Այս շաբաթ հասարակագիտության առարկայի քննարկման թեման կապված էր օրենսգրքի կետերի հետ։ Ունեցանք ուսումնասիրություններ այդ թեմայով, նաև կատարեցինք խմբային առաջադրանք, որի ժամանակ մեզ առաջադրվում էր Սահմանադրական կարգի հիմունքների՝ Գլուխ 1-ից ութ կետ, և մենք խմբով պետք է ուսումնասիրեինք այդ բոլոր ութ կետերը և ընտրեինք դրանցից չորսը, որոնք կարծում էինք, որ ամենակարևորն են։ Ըստ իս նման քննարկումներն ու խմբակային կատարված ուսումնասիրությունները շատ կարևոր են կրթության մեջ։ Ստորև ներկայացրած է իմ և իմ խմբի մասնակիցների ընտրած չորս կետերը, որոնք ամեաանհրաժեշտն ենք համարել։
Հոդված 2․ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է։
Այսօր Հայաստանի Հանրապետությունը գտնվում է այնպիսի ներքաղաքական վիճակում, որ այս հոդվածն ամբողջովին դրված է կասկածի տակ։ Այսօր շատ են խոսում, թե արդյո՞ք ներկայիս իշխանությունը պատկանում է ժողովրդին, այլ ոչ անհատին կամ կազմակերպությանը։ Այն հիմա ամենաարդիական և քննարկվող թեմաներից է։
Հոդված 3․ Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները
1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Այսօր, մի քանի տարի առաջ, և ընդհանրապես ՀՀ-ում մարդը բարձրագույն արժեք չի եղել, անկախ իր սոցիալական, առողջական վիճակից և գաղափարներից։ Օրինակ՝ սովորական աշխատողն ու բարձր պաշտոնյան իրարից ներկայացնում են տարբեր արժեքներ ՀՀ համար, մեկը պետության համար կարևոր և իսկապես բարձրագույն արժեք է, մյուսը ոչ այնքան։ Եվ չեմ կարծում, որ սա միայն մեր երկրում է , միանշանակ ամբողջ աշխարհում էլ այդպես չէ, սակայն աշխարհում մարդը կլինի՞ բարձրագույն արժեք, դա կախված է իր սոցիալական և առողջական վիճակից, ինչպես նաև իր գաղափարներից։
Հոդված 5․ Իրավական նորմերի աստիճանակարգությունը
1. Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ:
2. Օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ սահմանադրական օրենքներին և օրենքներին:
3. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Միանշանակ կարող եմ ասել, որ Սահմանդրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, սակայն սահմանադրական շատ օրենքներ հարմարեցված են որոշ անձանց, և հաճախ այն դառնում է բարձրագույն իրավաբանական ուժ, երբ պետք է լինում որոշ անձանց։ Այսպիսով այս կետն իմ կարծիքով որոշ չափով համապատասխանում է իրականությանը, որոշ չափով ոչ։
Եվ նաև կարճ քննարկում ունեցանք վերջին կետի մասին, ըստ որի ՀՀ վավերացրած պայմանագրերի և օրենքների միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային նորմերը։ Մի փոքր շեղվելով թեմայից խոսեցինք վերջերս շատ քննարկված Ռուս-թուրքական կամ Մոսկվայի պայմանագրի մասին։ Քանի որ այն չի կարելի համարել միջազգային իրավական նորմերին համապատասխանող պայմանագիր։ Այն կնքվել է ռուսների և թուրքերի միջև, իսկ հարցի շատ կարևոր մասեր վերաբերում են Հայաստանին, իսկ Հայաստանի Հանրապետությունից ոչ մի ներկայացուցիչ չի եղել և չի մասնակցել պայմանագրի կնքման գործընթացին։ Ավելի կոնկրետ՝ «պայմանագրերը կարող են վերաբերել միայն պայմանագիրը ստորագրող կողմերին և որևէ պարտավորություն կամ իրավունք չեն ստեղծում պայմանագրին մաս չկազմող երրորդ կողմի համար՝ առանց վերջինիս համաձայնության»։ Եվ նաև մեկ այլ հանգամանք, պայմանագիրը կնքվել է և դրա ստորագրման պահին պատվիրակություններից և ոչ մեկը լիազորված չէր հանդես գալու իր երկրի անունից. ռուսական (բոլշևիկյան) և թուրքական (քեմալական) պատվիրակությունները դեռևս չէին ներկայացնում իրենց երկրների իշխանությունները։ Սա նույնպես միջազգային նորմերին չի համապատասխանում։
Հոդված 6․ Օրինականության սկզբունքը
1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Վերը նշված հատվածում ինչպես ասեցի սահմանադրության շատ օրենքներ հարմարեցված են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց, և որքան էլ դա այդպես է կամ ոչ՝ դրանից տուժում են այն մարդիկ որոնց «հարմարեցված չեն» այդ օրենքները, ինչպես նաև այս տիպի լուրջ խնդիրների պատճառով է տուժում մեր պետության բարձրագույն իրավաբանական ուժը։