Հողատիրության ձևերը
Միջնադարում ձևավորված ավատատիրության հիմքում ընկած հողատիրությունը կալվածքային սեփականատիրությունն էր: Մեծ Հայքում մինչև 428 թ. պետական` թագավորական, ծառայողական, մասնատիրական` ժառանգական և համայնքային հողատիրության գերագույն տերը թագավորն էր: Գյուղատնտեսությունը հիմնված էր մասնավոր և համայնական հողատիրության վրա: Գյուղական համայնքները թագավորական գանձարանի հիմնական հարկատուներն էին: Հարկերի գանձումը և ապրանքափոխանակությունը հիմնականում կատարվում էր բնամթերքով: Թագավորից հետո խոշոր հողատերեր էին նախարարները` բդեշխները, գործակալները և նախարարական տոհմերի անդամները: Հորից որդուն անցնող ժառանգական հողերը կոչվում էին հայրենական: Երկրի կենտրոնում՝ միջնաշխարհում էին արքունի հողային տիրույթները` Ոստան Հայոցը: Այստեղ ապրում էին թագավորը, թագուհին ու արքայորդիները: 484 թ. Պարսկաստանը ճանաչեց Տանուտերական իշխանությունը, նախարարական ժառանգական հողատիրությունը և Հայ եկեղեցին: Արևմտյան Հայաստանում Բյուզանդական կայսրությունը փոփոխեց նախարարական հողային ժառանգության` հորից որդուն անցնելու ավանդական կարգը:
Աստիճանակարգությունը
Նախարարական տան գլխավորը կոչվում էր տեր կամ տանուտեր: V դ. վերջին, Վահան Մամիկոնյանը այն անվանվեց Տանուտերական իշխանության աշխարհ: Նախարարական տոհմի հաջորդ աստիճանը սեպուհներն էին: Հայոց թագավորը հողեր էր շնորհում նաև եկեղեցուն: Միջնադարում առաջացավ հողատիրության նոր` վանքապատկան ձևը: Նախարարները, եկեղեցական հոգևորականությունը, ինչպես նաև մանր ազնվականությունը պատ կանում էին ազատների դասին: Նրանք ունեին բազմաթիվ արտոնություններ: Դրանցից էր հեծելազորում ծառայելու իրավունքը: Ստորին՝ անազատների դասը կազմում էին քաղաքացիները, առևտրականները, արհեստավորները, շինականները, որոնցից կազմվում էր հետևակը: VIII դ. ընթացքում բազմաթիվ հողատեր, նախարարներ ոչնչացվեցին, և ծանր հարկերի հետևանքով երկրի զարգացումը խաթարվեց: IX դ. երկրորդ կեսին Հայոց թագավորական իշխանությունը վերականգնումից հետո հայկական ավատատիրական համակարգը լիովին վերականգնվեց։
Տրդատ III Մեծ և Գրիգոր Լուսավորիչ
I դ. հաստատվեց Հայ առաքելական եկեղեցին: IV դ. սկզբին քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման մեջ մեծ գործունեություն ծավալեցին ս. Գրիգորը և Տրդատ III–ը: Ս. Գրիգորի կոչով կառուցվեցին Հռիփսիմյան կույսերի վկայարաններ: Այդ գործում Գրիգոր Լուսավորչին օգնեցին Տրդատ թագավորը, թագուհին, թագավորի քույրը և նրանց օգնականները: Հայաստանի բոլոր կողմերից Տրդատ III Մեծի հրամանով նախարարները, ազատները, հայոց զորքը հավաքվում են Վաղարշապատում և Գրիգոր Լուսավորիչին կարգում եպիսկոպոսապետ: Ս. Գրիգորը հայ նախարարների ուղեկցությամբ մեկնում է Կապադովկիայի Մաժաք–Կեսարիա քաղաքը, որտեղ եպիսկոպոսների ժողովը նրան ձեռնադրում է հայոց կաթողիկոս: Այնուհետև նա վերադառնում է Հայաստան: Բագավանում` Նպատ լեռան ստորոտում, Տրդատ Մեծը, Աշխեն թագուհին և հայոց զորքը մեծ պատիվներով դիմավորում են ս. Գրիգորին: Լուսաբացին հայոց կաթողիկոսն արքունիքին, զորքին և ժողովրդին Արածանիի ջրերում մկրտում է: Այդպես 301 թ. քրիստոնեությունն աշխարհում առաջինը Հայաստանում հռչակվում է պետական կրոն: Ս. Էջմիածին Մայր տաճարի հիմնադրումից հետո հայոց կաթողիկոսը եկեղեցիներ է հիմնում` Տարոնում և Աշտիշատում:
Քրիստոնեության՝ պետականորեն ընդունման պատմական նշանակությունը
Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունումից հետո ավանդաբար պահպանվեցին հնուց եկող շատ տոներ ու ծեսեր և դարձան ազգային–եկեղեցական տոներ` Ամանոր, Ս. Ծնունդ, Տրնդեզ, Ս. Սարգիս, Բարեկենդան, Ծաղկազարդ, Զատիկ կամ Ս. Հարություն, Համբարձում, Վարդավառ, Խաղողօրհնեք և այլն: Մեծ վերելք ապրեց հայկական ճարտարապետությունը: Ազգապահպան մեծ նշանակություն ունեցավ Հայաստանում քրիստոնեության հռչակումը որպես պետական կրոն: Հայ եկեղեցու հովանու տակ հայ գիտության ու մշակույթի մեծ գործիչների` Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի, Մովսես Խորենացու, Եղիշեի, Դավիթ Անհաղթի, Անանիա Շիրակացու, Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Գրիգոր Տաթևացու և հետնորդների ստեղծագործական ժառանգությունը գումարվեց հազարամյակների խորքից եկող հայ մշակույթի ու գիտության գանձարանին: Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի հոգևոր ու գաղափարական առաջնորդ ու պաշտպանը: