ՋՐԻ ՊԵՍ
Կռիվ տայի անդադար
Ու փրփրեի ջրի պես:
Թափառեի քարե-քար,
Քար փշրեի ջրի պես:
Լվանայի քեզ, աշխարհ,
Ու մաքրեի ջրի պես:
Քչքչայի սարն ի վար,
Մարգ ջրեի ջրի պես:
Միայն ջրելու համար
Վիզ ծռեի ջրի պես:
Շողեր, շողեր հագնեի,
Ցող ցրեի ջրի պես:
Թող գեթ մի օր ապրեի,
Բայց ապրեի ջրի պես:
ԱՅՍ ԻՄ ՀՐԱՇՔ ԱՇԽԱՐՀՆ Է
Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։
Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…
Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։
ԱՄՊԻ ԼԵՌՆԵՐ Է ՓՈՒԼ ՏՎԵԼ ՔԱՄԻՆ
Ամպի լեռներ է փուլ տվել քամին,
Ծիածաններ է կուլ տվել քամին։
Քամին մի ամբողջ աշուն է տարել,
Ամբողջ աշխարհ է շուռ տվել քամին։
Տարել է, տարել, էլ ո՞ւր եք ասում.
«Սխալմունքներ է թույլ տվել քամին»։