Posted in Uncategorized

Թեմա 6. Տիգրան Մեծի տերությունը

Հայկական տերությունը

Տիգրան Մեծի նվաճումների հետևանքով Առաջավոր Ասիայում ստեղծվեց աշխարհակալ մի նոր տերություն, որը տարածվում էր Եգիպտոսից ու Կարմիր ծովից մինչև Կովկասյան լեռներ և Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով: Այդ տերության մեջ էին մտնում Վիրքը, Աղվանքը, Ատրպատականը, Ադիաբենեն, Օսրոենեն, Կոմագենեն, Ասորիքը, Փյունիկիան, Դաշտային Կիլիկիան և այլ երկրներ: Տիգրան Մեծի տերությունը հելլենիստական պետություն էր: Տերության միջուկը կազմում էր Մեծ Հայքը, որտեղ բնակվում էր հայ ժողովրդի հիմնական զանգվածը, և որտեղ գտնվում էին տերության քաղաքական ու տնտեսական նշանավոր կենտրոնները: Տերության տնտեսապես ամենազարգացած շրջանը Ասորիքն էր՝ իր աշխարհահռչակ Անտիոք մայրաքաղաքով: Միջազգային տարանցիկ առևտրի կարևոր կենտրոններ էին Փյունիկիայի վաճառաշահ Տյուրոս, Բիբլոս, Բեյրութ, Սիդոն նավահանգստային քաղաքները: Հարուստ ու հռչակավոր էին նաև Դաշտային Կիլիկիայի Տարսոն, Ադանա և այլ քաղաքներ: Ասորիքի կառա վարչապետ նշանակվեց Տիգրան II-ի մերձավոր զինակից Բագարատը, որի նստավայրը Անտիոքն էր: Երկրագործության և արհեստագործության նշանավոր կենտրոն էր Հյուսիսային Միջագետքը, որի կառավարիչն էր Տիգրան II-ի կրտսեր եղբայր Գուրասը: Թվարկված երկրները հայկական տերության կազմում ունեին տարբեր կարգավիճակներ: Տիգրան Մեծը գրաված երկրների մի մասը վերածեց ենթակա թագավորությունների: Տիգրանը իրեն հռչակեց նաև Սիրիայի թագավոր: Մյուս երկրները վերածվեցին նահանգների, որոնք կառավարում էին նշանակված փոխարքաները կամ կուսակալները: Նվաճված երկրները պարտավոր էին հարկ վճարել և զորք տրամադրել: Զորք էին տրամադրում նաև Հայաստանի քաղաքական ազդեցության ոլորտում գտնվող թագավորներն ու հպատակ ցեղերը: Այսպիսով` Տիգրան II-ը դարձավ Առաջավոր Ասիայի մեծագույն մասի տիրակալը: Հայոց տերության մեջ անմիջականորեն մտնող տարածքը կազմում էր շուրջ 1 մլն կմ2 , իսկ նրա քաղաքական գերիշխանության ու ազդեցության ներքո գտնվող ամբողջ տարածքը կազմում էր շուրջ 3 մլն կմ2:

Տիգրանակերտի կառուցումը

Հայկական աշխարհակալ տերությունը նվաճումների հետևանքով նոր մայրաքաղաքի կարիք ուներ: Արտաշատն արդեն չէր կարող կատարել այդ դերը, քանզի մնացել էր տերության ծայր հյուսիսում, իսկ Անտիոքը գտնվում էր բուն հայկական հողերից դուրս և ուներ օտարազգի բնակչություն: Այն հիմնադրվեց Աղձնիք նահանգում, Տիգրիսի ձախակողմյան վտակներից մեկի ափին: Մայրաքաղաքը կառուցվեց Ք. ա. 70-ական թվականների ընթացքում և անվանակոչվեց Տիգրանակերտ: Մայրաքաղաքը բնակեցնելու նպատակով Տիգրան II-ը նվաճված երկրների քաղաքային բնակչության մեծ մասին բռնագաղթեցրեց Հայաստան: Հայաստան տեղափոխված ամբողջ բնակչությունը չի բնակեցվել միայն Տիգրանակերտում: Այսպիսով` կարճ ժամանակամիջոցում կառուցվեց մեծ ու շքեղ մի քաղաք: Քաղաքը շրջապատված է եղել 25 մ բարձրությամբ պարիսպներով, ունեցել է անառիկ միջնաբերդ: Տիգրանակերտն Արևելքի նշանավոր քաղաքներից էր՝ արհեստագործության, առևտրի ու մշակույթի խոշոր կենտրոն: Քաղաքն ունեցել է իր թատրոնը, որտեղ հույն դերասանները ողբերգություններ և թատերգություններ են բեմադրել: Բացի Տիգրանակերտ մայրաքաղաքից` նույն անվանումով քաղաքներ են հիմնադրվել նաև տերության այլ վայրերում: Հայ ժողովուրդը դարեր շարունակ իր բանավոր ստեղծագործություններում փառաբանել է Տիգրան Մեծի կերպարը: Նրա կյանքի ու գործի հիանալի նկարագրությունը փոխանցվել է սերնդից սերունդ: Գովերգվել են նրա մարդկային ու արքայական առաքինությունները:

Leave a comment