Posted in Uncategorized

Թեմա 7. Տիգրան Մեծի տերության անկումը

Հռոմեական հանրապետության արևելյան քաղաքականությունը, Լուկուլլոսի արշավանքը Հայաստան

80-70-ական թվականներին Հռոմի` Պոնտոսի դեմ մղած հաղթական պատերազմներից և Տիգրան II-ի կողմից Դաշտային Կիլիկիան գրավելուց հետո երկու տերությունները դարձան հարևաններ: Տիգրան II-ն իր նվաճումներով Հռոմի առջև փակում էր դեպի Արևելք տանող բոլոր ճանապարհները: Լրջորեն անհանգստացած դրանից՝ Հռոմն սկսում է նախապատրաստվել պատերազմի ընդդեմ Հայոց տերության: Ռազմաքաղաքական իրադրությունը Հռոմի համար նպաստավոր էր. Ք. ա. 71թ. հռոմեական զորավար Լուկուլլոսը գլխովին ջախջախել էր Տիգրան II-ի դաշնակից Միհրդատ Եվպատորին: Վերջինս մազապուրծ փախել էր Հայաստան և քաղաքական ապաստան ստացել: Լուկուլլոսը հատուկ դեսպան ուղարկեց Տիգրանի մոտ և պահանջեց Միհրդատին հանձնել իրեն: Հայոց արքան մերժեց հռոմեացիների պահանջը:

Տիգրանակերտի ճակատամարտը

Ք. ա. 69թ. գարնանը հռոմեական բանակները, անցնելով սահմանային Եփրատ գետը, ներխուժեցին Հայաստան: Սկսվեց հայ-հռոմեական պատերազմը: Պատերազմն ընթացել է երկու փուլով՝ Ք. ա. 69-67թթ. և Ք. ա. 66թ.: Դրանք միմյանցից տարբերվում են ռազմավարությամբ և ձեռք բերված արդյունքներով: Լուկուլլոսը մշակել էր կայծակնային պատերազմի ծրագիր, որի հիմնական սկզբունքներն էին հանկարծակիությունն ու շեշտակի հարվածը: Հռոմեական բանակի ներխուժումը Հայաստան իրոք անսպասելի էր: Առանց որևէ դժվարության Լուկուլլոսը գրավեց Ծոփքը և սրընթաց շարժվեց դեպի Աղձնիք՝ գրավելու Տիգրանակերտը: Տիգրանակերտն անակնկալ գրոհով գրավելու ծրագիրը ձախողվեց: Հայոց արքան այդ ժամանակ գտնվում էր Պտղոմայիսում, սակայն Տիգրանակերտի կայազորը, հայ զորավար Մանկայոսի հրամանատարությամբ, քաղաքը պաշտպանում էր հմտությամբ: Գրոհի ձախողումից հետո Լուկուլլոսն ստիպված եղավ պաշարել քաղաքը: Կայծակնային պատերազմի ծրագիրը տապալվեց: Հռոմեական բանակի` Հայաստան ներխուժման լուրը Տիգրան II-ն իմացավ հեռավոր Պաղեստինում, ուր կենտրոնացած էին հայկական բանակի գլխավոր հարվածային ուժերը: Տիգրանը թագավորական թիկնապահ գնդով շտապ վերադարձավ Հայաստան: Բանակի հիմնական ուժերը՝ Բագարատ զորավարի հրամանատարությամբ, հետևեցին արքային: Մինչև Հայաստան հասնելը Տիգրան II-ը Լուկուլլոսի դեմ ուղարկեց Մեհրուժան զորավարի փոքրաթիվ, սակայն մարտունակ զորաջոկատը: Սակայն հռոմեացիների գերակշիռ ուժերի հետ ընդհարման ժամանակ պարտվեց, իսկ Մեհրուժանն էլ զոհվեց: Սեպտեմբերի կեսերին Տիգրանի գլխավորած հայկական բանակը մոտեցավ պաշարված Տիգրանակերտին, որտեղ գտնվում էին նրա ընտանիքը և գանձարանը: Հայկական մի զորամաս հանկարծակի ու խիզախ գրոհով մուտք գործեց քաղաք և այնտեղից դուրս բերեց արքայից արքայի ընտանիքն ու գանձերի մեծ մասը: Հայկական բանակի թիվը 300 հազար զինվոր էր, սա իրականությանը չհամապատասխանող թվաքանակ է: Հոկտեմբերի 6-ի վաղ առավոտյան սկսվեց Տիգրանակերտի ճակատամարտը: Շրջանցելով Տիգրանի բանակը՝ նա հայոց զորքի թիկունքում կենտրոնացրեց նշանակալի ուժեր, որոնք էլ վճռեցին ճակատամարտի ելքը: Ենթարկվելով երկկողմանի հարձակման և տալով զգալի կորուստներ` հայկական բանակը ստիպված էր նահանջել երկրի խորքը: Հռոմեացիների հաղթանակը որոշեց նաև Տիգրանակերտի ճակատագիրը: Կայազորի հույն վարձկանները, կաշառվելով Լուկուլլոսի կողմից, հոկտեմբերի վերջերին ապստամբեցին և քաղաքի դարպասները բացեցին հակառակորդի առջև: Նորակառույց ու հարուստ քաղաքը քարուքանդ եղավ և թալանվեց:

Արածանիի ճակատամարտը

Լուկուլլոսը, ռազմական գործողությունները համարելով ավարտված, բանակը տարավ ձմեռելու Կորդուքի տաք շրջաններ: Օգտվելով դրանից՝ Տիգրան Մեծն անմիջապես օգտագործեց դադարը և սկսեց եռանդուն նախապատրաստվել ապագա ռազմական գործողություններին: Այլևս հույսը կորցնելով, թե Տիգրանը հաշտություն կխնդրի իրենից, Լուկուլլոսը Ք. ա. 68թ. գարնան վերջերին դուրս եկավ Կորդուքից և բռնեց Արտաշատ տանող ճանապարհը: Նա համոզված էր, որ Տիգրանին պարտադրելով նոր ճակատամարտ` գլխովին կոչնչացնի հայկական բանակը և հեշտությամբ կգրավի Արտաշատը: Անսպասելի հարձակումներով հայերը ջլատում էին հռոմեացիների ուժերը: Լուկուլլոսի հյուծված և մարտունակությունը կորցրած բանակը միայն սեպտեմբերի 22-ին հասավ Արածանիի գետանց: Առջևում Հայկական Պար լեռնաշղթան էր, իսկ նրանից քիչ այն կողմ՝ Արտաշատն իր անբավ հարստություններով: Սակայն հռոմեական բանակն այնքան էր ջլատված, և կորուստներն այնքան շատ էին, որ զինվորները հրաժարվում էին շարունակել ռազմերթը դեպի Հայկական Կարթագեն։ Հռոմեական բանակը լիակատար պարտություն կրեց: Արածանիի ճակատամարտը ցույց տվեց Տիգրանի՝ որպես հիանալի ռազմագետի կարողությունները: Անպարտելի համարվող հռոմեական բանակը ծանր պարտություն կրեց, դրան հետևեց նրա խայտառակ փախուստը: Լուկուլլոսն ստիպված էր թողնել Հայաստանի սահմանները: Տիգրան Մեծի հանձնարարությամբ Միհրդատ Եվպատորը հայկական մի զորամասով անցավ Պոնտոս և սկսեց երկրի ազատագրումը: Հռոմեացիների առաջին արշավանքը դեպի Արևելք լիովին ձախողվեց: Լուկուլլոսի պարտության հետևանքով հայկական տերության քաղաքական ու ռազմական հեղինակությունը վերականգնվեց: Ք. ա. 67թ. կեսերին հայկական բանակները ներխուժեցին Կապադովկիա՝ պատրաստվելով վերականգնել հայկական իշխանությունը Սիրիայում և Միջերկրական ծովի ափերին: Հռոմեական սենատն արտակարգ միջոցներ ձեռք առավ: Լուկուլլոսը հեռացվեց գլխավոր հրամանատարի պաշտոնից, հրամանատար նշանակվեց Գնեոս Պոմպեոսը:

Պոմպեոսի արշավանքը Հայաստան

Պոմպեոսը Ք. ա. 66թ. գարնանը, ժամանելով Արևելք, նախապես պարթևների հետ դաշինք կնքեց ընդդեմ Տիգրան Մեծի և Միհրդատ Եվպատորի: Պարթևները սիրով համաձայնեցին, քանզի ցանկանում էին վրեժխնդիր լինել Տիգրանից իրենց ստորացման համար: Նույն տարվա ամռանը Պոմպեոսը պարտության մատնեց Միհրդատ Եվպատորին և գրավեց Պոնտոսը, որով Հայաստանը զրկվեց իր միակ դաշնակցից: Հռոմեական բանակը պատրաստվում էր ներխուժել Հայաստան: Ստեղծված բարդ իրադրությունը Տիգրան II–ից պահանջում էր գործել չափազանց զգույշ և ճշգրիտ: Հայաստանի համար այս ճակատագրական պահին երկրում սկսվեցին ներքին երկպառակություններ: Տիգրան Մեծի դեմ ընդվզեց նրա որդի Տիգրանը: Վերջինս գտնում էր, որ պետք է պատերազմը շարունակել մինչև հաղթական ավարտ: Տիգրան Մեծը ճնշեց ընդդիմադիր հայ ավագանու շահերը ներկայացնող Տիգրան Կրտսերի խռովությունը, որն իրեն հռչակել էր Հայոց թագավոր: Վերջինս հույս ուներ թոռան գահակալությամբ Հայաստանը ծառայեցնել Պոնտոսի քաղաքական շահերին: Ստեղծված իրավիճակում Տիգրան Մեծն ստիպված եղավ զորքը դուրս բերել Կապադովկիայից և վերադառնալ Հայաստան: Տիգրան Կրտսերը փախավ Պարթևստան, որի թագավոր Հրահատ III-ն անմիջապես օգտագործեց պահը և որոշեց օգնել ապստամբ արքայազնին՝ նրան կնության տալով դստերը: Տիգրան Կրտսերը պարթևական բանակով ներխուժեց Հայաստան և պաշարեց Արտաշատը: Սակայն հայկական բանակը հակահարված տվեց պարթևներին, որոնք նահանջեցին իրենց երկիր, իսկ Տիգրան Կրտսերը ճողոպրեց Պոնտոս: Կես ճանապարհին լուր ստանալով, որ պապը՝ Միհրդատ Եվպատորը, պարտություն է կրել Պոմպեոսից և փախել Բոսպորի թագավորություն, նա այս անգամ որոշեց դիմել Պոմպեոսի օգնությանը: Պոմպեոսն անմիջապես օգտագործեց բախտախնդիր արքայազնին՝ փորձելով ազդել Տիգրան Մեծի քաղաքականության վրա: Ք. ա. 66թ. ամռան վերջերին Տիգրան Կրտսերի ուղեկցությամբ Պոմպեոսի գլխավորած հռոմեական բանակը ներխուժեց Հայաստան: Տիգրան Մեծի դիրքերը բավականին թուլացել էին: Հաջողության հասնելու հույսերը փոքր էին, ուստի ավելի խոհեմ կլիներ Հայաստանին ձեռնտու պայմաններով հաշտվել Հռոմի հետ և հենց նրա օգնությամբ էլ պայքարել մյուս երկուսի դեմ: Հակառակ դեպքում Հայաստանը կարող էր կորցնել իր անկախությունը: Ուստի անհրաժեշտ էր զիջումների դիմել` գլխավորը՝ անկախությունը, պահպանելու համար: Պոմպեոսը Ք. ա. 66թ․սկսվեցին հայ-հռոմեական հաշտության բանակցությունները: Այն, ինչին ձգտում էր Հռոմը, ստանում էր առանց ռազմական գործողությունների և զոհերի:

Արտաշատի հաշտության պայմանագիրը

Ք. ա. 66թ. սեպտեմբերին Արտաշատում կնքվեց հայ-հռոմեական պայմանագիրը: Ըստ պայմանագրի՝ Հայաստանը հօգուտ Հռոմեական հանրապետության հրաժարվում էր Միջերկրական ծովի ափերից: Սակայն Հայոց տերությունը պահպանում էր իր միջուկը կազմող Մեծ Հայքի տարածքը: Ծոփքն անջատվում էր Մեծ Հայքից և դառնում առանձին պետություն, այստեղ թագավոր էր հաստատվում Տիգրան Կրտսերը՝ պայմանով, որ Տիգրան II-ի մահից հետո Մեծ Հայքն ու Ծոփքը դարձյալ միավորվելու էին մեկ պետության մեջ՝ Տիգրան Կրտսերի գահակալության ներքո: Հայաստանը Հռոմին պետք է վճարեր 6 հազար տաղանդ ռազմատուգանք: Հայաստանը հայտարարվում էր «հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից»: Հայաստանը պահպանեց իր անկախությունը:

Posted in Uncategorized

Թեմա 6. Տիգրան Մեծի տերությունը

Հայկական տերությունը

Տիգրան Մեծի նվաճումների հետևանքով Առաջավոր Ասիայում ստեղծվեց աշխարհակալ մի նոր տերություն, որը տարածվում էր Եգիպտոսից ու Կարմիր ծովից մինչև Կովկասյան լեռներ և Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով: Այդ տերության մեջ էին մտնում Վիրքը, Աղվանքը, Ատրպատականը, Ադիաբենեն, Օսրոենեն, Կոմագենեն, Ասորիքը, Փյունիկիան, Դաշտային Կիլիկիան և այլ երկրներ: Տիգրան Մեծի տերությունը հելլենիստական պետություն էր: Տերության միջուկը կազմում էր Մեծ Հայքը, որտեղ բնակվում էր հայ ժողովրդի հիմնական զանգվածը, և որտեղ գտնվում էին տերության քաղաքական ու տնտեսական նշանավոր կենտրոնները: Տերության տնտեսապես ամենազարգացած շրջանը Ասորիքն էր՝ իր աշխարհահռչակ Անտիոք մայրաքաղաքով: Միջազգային տարանցիկ առևտրի կարևոր կենտրոններ էին Փյունիկիայի վաճառաշահ Տյուրոս, Բիբլոս, Բեյրութ, Սիդոն նավահանգստային քաղաքները: Հարուստ ու հռչակավոր էին նաև Դաշտային Կիլիկիայի Տարսոն, Ադանա և այլ քաղաքներ: Ասորիքի կառա վարչապետ նշանակվեց Տիգրան II-ի մերձավոր զինակից Բագարատը, որի նստավայրը Անտիոքն էր: Երկրագործության և արհեստագործության նշանավոր կենտրոն էր Հյուսիսային Միջագետքը, որի կառավարիչն էր Տիգրան II-ի կրտսեր եղբայր Գուրասը: Թվարկված երկրները հայկական տերության կազմում ունեին տարբեր կարգավիճակներ: Տիգրան Մեծը գրաված երկրների մի մասը վերածեց ենթակա թագավորությունների: Տիգրանը իրեն հռչակեց նաև Սիրիայի թագավոր: Մյուս երկրները վերածվեցին նահանգների, որոնք կառավարում էին նշանակված փոխարքաները կամ կուսակալները: Նվաճված երկրները պարտավոր էին հարկ վճարել և զորք տրամադրել: Զորք էին տրամադրում նաև Հայաստանի քաղաքական ազդեցության ոլորտում գտնվող թագավորներն ու հպատակ ցեղերը: Այսպիսով` Տիգրան II-ը դարձավ Առաջավոր Ասիայի մեծագույն մասի տիրակալը: Հայոց տերության մեջ անմիջականորեն մտնող տարածքը կազմում էր շուրջ 1 մլն կմ2 , իսկ նրա քաղաքական գերիշխանության ու ազդեցության ներքո գտնվող ամբողջ տարածքը կազմում էր շուրջ 3 մլն կմ2:

Տիգրանակերտի կառուցումը

Հայկական աշխարհակալ տերությունը նվաճումների հետևանքով նոր մայրաքաղաքի կարիք ուներ: Արտաշատն արդեն չէր կարող կատարել այդ դերը, քանզի մնացել էր տերության ծայր հյուսիսում, իսկ Անտիոքը գտնվում էր բուն հայկական հողերից դուրս և ուներ օտարազգի բնակչություն: Այն հիմնադրվեց Աղձնիք նահանգում, Տիգրիսի ձախակողմյան վտակներից մեկի ափին: Մայրաքաղաքը կառուցվեց Ք. ա. 70-ական թվականների ընթացքում և անվանակոչվեց Տիգրանակերտ: Մայրաքաղաքը բնակեցնելու նպատակով Տիգրան II-ը նվաճված երկրների քաղաքային բնակչության մեծ մասին բռնագաղթեցրեց Հայաստան: Հայաստան տեղափոխված ամբողջ բնակչությունը չի բնակեցվել միայն Տիգրանակերտում: Այսպիսով` կարճ ժամանակամիջոցում կառուցվեց մեծ ու շքեղ մի քաղաք: Քաղաքը շրջապատված է եղել 25 մ բարձրությամբ պարիսպներով, ունեցել է անառիկ միջնաբերդ: Տիգրանակերտն Արևելքի նշանավոր քաղաքներից էր՝ արհեստագործության, առևտրի ու մշակույթի խոշոր կենտրոն: Քաղաքն ունեցել է իր թատրոնը, որտեղ հույն դերասանները ողբերգություններ և թատերգություններ են բեմադրել: Բացի Տիգրանակերտ մայրաքաղաքից` նույն անվանումով քաղաքներ են հիմնադրվել նաև տերության այլ վայրերում: Հայ ժողովուրդը դարեր շարունակ իր բանավոր ստեղծագործություններում փառաբանել է Տիգրան Մեծի կերպարը: Նրա կյանքի ու գործի հիանալի նկարագրությունը փոխանցվել է սերնդից սերունդ: Գովերգվել են նրա մարդկային ու արքայական առաքինությունները:

Posted in Uncategorized

Թեմա 5. Հայաստանը՝ Աշխարհակալ տերություն։ Տիգրան 2-րդ Մեծ

Տիգրան II-ի գահակալությունը

Արտաշես I-ին հաջորդեց նրա ավագ որդին՝ Արտավազդ I-ը (Ք. ա. 160-115թթ.), որը թագավորեց խաղաղությամբ: Արտավազդի գահակալման վերջին տարիներին բռնկվեց հայ-պարթևական կարճատև պատերազմ, որում Հայոց թագավորությունը պարտվեց: Ք. ա. 115թ. անժառանգ Արտավազդ I-ը ստիպված էր եղբորորդուն՝ Տիգրանին որպես պատանդի հանձնել պարթևներին: Արտավազդ II-ի մահից հետո թագավորեց նրա կրտսեր եղբայր Տիգրան I-ը (Ք. ա. 115-95թթ.): Պատանդության մեջ թագաժառանգ Տիգրանը մնաց շուրջ 20 տարի և հայրենիք վերադարձավ հոր՝ Տիգրան I-ի մահից հետո: Իր ազատության դիմաց նա ստիպված եղավ պարթևներին զիջել Մեծ Հայքի հարավ-արևելքում գտնվող «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը:

Ծոփքի միացումը Մեծ Հայքին

Տիգրան II-ը (Ք. ա. 95-55թթ.) գահ բարձրացավ 45 տարեկան հասակում: Նրա առաջնահերթ խնդիրը հայկական բոլոր տարածքները մեկ ընդհանուր պետության մեջ միավորելն էր: Արտաշես I-ը հիմնականում լուծել էր այդ կարևոր խնդիրը՝ բացառությամբ Ծոփքի և Փոքր Հայքի թագավորությունների: Ք. ա. 94թ. Տիգրանի բանակները մտան Ծոփք և այն միացրեցին Մեծ Հայքին: Ծոփքի թագավորն սպանվեց: Մեծ Հայքի թագավորությունը դուրս եկավ Եփրատի ափեր: Գետից այն կողմ տարածվում էր Կապադովկիայի թագավորությունը, որը շուտով հայտնվեց Տիգրան II-ի ուշադրության կենտրոնում:

Կապադովկիայի ռազմակալումը

Հայկական բոլոր հողերը միավորելու համար անհրաժեշտ էր Մեծ Հայքին միացնել նաև Փոքր Հայքը, որը մինչ այդ միացվել էր Պոնտոսի թագավորությանը: Վերջինս Փոքր Ասիայի հզոր պետություններից էր և ուներ լավ վարժեցված ու մարտունակ բանակ: Պոնտոսի թագավորը Միհրդատ VI Եվպատորն էր: Իր ամբողջ գործունեության ընթացքում նա Հռոմի դեմ հետևողական պայքար է մղել` Փոքր Ասիայում մի ընդարձակ և հզոր հելլենիստական պետություն ստեղծելու նպատակով: Այդ ճանապարհին գլխավոր խոչընդոտը Հռոմն էր, ուստի իր հակահռոմեական պայքարում Միհրդատը որոշեց դաշնակցել Տիգրան II-ի հետ: Տիգրան II-ն ու Միհրդատ Պոնտացին արագ համաձայնության եկան միմյանց հետ: Ք. ա. 94թ. կնքվեց հայ-պոնտական պայմանագիր, որի համաձայն՝ 1. Հայաստանը գործողությունների ազատություն էր ստանում հյուսիսում, հարավում և արևելքում, իսկ Պոնտոսը՝ արևմուտքում: 2. Կողմերը միացյալ ուժերով հարձակվելու էին Կապադովկիայի վրա, որի տարածքը պետք է ստանար Պոնտոսը, իսկ շարժական գույքը և բնակչությունը՝ Հայաստանը: 3. Դաշինքն ամրապնդելու նպատակով Միհրդատն իր դուստր Կլեոպատրային կնության էր տալիս Տիգրան II-ին: Ք. ա. 93թ. հայկական զորքերը ներխուժեցին Կապադովկիա: Ճիշտ է, Հռոմի զինված միջամտությամբ հաջողվեց վերականգնել Կապադովկիայի թագավորությունը, սակայն վերջինս մեծապես թուլացավ, իսկ Հայոց թագավորությունը ձեռք բերեց հսկայական ավար և մեծ թվով գերիներ:

Տիգրան II Մեծի նվաճումները

Հռոմի և Պարթևստանի միջև կնքվեց համաձայնագիր, որն ուղղված էր Հայաստանի  ու Պոնտոսի դեմ: Տիգրան II-ի նվաճողական ծրագրերի իրականացմանը խանգարում էր հատկապես Պարթևստանը: Նրա թագավոր Միհրդատ II-ը կամենում էր գերիշխանություն հաստատել Մեծ Հայքի թագավորության նկատմամբ: Սակայն Միհրդատ II-ի կյանքի վերջին տարիներին Պարթևստանում սկսված ներքաղաքական պայքարի հետևանքով թագավորական իշխանությունը զգալիորեն թուլացավ: Իսկ երբ նա մահացավ, Տիգրանն անմիջապես հարձակվեց Պարթևստանի վրա և առաջին հերթին վերադարձրեց «Յոթանասուն հովիտները»: Այնուհետև հայկական զորքերը մտան Պարթևստանին ենթակա Ատրպատականի թագավորություն և գրավեցին այն: Շարժվելով հարավարևելք՝ հայկական բանակը գլխովին ջախջախեց պարթևների զորքը և պաշարեց պարթևական թագավորների ամառային նստավայր Էկբատանը: Պարթևական թագավոր Գոդերձ II-ն ստիպված հաշտություն խնդրեց: Հաշտության պայմանագրի համաձայն` պարթևները հօգուտ Հայաստանի հրաժարվում էին Մարաստանից և Հյուսիսային Միջագետքից՝ պահելով միայն Էկբատան ամառային աթոռանիստը: Շատ կարևոր է, որ պարթևաց արքան հրաժարվում էր նաև արքայից արքա տիտղոսից: Այն այսուհետև կրելու էին Տիգրանն ու նրա հաջորդները: Այնուհետև հայկական բանակը մեկը մյուսի հետևից գրավեց Հյուսիսային Միջագետքի երկրները: Հյուսիսային Միջագետքի գրավմամբ Տիգրան II-ի տերությունն ընդհուպ սահմանակցեց Սելևկյան պետությանը, նրանց բաժանում էր միայն Եփրատ գետը: Երբեմնի հզոր Սելևկյան թագավորությունն ապրում էր խոր ճգնաժամ: Չկարողանալով հաղթահարել այդ ճգնաժամը՝ երկրի ավագանին ելքը տեսնում էր արտաքին որևէ տիրակալի իշխանությունն ընդունելու մեջ: Ի վերջո ընտրությունը կանգ առավ Տիգրան II-ի թեկնածության վրա: Ք. ա. 84թ. հայկական բանակներն անարգել մտան Ասորիք: Տիգրանն Անտիոքում բազմեց Սելևկյանների գահին ու այստեղ խաղաղությամբ իշխեց շուրջ երկու տասնամյակ: Ասորիքի միացումը հնարավորություն ստեղծեց գրավելու Կոմագենեն ու Կիլիկիան, ապա նաև Փյունիկիան: Ի վիճակի չլինելով դիմադրելու Հայոց թագավորի բանակներին՝ Հայաստանի գերիշխանությունն ընդունեցին Հրեաստանը և մի քանի այլ երկրներ: Տիգրանին համառ դիմադրեցին Միջերկրականի ծովափնյա քաղաքները, որոնցից վերջինը՝ Պտղոմայիսը, նա գրավեց միայն Ք. ա. 71թ.: Հայկական տերության սահմանները հասան Եգիպտոս, որը հայտնվեց Հայոց թագավորի հետաքրքրությունների շրջանակում: Նրա թագավոր Պտղոմեոս XII-ը գահ բարձրացավ Տիգրան II-ի օգնությամբ:

Posted in Uncategorized

Թեմա 4. Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը՝ Արտաշես I

Արտաշես I-ի գահակալումը

Ք. ա. 190թ. Մագնեսիայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում, Սելևկյանները ծանր պարտություն կրեցին Հռոմից: Մեծ Հայքի և Ծոփքի Սելևկյան կառավարիչներ Արտաշեսն ու Զարեհն անմիջապես օգտվեցին Սելևկյանների պարտությունից և Ք. ա. 189թ. իրենց անկախ թագավորներ հռչակեցին: Հռոմն անմիջապես ճանաչեց նրանց անկախությունը: Նույն այդ ժամանակ իրենց անկախությունը վերականգնեցին նաև Փոքր Հայքի և Կոմագենեի հայկական թագավորությունները: Այսպիսով` Երվանդականների թագավորության անկումից ընդամենը մեկ տասնամյակ անց Մեծ Հայքը և Ծոփքը վերականգնեցին իրենց անկախությունը: Մեծ Հայքում հաստատվեց արքայական մի նոր հարստություն (Ք. ա. 189-1թթ.), որի հիմնադիրը դարձավ Արտաշես I-ը (Ք. ա. 189-160թթ.):

