը ավիրեցին հեթանոսական մշակույթը։ Վերադառնալով Հռոմից Տրդատի հետ գալիս է Գրիրգորը՝ իր մոտ ծառայելու նպատակով։ Մի օր, Անահիտ աստվածուհու տաճարում զոհեր մատուցելու արարողության ընթացքում Տրդատը նկատում է, որ Գրիգորը չի մասնակցում արարողությանը։ Այնուհետև իմանում է, որ նա Անակի որդին է և Քրիստոնյա է, ինչից հետո նրան ստորգետնյա բանտում է բանտարկում՝ Խոր Վիրապում։ Դիոկղետիանոս կայսեր հետապնդումից փախչելով Գայանեի և Հռիփսիմեի գլխավորությամբ Հայաստան են գալիս Հռիփսիմյան կույսերը։ Տրդատը սիրահարվում է Հռիփսիմեին, սակայն Հռիփսիմեն մերժում է նրան, ինչն էլ բերում է կույսերի նահատակությանը։ Այդ իրադարձությունը նաև դառնում է Տրդատի ծանր հիվանդության պատճառ։ Տրդատի քույր Խոսրովիդուխտը իր տեսիլքում տեսնում է, որ միայն Գրիգորն է կարող բուժել եղբորը և բոլոր մյուս հիվանդներին։ Գրիգորին՝ 13 տարի Խոր Վիրապում բանտարկված լինելուց հետո, ազատում են, նա բոլորին բուժում է և սկսում քրիստոնեության քարոզչությունը։ Մաքրվում են Հայաստանում «անիշխանության» ընթացքում մոգերի կատարած բոլոր ավիրվածությունները և դրանց փոխարեն դրվում են քրիստոնեական վկայարանների և եկեղեցնիների հիմքերը։