Հայկական հողերի միավորումը

Մինչ Արտաշես I-ի գահակալությունը հարևան երկրները, զավթել էին ծայրամասային երկրամասերը: Արտաշեսը և Զարեհը ձեռնամուխ եղան հայկական հողերի վերամիավորմանը: Արտաշեսը ոչ միայն վերամիավորեց Մեծ Հայքից զավթված տարածքները, այլև քայլեր ձեռնարկեց իր թագավորությանը միացնելու նաև Ծոփքը, Կոմագենեն ու Փոքր Հայքը: Իր թագավորության հենց սկզբում Արտաշեսն արշավանք է ձեռնարկում դեպի Արևելք և հասնում Կասպից ծովի ափեր: Նա այստեղ Մեծ Հայքին է միացնում Կասպքը  և մինչև Ուրմիո լճի ափերն ընկած տարածքները: Ապա արշավանք է ձեռնարկում դեպի հյուսիս՝ Վիրք: Արևմուտքում Արտաշեսը գրավեց և Մեծ Հայքին միացրեց Կարնո երկրամասն ու Դերջան գավառը: Հարավում երկարատև ու արյունահեղ կռիվներից հետո Արտաշեսն ազատագրեց Սելևկյանների բռնազավթած Տմորիք երկրամասը: Ծոփքի արքա Զարեհի մահից հետո, Արտաշեսը փորձեց Ծոփքը նույնպես միացնել Մեծ Հայքին, սակայն նա հանդիպեց Ծոփքի դաշնակից Կապադովկիայի դիվանագիտական համառ դիմադրությանը, որի հետևանքով Ծոփքի միացումը հետաձգվեց: Արտաշեսի ձեռնարկումների շնորհիվ հայկական տարածքների մեծ մասը միավորվեց մեկ ընդհանուր պետության՝ Մեծ Հայքի թագավորության մեջ: Այդ պատճառով է, որ հույն պատմիչը նրան անվանում է «Հայաստանի մեծ մասի կառավարիչ»: Հայկական հողերի մեծ մասի միավորումով Մեծ Հայքի թագավորությունը վերածվեց Առաջավոր Ասիայում պատկառելի ուժ ներկայացնող մի պետության: Ք. ա. 183-179թթ. Փոքր Ասիայում պատերազմ բռնկվեց մի կողմից Պոնտոսի ու Փոքր Հայքի, մյուս կողմից՝ Կապադովկիայի, Բյութանիայի ու նրանց դաշնակիցների միջև: Մեծ Հայքը չեզոքություն պահպանեց, բայց ակտիվորեն ներազդեց կողմերի վրա՝ պատերազմը դադարեցնելու համար: Հաշտության պայմանագրի կնքմանը, որպես հեղինակավոր ու հարգված գահակալ, դատավորի կարգավիճակով հրավիրվեց նաև Արտաշես I-ը: Դիվանագիտական նուրբ ու ճշգրիտ քայլերով Արտաշեսը կարողացավ Պոնտոսի հաշվին ընդարձակել Փոքր Հայքի տարածքը՝ անշուշտ, հետագայում իր թագավորությանը միացնելու հեռահար ծրագրով: Իսկ երբ Մարաստանի Սելևկյան սատրապն ապստամբեց և իրեն հայտարարեց անկախ թագավոր, Արտաշես I-ը Սելևկյաններին թուլացնելու նպատակով անմիջապես օգնության ձեռք մեկնեց նրան:

Posted in Uncategorized

Թեմա 3. Հայկական Երվանդունիների թագավորություն Ք․ա․7-6-րդ դարերում

Պարույր Նահապետը` Հայոց թագավոր:

Ք. ա. Vll դարի վերջերին Վանի թագավորությունը խիստ թուլացավ: Վանի թագավորության փլատակների վրա հանդես եկան մի շարք իշխանություններ, որոնց մեջ սկսեց առանձնանալ Պարույրի իշխանությունը: Նրա իշխանությունը միավորում էր մեր պատմական հայրենիքի հարավային և հարավարևմտյան շրջանները: Պարույրն ակտիվորեն ներառվում է Առաջավոր Ասիայում հանդես եկած երկու հզոր պետությունների՝ Մեդիայի (Մարաստան) և Բաբելոնիայի՝ Ասորեստանի դեմ մղած պայքարում: Ք. ա. 612թ. Նինվեի վրա իր զորաբանակով մարա-բաբելոնյան զորքերի արշավանքին մասնակցելու համար Պարույրը թագ է ստանում մարական թագավոր Կիաքսարից: Ք. ա. 605թ. Հայոց Պարույր թագավորն օգնական զորքեր է ուղարկում Ասորեստանի դեմ պատրաստվող մարական արշավանքին մասնակցելու: Ասորեստանը կործանվեց Ք. ա. 605թ.: Մարերն ստեղծեցին հզոր տերություն, որի զորքերը Ք. ա. 585թ. մայիսի 28-ին Հալիս գետի մոտ ճակատամարտ տվեցին Լյուդիական թագավորության բանակներին: Պատերազմը դադարեց, և երկու կողմերի միջև սահման ճանաչվեց Հալիս գետը: Մինչև Հալիս ընկած հողերը հանձնվեցին Երվանդականների թագավորությանը:

Երվանդ I Սակավակյաց

Պարույր Նահապետից հետո Հայոց արքայական գահ է բարձրանում Երվանդ I-ը (Ք․ա․580-570-ական թթ․), որին Պատմահայրն անվանում է Սակավակյաց: Երվանդ I Սակավակյացի անունով է այս թագավորական հարստությունն անվանվում Երվանդական: Հայկյանների երբեմնի մայրաքաղաք Արմավիրը դառնում է Երվանդականների թագավորանիստը: Երվանդ I Սակավակյացի օրոք Հայոց թագավորության սահմանները հյուսիսարևելքում հասնում էին Կուր գետ, հյուսիս-արևմուտքում՝ Սև ծով, արևելքում՝ Մարաստան, հարավում՝ Հյուսիսային միջագետք։  Նշանակալի էին թագավորության ռազմական ուժերը: Կարող էր մարտադաշտ դուրս բերել 40.000 հետևակ և 8.000 հեծյալ մարտիկներ:

Տիգրան I Երվանդյան

Երվանդ Սակավակյացին հաջորդեց որդին՝ Սիգրան I Երվանդյանը (Ք․ա․570-525 թթ․)։ Ք․ա․ 550 թ․Սիգրան Երվանդյանն աջակցեց մարսից արքա՝ Կյուրոս Մեծին՝ տապալելու Մարաստանի տերությունը։ Կյուրոս Մեծը ստեղծեց պարսկական տերությունը։ Սահմանները Միջերկրական ծովից և Եգիպտոսից ձգվում էին մինչև Հնդկաստան։ Տիգրան I-ը Կյուրոս Մեծի գլխավոր դաշնակիցը լինելով իշխում էր բուն Հայաստանից բացի, նաև Կապադովկիայի, Աղվանքի և Վրաստանի վրա։

Posted in Uncategorized

Թեմա 2. Վանի Աշխարհակալ տերությունը

Արգիշտի I

Վանի թագավորության հզորացումը շարունակվեց Մենուայի որդու՝ Արգիշտի I-ի գահակալման տարիներին (Ք. ա. 786-764թթ.): Արգիշտի I-ը տերության սահմաններում ընդգրկեց Արարատյան դաշտը, Սևանա լճի ափամերձ արևելյան շրջանները, արևմուտքում՝ Եփրատի հովիտը, հյուսիսում՝ Շիրակը և Ջավախքը: Արգիշտի I-ը հաջողությամբ լուծեց նաև հարավից անընդհատ իր տերությանը սպառնացող ասորեստանյան վտանգը: Ընկճելով Ասորեստանի ռազմական ուժերին՝ Արգիշտի I-ը իր գերիշխանությունն է հաստատում տարածաշրջանում: Վանի թագավորությունը դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն տերությունը: Այս իրողությունը հավաստում են նաև ասորեստանցիները: Արգիշտի I-ի գործունեության մեջ առանձնանում է քաղաքաշինության բնագավառը: Իր թագավորության հինգերորդ տարում՝ Ք. ա. 782թ. – ին կառուցում է Էրեբունի ամրոցը: Էրեբունու կառուցումից վեց տարի անց՝ Ք. ա. 776թ., հինավուրց Արմավիրի հարևանությամբ Արգիշտի I-ը կառուցում է ևս մի քաղաք, որն իր անունով կոչում է Արգիշտիխինիլի: Շուտով այս քաղաքը դառնում է Վանի թագավորության ամենանշանավոր քաղաքական, ռազմական ու տնտեսական կենտրոններից մեկը:

Սարդուրի II

Արգիշտի I-ից հետո գահ բարձրացավ նրա որդի Սարդուրի II-ը (Ք. ա. 764-735թթ.), որի օրոք երկրի ռազմական ու տնտեսական վերելքը շարունակվեց: Նա ճնշեց երկրի տարբեր ծայրամասերում ծագած ապստամբությունները: Շարունակելով ընդարձակել տերության սահմանները՝ Սարդուրի II-ի բանակները հյուսիսում հասան Սև ծովի ափեր, արևելքում՝ Կասպից ծով, իսկ հարավ-արևմուտքում՝ Միջերկրական ծով: Սիրիայի տարածքի գրավումից հետո հասնելով Բաբելոն՝ նա Ասորեստանը շրջափակեց երեք կողմերից: Գահ բարձրացած Թիգլատ-Պալասար III-ը արտակարգ միջոցառումներ ձեռնարկեց զինված ուժերը կարգի բերելու և մարտունակ բանակ ստեղծելու ուղղությամբ: Ք. ա. 735թ. ասորեստանյան բանակը ներխուժել է Վանի թագավորության տարածք և պաշարել մայրաքաղաքը: Հակառակորդը չկարողացավ գրավել Տուշպայի միջնաբերդը, սակայն քաղաքը թալանվեց ու ավերվեց: Ասորեստանյան բանակը հետ դարձավ գերիների հսկայական բազմությամբ ու հարուստ ավարով: