Posted in Uncategorized

Թեմա 13. Պայքար թագավորական իշխանության պահպանման համար

Արշակ II–ի քաղաքականությունը

Արշակ II–ը (350–368 թթ.) դարձավ Արշակունիների ամենա­նշանավոր արքաներից մեկը։ Նա սկսեց վարել ինքնուրույն քաղաքականություն։ Հայոց արքային ահաբեկելու նպատակով կայսրը հրամայեց Հռո­մում սպանել նրա եղբորը՝ արքայազն Տրդատին: Սակայն Արշակը չի ընկճվում։ Նրա խորհրդով՝ Ներ­սես Ա կաթողիկոսը միջնորդում էոր Հայաստան վերադառնան Գնելն ու Տիրիթը։ Գնելն ամուսնա­ցել էր Անդովկ Սյունու աղջկա՝ Փառանձեմի հետ, որին սիրում էր նաև Տիրիթը։ Նա Արշակին տրա­մադրել էր Գնելի դեմ: Սակայն վերջինիս սպանու­թյունից հետո Տիրիթը ևս չի խուսափում արքայի ցասումից և մահապատժի է ենթարկվում։ Այդ դեպ­քերից հետո Արշակն ամուսնանում է Փառանձեմի հետ: Շուտով ծնվում է նրանց թագաժառանգ Պա­պը: Այդ ընթացքում արքունիքի և նախարարական տների միջև աճող լարվածությունը սպառնում էր երկրի կայունությանը: 354 թ. Ներսես Ա–ն Աշտիշատում հրավիրում է Հայ եկեղեցու առաջին ժողովը։ Այնտեղ ընդունված հոգևոր և աշխարհիկ կյանքին առնչվող կանոննե­րի համաձայն` կառուցվում են վանքեր, դպրոցներ, աղքատանոցներ: Ընդունվում է մի կանոն, որով հայոց թագավորին ու մեծամեծներին կոչ էր ար­վում լինելու գթասիրտ իրենց ծառաների և հասարակ ժողովրդի նկատմամբ: Մյուս կողմից` ծառա­ներին պատվիրվում էր հնազանդ ու հավատարիմ լինել իրենց տերերին: Կենտրոնական իշխանության ամրապնդման նպատակով Արշակ II–ը որոշում է Կոգովիտում կա­ռուցել Արշակավան քաղաքը: Երկրում լարվածությու­նը մեղմելու նպատակով նա թույլատրում է Արշակավանում բնակություն հաստատել բոլոր ցանկացող­ներին, նույնիսկ օրինազանցներին, որոնք ազատ էին լինելու դատ ու դատաստանից: Իրենց տերերից դժգոհ ծառաներն ու շինականներն սկսում են փախ­չել և ապաստան փնտրել նոր կառուցվող քաղաքում։ Դա առաջացնում է նախարարների դժգոհությունը: Նրանք հարձակվում և ավերում են քաղաքը։ 359 թ. վերսկսված հռոմեա–պարսկական պատե­րազմի ժամանակ Շապուհ II–ը օգնություն է խնդ­րում Արշակից։ Հայոց զորքով Մծբին քաղաքի մոտ Արշակը պարտության է մատնում հռոմեական զոր­քին։ Շապուհն առաջարկում է Արշակին ամուսնա­նալ իր դստեր հետ, բայց Արշակը հրաժարվում է: Շու­տով Շապուհը թշնամանում է Արշակի հետ: Հայոց արքան, վերադառնալով հայրենիք, ընդունում է Արևելք եկած հռոմեական կայսեր հրավերը և նրա հետ հանդիպում է Մաժաքում։ Հայ–հռոմեական վե­րականգնված դաշինքն ամրապնդվում է Արշակի և կայսերական ընտանիքից Օլիմպիայի ամուսնու­թյամբ: Սակայն շուտով Օլիմպիա թագուհուն թու­նավորում են: Պարսկա–հռոմեական պատերազմն ավարտ­վում է հռոմեացիների պարտությամբ: Նոր գա­հակալած կայսեր ու Շապուհ արքայի միջև 363 թ. կնքվում է հաշտություն։ Պայմանագրի համաձայն՝ կայսրը պարտավորվում էր չօգնելու հայերին: Այդ պայմանագիրը IV դ. հռոմեացի պատմիչ Ամմիանոսն անվանել է «ամոթալի»։

Պապ թագավոր

Հռոմեական օգնական զոր­քով Պապը վերադառնում է և հաստատվում հայոց գահին (370–374 թթ.): Հայոց զորավար Մուշեղ Մա­միկոնյանը երկիրը մաքրում է թշնամու զորքերից և լուծում Արշակ արքայի և իր հոր` Վասակ սպա­րապետի վրեժը։ Մուշեղը դառնում է սպարապետ, վերականգնում երկրի սահմանները` Ուրմիայից հարավ գտնվող Գանձակ Շահաստանով, իսկ հյու­սիսում` Մեծ Հայքի և Վիրքի միջև` Կուր գետով: Մուշեղ զորավարը քանդում է նորակառույց մազ­դեզական ատրուշանները: Երկրում վերաշինվում են ավերված բնակավայրերը, նորոգվում եկեղեցինե­րը, զարգանում է տնտեսությունը: 370 թ. Մուշեղը 40 հազար զորականներով Հա­յաստանի հարավային սահմանագլխին ջախջա­խում է պարսից զորքը: Պարսից հրամանատարնե­րից շատերը ձերբակալվում են և Մուշեղի հրամա­նով մահապատժի ենթարկվում: Մուշեղի ձեռքն են ընկնում պարսից արքայական գանձարանը և կա­նայք, որոնք նրա հրամանով ազատ են արձակվում: Զայրացած թագավորը հանդիմանում է Մուշեղին, որ նա անհարկի մեծահոգաբար էր վարվել իր մորդահճի` Շապուհի նկատմամբ` ազատելով պարսից արքայի կանանոցը: 371 թ. տեղի է ունենում Ձիրավի վճռական ճակատամարտը։ Պապ թագավորի հրամանով հա­յոց զորքերը, հռոմեական զորաջոկատի հետմիավորված, բանակ էին դրել Այրարատ նահան­գի Բագրևանդ գավառի Ձիրավի դաշտում: Հայոց ավելի քան 90 հազարանոց զորքի հրամանատարը Մուշեղ սպարապետն էր: Պապ թագավորը և Ներ­սես կաթողիկոսը բարձրացել էին Նպատ լեռը՝ այնտեղից հետևելու ճակատամարտին: Կաթողի­կոսի բարեխոսությամբ Պապի զայրույթը փարատ­վում է Մուշեղի նկատմամբ: Լուսադեմին սկսվում է ճակատամարտը: Ներ­սես կաթողիկոսը, բազուկները տարածած, աղո­թում էր Նպատ լեռան գագաթին: Հայոց զորքերը հաջողությամբ գրոհում են պարսիկների վրա: Հակառակորդը ջախջախվում և փախչում է մարտա­դաշտից։ Հաղթանակը կատարյալ էր: Դավաճան Մերուժանը գերի է ընկնում: Ասպետ Սմբատ Բագ­րատունին նրան մահապատժի է ենթարկում: Հաղթանակից հետո Պապ թագավորը և Մուշեղ սպարապետը զբաղվում են Հայոց թագավորության հզորության ամրապնդմամբ: Պապի բարեփոխում­ների շնորհիվ հայոց բանակի թիվը հասնում է մոտ 100 հազարի: Հոգևորականների հարազատներին պարտադրվում է պետական և զինվորական ծա­ռայություն կատարել: Եկեղեցական հողատիրու­թյունը կրճատվում է: Պապի անկախ քաղաքականությանը դեմ էր Հռոմեական կայսրությունը: 373 թ. Հռոմեական կայսեր հրամանով խնջույքի ժամանակ Պապին դավադրաբար սպանում են: Հռոմեացի պատմիչ Ամմիանոսը խստորեն դատապարտել է Հռոմի այդ նենգ քայլը հայոց արքայի նկատմաբ: Պապին հաջորդած իր ազգականը` Վարազդա­տը (374–378 թթ.), հայտնի էր որպես օլիմպիական խաղերի հաղթող, երիտասարդ էր և Մեծ Հայքի թա­գավորության պաշտպանության և կառավարման գործն իրականացնում էր Մուշեղ սպարապետի խոր­հուրդներով: Իսկ նրան հաջորդած Պապի որդիների` Արշակ III–ի ու նրան գահակից Վաղարշակի խնամակալը սպարապետ Մանվել Մամիկոնյանն էր:

Posted in Uncategorized

Թեմա 12. Պետական կառավարման համակարգը․

Թագավորը և արքունի գործակալություն­ները

65–428 թթ., պետական կարգը շարունակում էր մնալ միապետական: Պատերազմ հայտարա­րելու, հաշտություն կնքելու, արտաքին գործերը վարելու գերագույն իրավունքը պատկանում էր թագավորին: Երկրի կառավարման և պաշտպանու­թյան գործում կարևոր նշանակություն ունեին պե­տական վարչությունները՝ գործակալությունները: Արքունի գործակալությունների ղեկավարների` գործակալների մի­ջոցով թագավորը կառավարում էր երկիրը: Հազարապետը ղեկավարում էր տնտեսական–հարկային գործը: Սպարապետը զինված ուժերի գլխավոր հրամա­նատարն էր: Հայոց կանոնավոր բանակի թվակազմը 100–120 հազար էր։ Այն բաղկացած էր հեծելազորից և հետևակից: Հայոց թագավորի և նախարարնե­րի պահած հեծելազորը միասին կազմում էր հա­յոց այրուձին: Թագավորական ոստանը պաշտպա­նում էին ոստան այրուձիները: Թագավորի անձի պաշտպանությունն ապահովում էր ընտրյալ նետաձիգներից բաղկացած այրուձին՝ մաղխազի հրամանատարությամբ: Մարդպետը հսկում էր արքունի կալվածքները և գանձարանը: Հնում Մեծ դատավորի պաշտոնը կատարում էր քրմապետը, իսկ միջնադարում` հայոց կաթողիկոսը: Թագավորական շրջանում «թագակիր ասպե­տության» գործակալության պարտականությու­նը թագն արքայի գլխին դնելն էր և պալատական արարողությունները ղեկավարելը: Մայրաքաղաքը կառավարող քաղաքագլուխը Արտաշատի շահապն էր: Այս պաշտոնը թագավորը հանձնում էր պալատական ավագանու ներկայա­ցուցիչներից մեկին: Պետական գրասենյակը և արքունի դիվանը գլխավորում էր սենեկապետը, որը թագավորի ան­ձնական քարտուղարն էր: Պետական զինանշանը արծիվն էր։ Դրոշը ծիրանագույն էր, որի վրա գործված էր ոսկեգույն արծիվ։ Հայ նախարարների զբաղեցրած պաշտոնական դիրքն արքունիքում ու զորքի թվաքանակը գրանց­վում էր Գահնամակում և Զորանամակում: Երկրի հա­մար առավել կարևոր հարցերը քննարկվում էին Աշխարհաժողովում, որը հնուց գումարվում էր Բա­գավանում՝ ամանորի օրը: IV դ. երկրորդ կեսից Աշխարհաժո­ղովի պարտականություններն աստիճանաբար ան­ցնում են աշխարհիկ ներկայացուցիչների մասնակ­ցությամբ գումարվող եկեղեցական ժողովներին:

Վարչական բաժանումը, քաղաքային կյանքը:

Մեծ Հայքի թագավորության վարչական բաժա­նումը համապատասխանում էր նահանգների գավառաբաժանմանը: Վաղարշապատի կառուցումով հինավուրց Ար­տաշատը շարունակում էր պահպանել իր մայրա­քաղաք լինելու նշանակությունը: Մեծ Հայքի մյուս քաղաքները` Վանը, Երվանդաշատը, Զարեհավա­նը, Զարիշատը, Կարինը, Մուշը, Արճեշը, Դվինը, Նախիջևանը, Խլաթը, Մանազկերտը, Տիգրանա­կերտ անունը կրող քաղաքները կարևոր տնտեսական, մշակութային և արհեստագործական նշանակություն ունեին Մե­տաքսի ճանապարհի՝ Հայաստանով անցնող մայ­րուղիների վրա: Թագավորական շրջանում արքունիքը մայրա­քաղաքի միջնաբերդում էր: Հայ ազնվականու­թյունն ապրում էր թագավորական պալատին մոտ թաղամասում: Այնտեղ էր նաև թատրոնը: Քաղաք­ների որոշակի թաղամասերում ապրում էին առևտ­րականներն ու արհեստավորները՝ իրենց համ­քարություններով: Քաղաքներում և քաղաքամերձ ավաններում մեծ թիվ էին կազմում մերձակա հողատարածքում այգեգործությամբ և հացահատիկի մշակմամբ զբաղվող ռամիկները:

Posted in Uncategorized

Թեմա 11․ Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունում․

Հողատիրության ձևերը

Միջնադարում ձևա­վորված ավատատիրության հիմքում ընկած հողատիրությունը կալվածքային սեփականատիրությունն էր: Մեծ Հայքում մինչև 428 թ. պետական` թագա­վորական, ծառայողական, մասնատիրական` ժա­ռանգական և համայնքային հողատիրության գե­րագույն տերը թագավորն էր: Գյուղատնտեսու­թյունը հիմնված էր մասնավոր և համայնական հողատիրության վրա: Գյուղական համայնքները թագավո­րական գանձարանի հիմնական հարկատուներն էին: Հարկերի գանձումը և ապրանքափոխանակությունը հիմնականում կատարվում էր բնամթերքով: Թագավորից հետո խոշոր հողատերեր էին նա­խարարները` բդեշխները, գործակալները և նախարարական տոհմերի անդամները: Հորից որդուն անցնող ժառանգական հողերը կոչվում էին հայրենական: Երկրի կենտրոնում՝ միջնաշխարհում էին արքունի հո­ղային տիրույթները` Ոստան ՀայոցըԱյստեղ ապրում էին թագավորը, թագուհին ու արքայորդիները: 484 թ. Պարսկաստանը ճանաչեց Տանու­տերական իշխանությունը, նախարարական ժա­ռանգական հողատիրությունը և Հայ եկեղեցին: Արևմտյան Հայաստանում Բյուզանդական կայս­րությունը փոփոխեց նախարարական հողային ժառանգության` հորից որդուն անցնելու ավանդա­կան կարգը:

Աստիճանակարգությունը

Նախարարական տան գլխավորը կոչվում էր տեր կամ տանուտեր: V դ. վերջին, Վահան Մամիկոնյանը այն անվանվեց Տանուտերական իշխա­նության աշխարհ: Նախարարական տոհմի հաջորդ աստիճանը սե­պուհներն էին: Հայոց թագավորը հողեր էր շնորհում նաև եկե­ղեցուն: Միջնադարում առաջացավ հողատիրու­թյան նոր` վանքապատկան ձևը: Նախարարները, եկեղեցական հոգևորականությու­նը, ինչպես նաև մանր ազնվականությունը պատ­ կանում էին ազատների դասին: Նրանք ունեին բազմաթիվ արտոնություններ: Դրանցից էր հեծելազորում ծառայելու իրավունքը: Ստորին՝ անազատների դասը կազմում էին քա­ղաքացիները, առևտրականները, արհեստավոր­ները, շինականները, որոն­ցից կազմվում էր հետևակը: VIII դ. ընթացքում բազմաթիվ հողատեր, նախարարներ ոչնչացվե­ցին, և ծանր հարկերի հետևանքով երկրի զար­գացումը խաթարվեց: IX դ. երկրորդ կեսին Հայոց թագավորական իշխանությունը վերականգնումից հետո հայկական ավատատիրական համակարգը լիովին վերականգնվեց։

Տրդատ III Մեծ և Գրիգոր Լուսավորիչ

I դ. հաստատվեց Հայ առաքելական եկեղեցին: IV դ. սկզբին քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման մեջ մեծ գործունեություն ծավալեցին ս. Գրիգորը և Տրդատ III–ը: Ս. Գրիգորի կոչով կա­ռուցվեցին Հռիփսիմյան կույսերի վկայարաններ: Այդ գործում Գրիգոր Լուսավորչին օգնեցին Տրդատ թագավորը, թագուհին, թագավորի քույրը և նրանց օգնականները: Հայաստանի բոլոր կողմերից Տրդատ III Մեծի հրամանով նախարարները, ազատները, հայոց զորքը հա­վաքվում են Վաղարշապատում և Գրիգոր Լուսա­վորիչին կարգում եպիսկոպոսապետ: Ս. Գրիգորը հայ նախարարների ուղեկցությամբ մեկնում է Կա­պադովկիայի Մաժաք–Կեսարիա քաղաքը, որտեղ եպիսկոպոսների ժողովը նրան ձեռնադրում է հա­յոց կաթողիկոս: Այնուհետև նա վերադառնում է Հայաստան: Բագավանում` Նպատ լեռան ստորոտում, Տրդատ Մե­ծը, Աշխեն թագուհին և հայոց զորքը մեծ պատիվ­ներով դիմավորում են ս. Գրիգորին: Լուսաբացին հայոց կաթողիկոսն արքունիքին, զորքին և ժո­ղովրդին Արածանիի ջրերում մկրտում է: Այդպես 301 թ. քրիստոնեությունն աշխարհում առաջինը Հայաստանում հռչակվում է պետական կրոն: Ս. Էջմիածին Մայր տաճարի հիմնադրումից հե­տո հայոց կաթողիկոսը եկեղեցիներ է հիմնում` Տարոնում և Աշտիշատում:

Քրիստոնեության՝ պետականորեն ընդուն­ման պատմական նշանակությունը

Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունումից հե­տո ավանդաբար պահպանվեցին հնուց եկող շատ տոներ ու ծեսեր և դարձան ազգային–եկեղեցական տոներ` Ամանոր, Ս. Ծնունդ, Տրնդեզ, Ս. Սարգիս, Բարեկենդան, Ծաղկազարդ, Զա­տիկ կամ Ս. Հարություն, Համբարձում, Վարդավառ, Խաղողօրհնեք և այլն: Մեծ վերելք ապրեց հայկական ճարտարապե­տությունը: Ազգապահպան մեծ նշանակություն ունեցավ Հայաստանում քրիստոնեության հռչակումը որպես պետական կրոն: Հայ եկեղեցու հովանու տակ հայ գիտության ու մշակույթի մեծ գործիչների` Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի, Մովսես Խորենացու, Եղիշեի, Դավիթ Անհաղթի, Անանիա Շիրակացու, Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Գրիգոր Տաթևացու և հետնորդների ստեղծագործական ժա­ռանգությունը գումարվեց հազարամյակների խոր­քից եկող հայ մշակույթի ու գիտության գանձարա­նին: Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի հոգևոր ու գաղափարական առաջնորդ ու պաշտպանը:

Posted in Uncategorized

Թեմա 10. Հին Հայաստանի մշակույթը

Հայկական առասպելներ

Հայ ժողովրդի հոգևոր մշակույթի բաղկացուցիչ մասն են կազմում առասպելները: Դրանք գրի է առել Պատմահայր Մովսես Խորենացին, որն այդ զրույցները լսել է գուսաններից կամ էլ վերցրել է մեզ չհասած հնագույն մատյաններից ու զետեղել իր «Հայոց պատմության» մեջ: Պատմահայրն այդ զրույցները բերել է վերապատմելով ու խմբագրելով: Առասպելները, զրույցները և հին վեպերն արտացոլում են պատմական իրականության ինչ-ինչ կողմեր: Հայերի ամենանշանավոր և միևնույն ժամանակ ամենահին, ինչ-որ չափով առասպելականացված պատմություններից է «Հայկի և Բելի մասին» զրույցը: Հայկն ըմբոստ և ազատասեր հսկա աղեղնավոր է, որն ըմբոստացել է Միջագետքի տիրակալ Տիտանյան Բելի դեմ: Սա ցանկացել է ընկճել Հայկին և իր տիրապետությունը հաստատել նրա ժողովրդի ու երկրի նկատմամբ: Բայց Հայկը ճակատամարտի ժամանակ սպանել է Բելին և պաշտպանել իր անկախությունը: Բելի զորքը սարսափահար փախել է երկրից: Առասպելի հիմնական գաղափարն այն է, որ Հայկը հայերի անվանադիր նախնին է: Մեր ժողովուրդն իրեն անվանել է հայ և երկիրը Հայաստան՝ իր նախնի Հայկ Նահապետի անունով: Չափազանց ինքնատիպ է Հայկ Նահապետի Տորք Անգեղի մասին զրույցը: Տորքը նույնպես հսկա է, որն ունի ֆիզիկական ահռելի ուժ: Նա խորտակում է ծովի կողմից դեպի Հայաստան նավարկող թշնամական նավերը՝ նրանց վրա նետելով հսկայական ժայռաբեկորներ: Շատ հուզական է «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելը: Արան Հայոց թագավորն է, նա սիրում է իր հայրենիքն ու ընտանիքը: Լսելով Արայի գեղեցկության մասին՝ Ասորեստանի թագուհի Շամիրամը սիրահարվում է նրան: Թագուհին Արային առաջարկում է ամուսնանալ իր հետ և դառնալ Ասորեստանի տիրակալ: Սակայն Հայոց թագավորը, հավատարիմ իր ժողովրդին ու ընտանիքին, մերժում է Շամիրամի առաջարկը: Ասորեստանի բանակը հարձակվում է Հայաստանի վրա: Շամիրամը հույս ունի բռնությամբ տիրանալ Արային: Տեղի ունեցած ճակատամարտում Արան սպանվում է: Գոյություն են ունեցել նաև այլ առասպելներ և զրույցներ: Առասպելները ցույց են տալիս մեր ժողովրդի ազատասեր ոգին, օտար բռնակալներին չհնազանդվելու կամքը և խաղաղասեր ու բարի բնավորությունը:

Հայկական վիպերգեր

Ի տարբերություն առասպելների, որոնց մեջ պահպանվել են պատմական հեռավոր ու ձևափոխված հիշատակներ, հին հայկական վիպերգերը պարունակում են հիմնականում պատմական հավաստի նյութեր: Վիպերգեր են հյուսվել սիրված թագավորների և հերոսների մասին: Նրանց ընդհանուր գիծն անսահման սերն է հայրենիքի նկատմամբ, ազատատենչ ոգին ու պատրաստակամությունը՝ կյանքը չխնայել ժողովրդի ազատության համար: Նրանցից ամենասիրվածն ու տարածվածը եղել է «Արտաշեսի վեպը»: Արտաշես I-ը եղել է հայերի պաշտելի թագավորը: Պատահական չեն պահպանված վիպական շարքերը նրա մանկության, գահակալության, երկիրը շենացնելու, Արտաշատ մայրաքաղաքը կառուցելու մասին: Արտաշեսը պայքարել է երկիր ներխուժած արտաքին թշնամիների դեմ, հաղթել նրանց և պաշտպանել իր երկրի ու ժողովրդի ազատությունը:

Հայոց նախաքրիստոնեական հավատքը

Ալեքսանդր Մակեդոնացու կողմից Աքեմենյան Պարսկաստանի կործանումից հետո Առաջավոր Ասիայում սկիզբ առավ քաղաքակրթական նոր` հելլենիզմի ժամանակաշրջանը: Հայաստանը նույնպես ենթարկվեց հելլենիզմի ազդեցությանը՝ հատկապես Ք.ա. 2-րդ դարի սկզբին՝ Արտաշեսյան դինաստիայի հաստատումից: Թեև հունարենը և հունական մշակույթը տարածում գտան հիմնականում հայկական արքունիքում, ազնվականության և ավագանու շրջանում, այդուհանդերձ, հելլենիզմը մեծապես հարստացրեց մեր ազգային մշակույթը՝ Հայաստանում տևելով գրեթե վեց դար: Հետագայում այդ շրջանի հսկայական մշակութային և նյութական ժառանգությունը գրեթե իսպառ ոչնչացվեց քրիստոնեության ընդունմամբ ու տարածմամբ: Տիգրան Մեծի օրոք (Ք.ա. 95-55թթ.) Հայաստանը վերածվեց Հին աշխարհի առաջավոր երկներից մեկի: Կառուցվեցին ամրոցներ և պաշտամունքային շինություններ, ավելի քան 2 տասնյակ քաղաքներ, որոնց շարքում առանձնանում են մայրաքաղաքներ Երվանդաշատը, Արտաշատը, Տիգրանակերտն ու Վաղարշապատը: Իսկ Տիգրան Մեծին հաջորդած Արտավազդ Բ արքայի օրոք Արտաշատի թատրոնում հույն և հայ դերասանների մասնակցությամբ ներկայացվում էին բազում ողբերգություններ, այդ թվում՝ Էվրիպիդեսի «Բաքոսուհիները»: Հելլենիստական Հայաստանի ամրոցաշինական արվեստի լավագույն կոթողներից է Գառնիի տաճարը, որը կառուցել է Տրդատ Ա թագավորը: Գառնին պալատական համալիր է: Այստեղ պահպանվել է նաև անտիկ շրջանին բնորոշ բաղնիք` հատակի խճանկարով, որը գեղարվեստական մեծ արժեք է ներկայացնում: Այն Հին Հայաստանից մեզ հասած մոնումենտալ գեղանկարչության միակ նմուշն է: Պատմական Հայաստանի Երզնկայի գավառի Սատաղ տեղանքի մոտ 19-րդ դարավերջին հայտնաբերվել է Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխը և աջ ձեռքը: Հայկական հեթանոսական աստվածությունների դիցարանում Անահիտը մայրության և պտղաբերության աստվածուհին է:

Գրավոր մշակույթը

Ուսումնասիրողները հիմնավոր ցույց են տվել, որ Հին Հայաստանում գոյություն են ունեցել հայերեն մեհենագրեր1 , որոնք լայն տարածում չեն ունեցել և օգտագործվել են միայն մեհյաններում: Պաշտոնական գրագրության համար օգտագործել են արամեերեն և հունարեն լեզուները: Թագավորներն այդ լեզուներով թողել են իրենց արձանագրությունները, իսկ դրամները հատել են միայն հունարեն գրությամբ: Արմավիրում պահպանվել են Ք. ա. lll դ. վերջերին վերաբերող հունարեն արձանագրություններ, որոնցից մեկը հայոց քրմապետի ուղերձն է Երվանդ IV թագավորին:

Posted in Uncategorized

Թեմա 9. Մեծ Հաքի Արշակունյաց թագավորությունը

Տրդատ III – ի գահակալումը

Մանկահասակ Տրդատին նախարար Արտավազդ Մանդակունին փախցրել է Հռոմ հոր՝ Խոսրով Ա Մեծի դավադիր սպանությունից հետո, ում սպանել է Գրիգոր Լուսավորչի հայրը՝ Անակ Պարթևը: Տրդատը կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում: Տիրապետել է լատիներենին և հունարենին: Ֆիզիկական արտակարգ ուժի շնորհիվ աչքի է ընկել կրկեսամարտերում, զինավարժության մեջ, նաև Հռոմեական կասրության մղած պատերազմներում: 
Պարսից տերության դեմ Ավրելիանոսի հաղթական արշավանքին մասնակցած Տրդատը նշանակվել է Հռոմին ենթակա Արևմտյան Հայաստանի թագավոր (274–276 թթ.): 287 թ-ին Հռոմի կայսր Դիոկղետիանոսը Տրդատ Գ-ին ճանաչել է Հայոց թագավոր: Հռոմեական զորքերի աջակցությամբ Տրդատ Գ-ն Հայաստանից դուրս է մղել պարսիկ նվաճողներին և հաստատվել հայրենի գահին: Նախապես հյուսիսից թիկունքն ամրապնդելով ալանների հետ կնքած դաշնագրով (կնության է առել Ալանաց թագավոր Աշխադարի դուստր Աշխենին)՝ Տրդատ Գ-ն ավելի քան 10 տարի պատերազմել է Սասանյան Պարսկաստանի դեմ: 298 թ-ին Մծբինում կնքված հռոմեա-պարսկական 40-ամյա խաղաղության պայմանագրով՝ Սասանյաններն ստիպված հրաժարվել են Հայաստանի մեծ թագավոր տիտղոսից և Տրդատ Գ-ին ճանաչել որպես թագավոր: 
Գահակալման առաջին տարիներին Տրդատ Գ-ն հոր և Դիոկղետիանոսի օրինակով հալածել է քրիստոնեության հետևորդներին: Խոշտանգել է իրեն հավատարմորեն ծառայած, քրիստոնեության ջատագով Գրիգորին (Սբ Գրիգոր Լուսավորիչ) և, իմանալով, որ նա Անակ Պարթևի որդին է, հրամայել է գցել Արտաշատի արքունի բանտի մահապարտների գուբը (հետագայում այնտեղ կառուցվել է Խոր վիրապի վանքը): 301 թ-ին Տրդատ Գ-ի հրամանով Վաղարշապատի մերձակայքում սպանվել են Հռոմից Հայաստան փախած Հռիփսիմյանց և Գայանյանց քրիստոնյա կույսերը: Վաղարշապատ բերված Գրիգորը բուժել է բժշկել է Տրդատ Գ-ի քրոջը: Արդեն ապաշխարած ու դարձի եկած թագավորը եռանդուն մասնակցել է 3 վկայարանների (Սբ Հռիփսիմյանց և Սբ Գայանյանց կույսերի և Սբ Մարիանեի նահատակման վայրերում) և Էջմիածնի Մայր տաճարի կառուցմանը:
Տրդատ Գ-ն, հակառակ «դաշնակից» Հռոմեական կայսրության տիրակալի կամքի, ընտրել է գաղափարաքաղաքական ու կրոնական նոր ուղի և քրիստոնեությունը 301 թ-ին Հայաստանում հռչակել պետական կրոն: 
302 թ-ին Տրդատ Գ-ն Գրիգոր Ա Լուսավորչին ուղարկել է Կապադովկիայի Կեսարիա քաղաք, որտեղ կատարվել է նրա ձեռնադրությունը: 303 թ-ի հունվարի 6-ի այգալույսին՝ Սբ Ծննդյան ու Աստվածահայտնության օրը, Բագավանում՝ Արածանիի ակունքների մոտ, Գրիգոր Ա Լուսավորիչը մկրտել է Տրդատ Գ-ին և արքունիքը:
Տրդատ Գ-ն հիմնադրել է դպրոցներ, որտեղ ուսուցանել են հունարենով և ասորերենով. դպրոցը դադարել է մեհենական քրմության նեղ խավի մենաշնորհը լինելուց: Նվիրապետության տնտեսական հիմքերի ամրապնդման նպատակով Տրդատ Գ-ի հրամանով գյուղերի եկեղեցիներին հատկացվել է հողաբաժին, հոգևորականությունը դասվել է ազատների կարգը և ազատվել հարկերից: Տրդատ Գ Մեծը նաև հետևողական պայքար է կազմակերպել հեթանոսության դեմ: 
Հեթանոսությանը սատարող Պարսից Շապուհ II Երկարակյացին (309–379 թթ.) հաջողվել է Տրդատ Գ Մեծի դեմ հանել նրա քաղաքականությունից դժգոհ նախարարներին և Հյուսիսային Կովկասի ցեղերին: Սակայն Հայոց արքան նախ ճնշել է ապստամբ նախարարներին, ապա Աղվանքի Գարգարացվոց դաշտում ճակատամարտում հաղթել հյուսիսային ցեղերին և պահպանել Հայաստանի միասնութունն ու արմատավորվող քրիստոնեությունը: Հռոմեական կայսրությունից ստանալով օգնական ուժեր՝ Տրդատ Գ Մեծը սահմանային շրջաններում հաղթական մարտեր է մղել նաև պարսկական զորքերի դեմ: Նրան հաջողվել է վերականգնել Մեծ Հայքի թագավորության սահմանները՝ ըստ 64 թ-ի Հռանդեայի պայմանագրի, քաղաքական դաշինք կնքել Հռոմեական կայսրության հետ, ճնշել նախարարների անջատողական ձգտումները և ստեղծել կենտրոնացված հզոր պետություն:
330 թ-ին հրաժարվելով գահից՝ Տրդատ Գ Մեծը հեռացել է Դարանաղյաց գավառի Սեպուհ լեռան Մանյա այրք կոչված վայրը, որտեղ 325 թ-ից ճգնել է նաև Գրիգոր Ա Լուսավորիչը:
Ըստ Մովսես Խորենացու՝ Տրդատ Գ-ին թունավորել են հայ նախարարները. նրա դին արծաթապատ դագաղով տեղափոխվել և ամփոփվել է Դարանաղյաց գավառի Թորդան ավանում` Սբ Գրիգոր Ա Լուսավորչի կողքին:
Մովսես Խորենացին նրան բնորոշել է որպես Հայոց վերջին հզոր թագավոր:

Posted in Uncategorized

Թեմա 8. Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք

Արտավազդ II-ի գահակալությունը

Տիգրան II-ին հաջորդեց թագաժառանգ Արտավազդ II-ը (Ք. ա. 55-34թթ.), որը բազմակողմանի զարգացած, հունարենի քաջագիտակ, մտավորական անձնավորություն էր: Նա նաև հմուտ դիվանագետ էր, իրատես քաղաքագետ և, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, ռազմական գործիչ: Արտավազդ II-ը գահ է բարձրացել Մեծ Հայքի թագավորության համար բարդ քաղաքական իրավիճակում: Արտաշատի պայմանագիրն արմատապես փոխեց ուժերի հարաբերակցությունն Առաջավոր Ասիայում: Մեծ Հայքի թագավորությունը հայտնվել էր երկու հզոր տերությունների միջև, որոնցից յուրաքանչյուրը ջանք չէր խնայում ապահովելու նրա դաշնակցությունը: Հայաստանի դիրքորոշումը դառնում էր չափազանց կարևոր, քանի որ նրանցից յուրաքանչյուրը փորձում էր տիրապետող դիրք ստանալ տարածաշրջանում և իշխել Արևելքում: Արտավազդ II-ը փորձում էր երկու տերությունների հետ էլ բարիդրացիական հարաբերություններ պահպանել և թույլ չտալ, որ Հայաստանը ներքաշվի պատերազմների մեջ:

Կրասոսի արևելյան արշավանքը և Հայաստանը

Ք. ա. 60թ. Հռոմի երեք ականավոր գործիչներ՝ Գնեոս Պոմպեոսը, Հուլիոս Կեսարը և Մարկոս Կրասոսը, կնքեցին մի դաշինք, որը հայտնի է Առաջին եռապետություն անունով: Եռապետները Հռոմեական հանրապետությունը բաժանեցին ազդեցության գոտիների: Մարկոս Կրասոսը ստացավ Արևելքը և միաժամանակ պարթևների դեմ պատերազմելու իրավունքը: Ք. ա. 54թ. նա ժամանեց Արևելք և սկսեց նախապատրաստվել պարթևների դեմ արշավանքին: Փառասեր և մեծամիտ Կրասոսը, երազում էր կրկնել Ալեքսանդր Մակեդոնացու սխրանքը և հասնել Հնդկաստան: Կրասոսը պահանջեց, որ իրեն ներկայանան Հռոմի բոլոր դաշնակից երկրների արքաները և զորք տրամադրեն: Նրան ներկայացավ նաև Արտավազդ II-ը: Հավատարիմ մնալով Ք. ա. 66թ. հայ-հռոմեական պայմանագրին՝ նա Կրասոսին խոստացավ տալ նշանակալի քանակությամբ զինված ուժեր: Արտավազդն առաջարկեց պարթևների դեմ արշավանքը կազմակերպել Հայաստանի տարածքով: Սակայն Կրասոսն ընտրեց արշավանքի կարճ ու վտանգավոր ուղին: Այն անցնում էր Միջագետքի դաժան, չոր կլիմա ունեցող անծայրածիր անապատներով և տափաստաններով: Երկիր վերադառնալիս Արտավազդը լուր ստացավ, որ պարթևների Օրոդես թագավորը ներխուժել է Հայաստան և ասպատակում է երկրի հարավային տարածքները: Արտավազդը այլևս չէր կարող օգնական զորք տրամադրել Կրասոսին: Նա պարտավոր էր պաշտպանել հայրենիքը: Իմանալով այդ մասին՝ Կրասոսն անհարգալից խոսքերով Արտավազդին մեղադրեց դավաճանության մեջ: Ավելին` սպառնաց պարթևական արշավանքն ավարտելուց հետո պատժել Հայոց արքային: Արտավազդը փոխեց իր դիրքորոշումը: Նա Օրոդեսին առաջարկեց դաշինք կնքել և համատեղ ռազմական գործողություններ ծավալել հռոմեացիների դեմ: Պարթևների թագավորը սիրով ընդունեց այս առաջարկը, և Ք. ա. 54թ. վերջերին Արտաշատում կնքվեց հայ-պարթևական մի համաձայնագիր: Այդ ընթացքում Կրասոսը, հսկայական կորուստներ տալով, Ք. ա. 53թ. գարնանը հասավ Միջագետքի Խառան քաղաք: Պարթևական բանակը դանդաղ նահանջում էր՝ երկրի խորքը ներքաշելով հռոմեական լեգեոններին՝ ոչնչացնելով գույքը, պարենի պաշարները և թունավորելով ջրհորները: Սակայն շուտով պարթևները դադարեցին նահանջել, և Ք. ա. 53թ. մայիսի 6-ին պարթև զորավար Սուրենը մեծ բանակով հանկարծակի ու շեշտակի հարվածով գլխովին ջախջախեց հռոմեական զորքը: Սպանվածների թիվն անցնում էր 20 հազարից, գերիներինը՝ 10 հազարից: Սպանվեցին նաև Կրասոսն ու նրա որդին: Հույն պատմիչ Պլուտարքոսը հաղորդում է, որ Սուրենը սպանված Կրասոսի գլուխն ուղարկում է Հայաստան: Այդ ժամանակ հայ ու պարթև արքաները և նրանց մերձավորներն Արտաշատի թատրոնում դիտում էին հույն նշանավոր թատերագիր Եվրիպիդեսի «Բաքոսուհիները» ողբերգությունը: Հույն դերասան Յասոնը եղջերվի թատերական կեղծ գլխի փոխարեն բեմ է դուրս գալիս Կրասոսի իրական գլխով:

Անտոնիոսի պարթևական և հայկական արշավանքները

Հուլիոս Կեսարի սպանությունը (Ք. ա. 44թ.) երկիրը ներքաշեց քաղաքացիական պատերազմների հորձանուտ: Օգտագործելով հարմար պահը՝ պարթևա-հայկական միացյալ բանակը Ք. ա. 40թ., պարթև թագաժառանգ Բակուրի և հայ Վասակի գլխավորությամբ, անցնելով Եփրատը, ներխուժեց Ասորիք: Փյունիկիայի, Ասորիքի, Պաղեստինի և Միջերկրական ծովի ափին գտնվող քաղաքները, որոնք դժգոհ էին հռոմեական ծանր տիրապետությունից, հայերին և պարթևներին դիմավորում են ցնծությամբ՝ իրենց դարպասները բացելով նրանց առջև: Միջերկրական ծովի ափերին պարթևների և հայերի հայտնվելը սթափեցրեց Հռոմին և ստիպեց դիմել կտրուկ միջոցների: Արևելք ուղարկվեց Բասոս զորավարը, որը վճռական ճակատամարտում պարտության մատնեց դաշնակիցներին: Կռիվ­ների ժամանակ սպանվեց նաև թագաժառանգ Բակուրը: Պարթևստանում սկսված գահակալական պայքարի պատճառով անսպասելիորեն խզվեց հայ-պարթևական դաշինքը: Հռոմեացիներն անմիջապես օգտագործեցին այս հարմար պահը: Հռոմում իշխանության գլուխ եկած Երկրորդ եռապետության որոշմամբ Արևելք ուղարկվեց Մարկոս Անտոնիոսը: Ք. ա. 38-37թթ. Անտոնիոսը դեպի Պարթևստան մեծ արշավանքի նախապատրաստություններ սկսեց: Քանի որ արշավանքի երթուղին անցնելու էր Հայաստանով՝ հռոմեացիներին անհրաժեշտ էր Հայաստանի դաշնակցությունը: Արտավազդը կանգնած էր երկընտրանքի առջև: Ստեղծված ծանր իրադրության պայմաններում նա ստիպված եղավ կրկին դաշնակցել հռոմեացիներին: Հայոց թագավորն Անտոնիոսին խոստացավ 11-հազարանոց օգնական զորք տրամադրել և թույլատրել պարթևների դեմ ռազմարշավը Հայաստանի տարածքով: Ք. ա. 36թ. ամռանը Անտոնիոսը 100-հազարանոց բանակով և երեք հարյուր սայլերի վրա բարձած պաշարողական տեխնիկայով սկսեց իր արշավանքը: Հռոմեական բանակն անցավ Հայաստանի տարածքով և մտավ պարթևներին դաշնակից Ատրպատական: Անտոնիոսը շտապում էր օր առաջ գրավել Ատրպատականի մայրաքաղաք Փրաասպան, ուստի, պաշարողական մեքենաների համար առանձնացնելով երկու լեգեոն, ինքը հիմնական ուժերով շարժվեց երկրի խորքեր: Պարթևներն անմիջապես օգտագործեցին այդ պահը և, հարձակվելով, ոչնչացրին պաշարողական մեքենաները: Պարզ դարձավ, որ առանց այդ մեքենաների անհնարին էր գրավել պարթևական քաղաքները: Իր հերթին Արտավազդը, հիանալի գիտակցելով, որ Անտոնիոսի արշավանքը ձախողվել է, որոշեց վերադառնալ Հայաստան և հրաժարվել ռազմական գործողություններին մասնակցելուց: Հետագայում իրեն արդարացնելու համար Անտոնիոսն օգտագործեց այդ հանգամանքը՝ Արտավազդին հռչակելով դավաճան և իր պարտության հիմ­նական մեղավոր: Այս մեղադրանքը կեղծ է, քանզի Անտոնիոսի պարտվելուց հետո էր Արտավազդը հետ քաշել իր զորամասերը: Ք. ա. 36թ. աշնանն Անտոնիոսի բանակը ստիպված էր նահանջել: 27 օր տևած նահանջի ընթացքում հակառակորդն անընդհատ հարձակումներով ուժասպառ էր անում հռոմեացիներին, որոնք կորցրին 32 հազար, իսկ պարթևները՝ 12 հազար զինվոր: Հայկական կողմը թագավորի հեռատեսության շնորհիվ կորուստներ չունեցավ: Միայն Հայաստան հասնելուց հետո Անտոնիոսը կարողացավ հանգիստ շունչ առնել: Կարգի բերելով բարոյալքված բանակը՝ նա շտապ մեկնեց Ալեքսանդրիա: Հռոմեական սենատին ուղարկված զեկուցագրում Անտոնիոսը, իր ապաշնորհությունն ու մեղքը քողարկելու նպատակով, ռազմական վիթխարի ծախսերն ու մարդկային ահռելի կորուստները բացատրում է Հայոց թագավորի իբր թե դավաճանությամբ: Իր վարկաբեկված հեղինակությունն ինչ-որ չափով վերականգնելու և ռազմական վիթխարի ծախսերը մարելու համար նա ծրագրում է գրավել ու կողոպտել Հայաստանը: Ք. ա. 34թ. ամռանը Անտոնիոսը անակնկալ արշավեց դեպի Հայոց թագավորություն: Հարձակումն այնքան անսպասելի էր, որ հռոմեական բանակը, առանց լուրջ դիմադրության հանդիպելու, մոտեցավ Արտաշատին: Անըմբռնելի է, սակայն փաստ, որ Արտավազդն իր առնվազն 70-հազարանոց բանակը մարտի չհանեց հռոմեական 60-հազարանոց բանակի դեմ: Նա, ըստ երևույթին, համոզված էր, որ միջադեպը կարելի է լուծել խաղաղությամբ: Նման դեպքում երկիրը թերևս կարող էր զերծ մնալ ավերածություններից, բայց անմիջականորեն վտանգվում էր թագավորի անձը: Բանակցություններ վարելու փոխարեն Անտոնիոսը ձերբակալեց Հայոց թագավորին, թագուհուն, Տիգրան ու Արտավազդ արքայազներին և կողոպտեց արքունի գանձերը: Անտոնիոսի այս քայլը դատապարտել են անգամ հռոմեացի հեղինակները: Այսպես` Դիոն Կասիոսը գրում է, թե Անտոնիոսը Արտավազդին «խաբելով, ձերբակալելով ու շղթայելով, մեծապես վարկաբեկել է հռոմեական ժողովրդի հեղինակությունը»: Այսուհանդերձ, հռոմեացիներն իրենց նպատակին չհասան: Թագաժառանգ Արտաշեսը փորձեց հակահարված տալ հակառակորդին և ազատել կալանված արքային, սակայն հապշտապ և լավ չկազմակերպված գործողություններով որևէ արդյունքի չհասավ: Նա պարտվեց և զորքերով անցավ Պարթևստան: Հայաստանի քաղաքներում թողնելով հռոմեական կայազորներ, Անտոնիոսը վերադարձավ Եգիպտոս՝ իր հետ տանելով Արտավազդ II-ին և նրա ընտանիքը: Նա Ալեքսանդրիայում հաղթահանդես կազմակերպեց, որի ժամանակ բոլորի ուշադրության կենտրոնում ոսկե շղթաներով շղթայված Հայոց թագավորն ու նրա ընտանիքն էին: Գերիներին հորդորել էին խոնարհվել Կլեոպատրայի առջև և նրան մեծարանքի խոսքեր շռայլել: Սակայն Արտավազդն ու նրա հարազատներն անցան հպարտորեն ու արժանապատվորեն: Ինչպես գրում է ժամանակակից հույն պատմիչը` «նրանք ցույց տվեցին իրենց ոգու արիությունը»: Հայերի նման կեցվածքը մեծ տպավորություն թողեց: Վիրավորված Կլեոպատրան չներեց Արտավազդին և կարգադրեց զնդան նետել նրան: Անտոնիոսի ինքնագլուխ գործողությունները խիստ սրեցին նրա հարաբերությունները Հռոմի ծերակույտի (սենատի) հետ: Քաղաքացիական պատերազմը դարձավ անխուսափելի, որը և շուտով բռնկվեց: Ք. ա. 31թ. սեպտեմբերի 2-ին Ակտիումի ճակատամարտում Անտոնիոսը լիակատար պարտություն կրեց եռապետ Գայոս Օկտավիանոսի բանակից և փախավ Ալեքսանդրիա: Նույն թվականի հոկտեմբերին Կլեոպատրայի կարգադրությամբ Արտավազդ II-ը մահապատժի ենթարկվեց: Շատ չանցած` Օկտավիանոսի կողմից գերվելու վտանգն Անտոնիոսին և Կլեոպատրային ստիպեց ինքնասպանությամբ վերջ տալ իրենց կյանքին:

Posted in Uncategorized

Թեմա 7. Տիգրան Մեծի տերության անկումը

Հռոմեական հանրապետության արևելյան քաղաքականությունը, Լուկուլլոսի արշավանքը Հայաստան

80-70-ական թվականներին Հռոմի` Պոնտոսի դեմ մղած հաղթական պատերազմներից և Տիգրան II-ի կողմից Դաշտային Կիլիկիան գրավելուց հետո երկու տերությունները դարձան հարևաններ: Տիգրան II-ն իր նվաճումներով Հռոմի առջև փակում էր դեպի Արևելք տանող բոլոր ճանապարհները: Լրջորեն անհանգստացած դրանից՝ Հռոմն սկսում է նախապատրաստվել պատերազմի ընդդեմ Հայոց տերության: Ռազմաքաղաքական իրադրությունը Հռոմի համար նպաստավոր էր. Ք. ա. 71թ. հռոմեական զորավար Լուկուլլոսը գլխովին ջախջախել էր Տիգրան II-ի դաշնակից Միհրդատ Եվպատորին: Վերջինս մազապուրծ փախել էր Հայաստան և քաղաքական ապաստան ստացել: Լուկուլլոսը հատուկ դեսպան ուղարկեց Տիգրանի մոտ և պահանջեց Միհրդատին հանձնել իրեն: Հայոց արքան մերժեց հռոմեացիների պահանջը:

Տիգրանակերտի ճակատամարտը

Ք. ա. 69թ. գարնանը հռոմեական բանակները, անցնելով սահմանային Եփրատ գետը, ներխուժեցին Հայաստան: Սկսվեց հայ-հռոմեական պատերազմը: Պատերազմն ընթացել է երկու փուլով՝ Ք. ա. 69-67թթ. և Ք. ա. 66թ.: Դրանք միմյանցից տարբերվում են ռազմավարությամբ և ձեռք բերված արդյունքներով: Լուկուլլոսը մշակել էր կայծակնային պատերազմի ծրագիր, որի հիմնական սկզբունքներն էին հանկարծակիությունն ու շեշտակի հարվածը: Հռոմեական բանակի ներխուժումը Հայաստան իրոք անսպասելի էր: Առանց որևէ դժվարության Լուկուլլոսը գրավեց Ծոփքը և սրընթաց շարժվեց դեպի Աղձնիք՝ գրավելու Տիգրանակերտը: Տիգրանակերտն անակնկալ գրոհով գրավելու ծրագիրը ձախողվեց: Հայոց արքան այդ ժամանակ գտնվում էր Պտղոմայիսում, սակայն Տիգրանակերտի կայազորը, հայ զորավար Մանկայոսի հրամանատարությամբ, քաղաքը պաշտպանում էր հմտությամբ: Գրոհի ձախողումից հետո Լուկուլլոսն ստիպված եղավ պաշարել քաղաքը: Կայծակնային պատերազմի ծրագիրը տապալվեց: Հռոմեական բանակի` Հայաստան ներխուժման լուրը Տիգրան II-ն իմացավ հեռավոր Պաղեստինում, ուր կենտրոնացած էին հայկական բանակի գլխավոր հարվածային ուժերը: Տիգրանը թագավորական թիկնապահ գնդով շտապ վերադարձավ Հայաստան: Բանակի հիմնական ուժերը՝ Բագարատ զորավարի հրամանատարությամբ, հետևեցին արքային: Մինչև Հայաստան հասնելը Տիգրան II-ը Լուկուլլոսի դեմ ուղարկեց Մեհրուժան զորավարի փոքրաթիվ, սակայն մարտունակ զորաջոկատը: Սակայն հռոմեացիների գերակշիռ ուժերի հետ ընդհարման ժամանակ պարտվեց, իսկ Մեհրուժանն էլ զոհվեց: Սեպտեմբերի կեսերին Տիգրանի գլխավորած հայկական բանակը մոտեցավ պաշարված Տիգրանակերտին, որտեղ գտնվում էին նրա ընտանիքը և գանձարանը: Հայկական մի զորամաս հանկարծակի ու խիզախ գրոհով մուտք գործեց քաղաք և այնտեղից դուրս բերեց արքայից արքայի ընտանիքն ու գանձերի մեծ մասը: Հայկական բանակի թիվը 300 հազար զինվոր էր, սա իրականությանը չհամապատասխանող թվաքանակ է: Հոկտեմբերի 6-ի վաղ առավոտյան սկսվեց Տիգրանակերտի ճակատամարտը: Շրջանցելով Տիգրանի բանակը՝ նա հայոց զորքի թիկունքում կենտրոնացրեց նշանակալի ուժեր, որոնք էլ վճռեցին ճակատամարտի ելքը: Ենթարկվելով երկկողմանի հարձակման և տալով զգալի կորուստներ` հայկական բանակը ստիպված էր նահանջել երկրի խորքը: Հռոմեացիների հաղթանակը որոշեց նաև Տիգրանակերտի ճակատագիրը: Կայազորի հույն վարձկանները, կաշառվելով Լուկուլլոսի կողմից, հոկտեմբերի վերջերին ապստամբեցին և քաղաքի դարպասները բացեցին հակառակորդի առջև: Նորակառույց ու հարուստ քաղաքը քարուքանդ եղավ և թալանվեց:

Արածանիի ճակատամարտը

Լուկուլլոսը, ռազմական գործողությունները համարելով ավարտված, բանակը տարավ ձմեռելու Կորդուքի տաք շրջաններ: Օգտվելով դրանից՝ Տիգրան Մեծն անմիջապես օգտագործեց դադարը և սկսեց եռանդուն նախապատրաստվել ապագա ռազմական գործողություններին: Այլևս հույսը կորցնելով, թե Տիգրանը հաշտություն կխնդրի իրենից, Լուկուլլոսը Ք. ա. 68թ. գարնան վերջերին դուրս եկավ Կորդուքից և բռնեց Արտաշատ տանող ճանապարհը: Նա համոզված էր, որ Տիգրանին պարտադրելով նոր ճակատամարտ` գլխովին կոչնչացնի հայկական բանակը և հեշտությամբ կգրավի Արտաշատը: Անսպասելի հարձակումներով հայերը ջլատում էին հռոմեացիների ուժերը: Լուկուլլոսի հյուծված և մարտունակությունը կորցրած բանակը միայն սեպտեմբերի 22-ին հասավ Արածանիի գետանց: Առջևում Հայկական Պար լեռնաշղթան էր, իսկ նրանից քիչ այն կողմ՝ Արտաշատն իր անբավ հարստություններով: Սակայն հռոմեական բանակն այնքան էր ջլատված, և կորուստներն այնքան շատ էին, որ զինվորները հրաժարվում էին շարունակել ռազմերթը դեպի Հայկական Կարթագեն։ Հռոմեական բանակը լիակատար պարտություն կրեց: Արածանիի ճակատամարտը ցույց տվեց Տիգրանի՝ որպես հիանալի ռազմագետի կարողությունները: Անպարտելի համարվող հռոմեական բանակը ծանր պարտություն կրեց, դրան հետևեց նրա խայտառակ փախուստը: Լուկուլլոսն ստիպված էր թողնել Հայաստանի սահմանները: Տիգրան Մեծի հանձնարարությամբ Միհրդատ Եվպատորը հայկական մի զորամասով անցավ Պոնտոս և սկսեց երկրի ազատագրումը: Հռոմեացիների առաջին արշավանքը դեպի Արևելք լիովին ձախողվեց: Լուկուլլոսի պարտության հետևանքով հայկական տերության քաղաքական ու ռազմական հեղինակությունը վերականգնվեց: Ք. ա. 67թ. կեսերին հայկական բանակները ներխուժեցին Կապադովկիա՝ պատրաստվելով վերականգնել հայկական իշխանությունը Սիրիայում և Միջերկրական ծովի ափերին: Հռոմեական սենատն արտակարգ միջոցներ ձեռք առավ: Լուկուլլոսը հեռացվեց գլխավոր հրամանատարի պաշտոնից, հրամանատար նշանակվեց Գնեոս Պոմպեոսը:

Պոմպեոսի արշավանքը Հայաստան

Պոմպեոսը Ք. ա. 66թ. գարնանը, ժամանելով Արևելք, նախապես պարթևների հետ դաշինք կնքեց ընդդեմ Տիգրան Մեծի և Միհրդատ Եվպատորի: Պարթևները սիրով համաձայնեցին, քանզի ցանկանում էին վրեժխնդիր լինել Տիգրանից իրենց ստորացման համար: Նույն տարվա ամռանը Պոմպեոսը պարտության մատնեց Միհրդատ Եվպատորին և գրավեց Պոնտոսը, որով Հայաստանը զրկվեց իր միակ դաշնակցից: Հռոմեական բանակը պատրաստվում էր ներխուժել Հայաստան: Ստեղծված բարդ իրադրությունը Տիգրան II–ից պահանջում էր գործել չափազանց զգույշ և ճշգրիտ: Հայաստանի համար այս ճակատագրական պահին երկրում սկսվեցին ներքին երկպառակություններ: Տիգրան Մեծի դեմ ընդվզեց նրա որդի Տիգրանը: Վերջինս գտնում էր, որ պետք է պատերազմը շարունակել մինչև հաղթական ավարտ: Տիգրան Մեծը ճնշեց ընդդիմադիր հայ ավագանու շահերը ներկայացնող Տիգրան Կրտսերի խռովությունը, որն իրեն հռչակել էր Հայոց թագավոր: Վերջինս հույս ուներ թոռան գահակալությամբ Հայաստանը ծառայեցնել Պոնտոսի քաղաքական շահերին: Ստեղծված իրավիճակում Տիգրան Մեծն ստիպված եղավ զորքը դուրս բերել Կապադովկիայից և վերադառնալ Հայաստան: Տիգրան Կրտսերը փախավ Պարթևստան, որի թագավոր Հրահատ III-ն անմիջապես օգտագործեց պահը և որոշեց օգնել ապստամբ արքայազնին՝ նրան կնության տալով դստերը: Տիգրան Կրտսերը պարթևական բանակով ներխուժեց Հայաստան և պաշարեց Արտաշատը: Սակայն հայկական բանակը հակահարված տվեց պարթևներին, որոնք նահանջեցին իրենց երկիր, իսկ Տիգրան Կրտսերը ճողոպրեց Պոնտոս: Կես ճանապարհին լուր ստանալով, որ պապը՝ Միհրդատ Եվպատորը, պարտություն է կրել Պոմպեոսից և փախել Բոսպորի թագավորություն, նա այս անգամ որոշեց դիմել Պոմպեոսի օգնությանը: Պոմպեոսն անմիջապես օգտագործեց բախտախնդիր արքայազնին՝ փորձելով ազդել Տիգրան Մեծի քաղաքականության վրա: Ք. ա. 66թ. ամռան վերջերին Տիգրան Կրտսերի ուղեկցությամբ Պոմպեոսի գլխավորած հռոմեական բանակը ներխուժեց Հայաստան: Տիգրան Մեծի դիրքերը բավականին թուլացել էին: Հաջողության հասնելու հույսերը փոքր էին, ուստի ավելի խոհեմ կլիներ Հայաստանին ձեռնտու պայմաններով հաշտվել Հռոմի հետ և հենց նրա օգնությամբ էլ պայքարել մյուս երկուսի դեմ: Հակառակ դեպքում Հայաստանը կարող էր կորցնել իր անկախությունը: Ուստի անհրաժեշտ էր զիջումների դիմել` գլխավորը՝ անկախությունը, պահպանելու համար: Պոմպեոսը Ք. ա. 66թ․սկսվեցին հայ-հռոմեական հաշտության բանակցությունները: Այն, ինչին ձգտում էր Հռոմը, ստանում էր առանց ռազմական գործողությունների և զոհերի:

Արտաշատի հաշտության պայմանագիրը

Ք. ա. 66թ. սեպտեմբերին Արտաշատում կնքվեց հայ-հռոմեական պայմանագիրը: Ըստ պայմանագրի՝ Հայաստանը հօգուտ Հռոմեական հանրապետության հրաժարվում էր Միջերկրական ծովի ափերից: Սակայն Հայոց տերությունը պահպանում էր իր միջուկը կազմող Մեծ Հայքի տարածքը: Ծոփքն անջատվում էր Մեծ Հայքից և դառնում առանձին պետություն, այստեղ թագավոր էր հաստատվում Տիգրան Կրտսերը՝ պայմանով, որ Տիգրան II-ի մահից հետո Մեծ Հայքն ու Ծոփքը դարձյալ միավորվելու էին մեկ պետության մեջ՝ Տիգրան Կրտսերի գահակալության ներքո: Հայաստանը Հռոմին պետք է վճարեր 6 հազար տաղանդ ռազմատուգանք: Հայաստանը հայտարարվում էր «հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից»: Հայաստանը պահպանեց իր անկախությունը:

Posted in Uncategorized

Թեմա 6. Տիգրան Մեծի տերությունը

Հայկական տերությունը

Տիգրան Մեծի նվաճումների հետևանքով Առաջավոր Ասիայում ստեղծվեց աշխարհակալ մի նոր տերություն, որը տարածվում էր Եգիպտոսից ու Կարմիր ծովից մինչև Կովկասյան լեռներ և Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով: Այդ տերության մեջ էին մտնում Վիրքը, Աղվանքը, Ատրպատականը, Ադիաբենեն, Օսրոենեն, Կոմագենեն, Ասորիքը, Փյունիկիան, Դաշտային Կիլիկիան և այլ երկրներ: Տիգրան Մեծի տերությունը հելլենիստական պետություն էր: Տերության միջուկը կազմում էր Մեծ Հայքը, որտեղ բնակվում էր հայ ժողովրդի հիմնական զանգվածը, և որտեղ գտնվում էին տերության քաղաքական ու տնտեսական նշանավոր կենտրոնները: Տերության տնտեսապես ամենազարգացած շրջանը Ասորիքն էր՝ իր աշխարհահռչակ Անտիոք մայրաքաղաքով: Միջազգային տարանցիկ առևտրի կարևոր կենտրոններ էին Փյունիկիայի վաճառաշահ Տյուրոս, Բիբլոս, Բեյրութ, Սիդոն նավահանգստային քաղաքները: Հարուստ ու հռչակավոր էին նաև Դաշտային Կիլիկիայի Տարսոն, Ադանա և այլ քաղաքներ: Ասորիքի կառա վարչապետ նշանակվեց Տիգրան II-ի մերձավոր զինակից Բագարատը, որի նստավայրը Անտիոքն էր: Երկրագործության և արհեստագործության նշանավոր կենտրոն էր Հյուսիսային Միջագետքը, որի կառավարիչն էր Տիգրան II-ի կրտսեր եղբայր Գուրասը: Թվարկված երկրները հայկական տերության կազմում ունեին տարբեր կարգավիճակներ: Տիգրան Մեծը գրաված երկրների մի մասը վերածեց ենթակա թագավորությունների: Տիգրանը իրեն հռչակեց նաև Սիրիայի թագավոր: Մյուս երկրները վերածվեցին նահանգների, որոնք կառավարում էին նշանակված փոխարքաները կամ կուսակալները: Նվաճված երկրները պարտավոր էին հարկ վճարել և զորք տրամադրել: Զորք էին տրամադրում նաև Հայաստանի քաղաքական ազդեցության ոլորտում գտնվող թագավորներն ու հպատակ ցեղերը: Այսպիսով` Տիգրան II-ը դարձավ Առաջավոր Ասիայի մեծագույն մասի տիրակալը: Հայոց տերության մեջ անմիջականորեն մտնող տարածքը կազմում էր շուրջ 1 մլն կմ2 , իսկ նրա քաղաքական գերիշխանության ու ազդեցության ներքո գտնվող ամբողջ տարածքը կազմում էր շուրջ 3 մլն կմ2:

Տիգրանակերտի կառուցումը

Հայկական աշխարհակալ տերությունը նվաճումների հետևանքով նոր մայրաքաղաքի կարիք ուներ: Արտաշատն արդեն չէր կարող կատարել այդ դերը, քանզի մնացել էր տերության ծայր հյուսիսում, իսկ Անտիոքը գտնվում էր բուն հայկական հողերից դուրս և ուներ օտարազգի բնակչություն: Այն հիմնադրվեց Աղձնիք նահանգում, Տիգրիսի ձախակողմյան վտակներից մեկի ափին: Մայրաքաղաքը կառուցվեց Ք. ա. 70-ական թվականների ընթացքում և անվանակոչվեց Տիգրանակերտ: Մայրաքաղաքը բնակեցնելու նպատակով Տիգրան II-ը նվաճված երկրների քաղաքային բնակչության մեծ մասին բռնագաղթեցրեց Հայաստան: Հայաստան տեղափոխված ամբողջ բնակչությունը չի բնակեցվել միայն Տիգրանակերտում: Այսպիսով` կարճ ժամանակամիջոցում կառուցվեց մեծ ու շքեղ մի քաղաք: Քաղաքը շրջապատված է եղել 25 մ բարձրությամբ պարիսպներով, ունեցել է անառիկ միջնաբերդ: Տիգրանակերտն Արևելքի նշանավոր քաղաքներից էր՝ արհեստագործության, առևտրի ու մշակույթի խոշոր կենտրոն: Քաղաքն ունեցել է իր թատրոնը, որտեղ հույն դերասանները ողբերգություններ և թատերգություններ են բեմադրել: Բացի Տիգրանակերտ մայրաքաղաքից` նույն անվանումով քաղաքներ են հիմնադրվել նաև տերության այլ վայրերում: Հայ ժողովուրդը դարեր շարունակ իր բանավոր ստեղծագործություններում փառաբանել է Տիգրան Մեծի կերպարը: Նրա կյանքի ու գործի հիանալի նկարագրությունը փոխանցվել է սերնդից սերունդ: Գովերգվել են նրա մարդկային ու արքայական առաքինությունները:

Posted in Uncategorized

Թեմա 5. Հայաստանը՝ Աշխարհակալ տերություն։ Տիգրան 2-րդ Մեծ

Տիգրան II-ի գահակալությունը

Արտաշես I-ին հաջորդեց նրա ավագ որդին՝ Արտավազդ I-ը (Ք. ա. 160-115թթ.), որը թագավորեց խաղաղությամբ: Արտավազդի գահակալման վերջին տարիներին բռնկվեց հայ-պարթևական կարճատև պատերազմ, որում Հայոց թագավորությունը պարտվեց: Ք. ա. 115թ. անժառանգ Արտավազդ I-ը ստիպված էր եղբորորդուն՝ Տիգրանին որպես պատանդի հանձնել պարթևներին: Արտավազդ II-ի մահից հետո թագավորեց նրա կրտսեր եղբայր Տիգրան I-ը (Ք. ա. 115-95թթ.): Պատանդության մեջ թագաժառանգ Տիգրանը մնաց շուրջ 20 տարի և հայրենիք վերադարձավ հոր՝ Տիգրան I-ի մահից հետո: Իր ազատության դիմաց նա ստիպված եղավ պարթևներին զիջել Մեծ Հայքի հարավ-արևելքում գտնվող «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը:

Ծոփքի միացումը Մեծ Հայքին

Տիգրան II-ը (Ք. ա. 95-55թթ.) գահ բարձրացավ 45 տարեկան հասակում: Նրա առաջնահերթ խնդիրը հայկական բոլոր տարածքները մեկ ընդհանուր պետության մեջ միավորելն էր: Արտաշես I-ը հիմնականում լուծել էր այդ կարևոր խնդիրը՝ բացառությամբ Ծոփքի և Փոքր Հայքի թագավորությունների: Ք. ա. 94թ. Տիգրանի բանակները մտան Ծոփք և այն միացրեցին Մեծ Հայքին: Ծոփքի թագավորն սպանվեց: Մեծ Հայքի թագավորությունը դուրս եկավ Եփրատի ափեր: Գետից այն կողմ տարածվում էր Կապադովկիայի թագավորությունը, որը շուտով հայտնվեց Տիգրան II-ի ուշադրության կենտրոնում:

Կապադովկիայի ռազմակալումը

Հայկական բոլոր հողերը միավորելու համար անհրաժեշտ էր Մեծ Հայքին միացնել նաև Փոքր Հայքը, որը մինչ այդ միացվել էր Պոնտոսի թագավորությանը: Վերջինս Փոքր Ասիայի հզոր պետություններից էր և ուներ լավ վարժեցված ու մարտունակ բանակ: Պոնտոսի թագավորը Միհրդատ VI Եվպատորն էր: Իր ամբողջ գործունեության ընթացքում նա Հռոմի դեմ հետևողական պայքար է մղել` Փոքր Ասիայում մի ընդարձակ և հզոր հելլենիստական պետություն ստեղծելու նպատակով: Այդ ճանապարհին գլխավոր խոչընդոտը Հռոմն էր, ուստի իր հակահռոմեական պայքարում Միհրդատը որոշեց դաշնակցել Տիգրան II-ի հետ: Տիգրան II-ն ու Միհրդատ Պոնտացին արագ համաձայնության եկան միմյանց հետ: Ք. ա. 94թ. կնքվեց հայ-պոնտական պայմանագիր, որի համաձայն՝ 1. Հայաստանը գործողությունների ազատություն էր ստանում հյուսիսում, հարավում և արևելքում, իսկ Պոնտոսը՝ արևմուտքում: 2. Կողմերը միացյալ ուժերով հարձակվելու էին Կապադովկիայի վրա, որի տարածքը պետք է ստանար Պոնտոսը, իսկ շարժական գույքը և բնակչությունը՝ Հայաստանը: 3. Դաշինքն ամրապնդելու նպատակով Միհրդատն իր դուստր Կլեոպատրային կնության էր տալիս Տիգրան II-ին: Ք. ա. 93թ. հայկական զորքերը ներխուժեցին Կապադովկիա: Ճիշտ է, Հռոմի զինված միջամտությամբ հաջողվեց վերականգնել Կապադովկիայի թագավորությունը, սակայն վերջինս մեծապես թուլացավ, իսկ Հայոց թագավորությունը ձեռք բերեց հսկայական ավար և մեծ թվով գերիներ:

Տիգրան II Մեծի նվաճումները

Հռոմի և Պարթևստանի միջև կնքվեց համաձայնագիր, որն ուղղված էր Հայաստանի  ու Պոնտոսի դեմ: Տիգրան II-ի նվաճողական ծրագրերի իրականացմանը խանգարում էր հատկապես Պարթևստանը: Նրա թագավոր Միհրդատ II-ը կամենում էր գերիշխանություն հաստատել Մեծ Հայքի թագավորության նկատմամբ: Սակայն Միհրդատ II-ի կյանքի վերջին տարիներին Պարթևստանում սկսված ներքաղաքական պայքարի հետևանքով թագավորական իշխանությունը զգալիորեն թուլացավ: Իսկ երբ նա մահացավ, Տիգրանն անմիջապես հարձակվեց Պարթևստանի վրա և առաջին հերթին վերադարձրեց «Յոթանասուն հովիտները»: Այնուհետև հայկական զորքերը մտան Պարթևստանին ենթակա Ատրպատականի թագավորություն և գրավեցին այն: Շարժվելով հարավարևելք՝ հայկական բանակը գլխովին ջախջախեց պարթևների զորքը և պաշարեց պարթևական թագավորների ամառային նստավայր Էկբատանը: Պարթևական թագավոր Գոդերձ II-ն ստիպված հաշտություն խնդրեց: Հաշտության պայմանագրի համաձայն` պարթևները հօգուտ Հայաստանի հրաժարվում էին Մարաստանից և Հյուսիսային Միջագետքից՝ պահելով միայն Էկբատան ամառային աթոռանիստը: Շատ կարևոր է, որ պարթևաց արքան հրաժարվում էր նաև արքայից արքա տիտղոսից: Այն այսուհետև կրելու էին Տիգրանն ու նրա հաջորդները: Այնուհետև հայկական բանակը մեկը մյուսի հետևից գրավեց Հյուսիսային Միջագետքի երկրները: Հյուսիսային Միջագետքի գրավմամբ Տիգրան II-ի տերությունն ընդհուպ սահմանակցեց Սելևկյան պետությանը, նրանց բաժանում էր միայն Եփրատ գետը: Երբեմնի հզոր Սելևկյան թագավորությունն ապրում էր խոր ճգնաժամ: Չկարողանալով հաղթահարել այդ ճգնաժամը՝ երկրի ավագանին ելքը տեսնում էր արտաքին որևէ տիրակալի իշխանությունն ընդունելու մեջ: Ի վերջո ընտրությունը կանգ առավ Տիգրան II-ի թեկնածության վրա: Ք. ա. 84թ. հայկական բանակներն անարգել մտան Ասորիք: Տիգրանն Անտիոքում բազմեց Սելևկյանների գահին ու այստեղ խաղաղությամբ իշխեց շուրջ երկու տասնամյակ: Ասորիքի միացումը հնարավորություն ստեղծեց գրավելու Կոմագենեն ու Կիլիկիան, ապա նաև Փյունիկիան: Ի վիճակի չլինելով դիմադրելու Հայոց թագավորի բանակներին՝ Հայաստանի գերիշխանությունն ընդունեցին Հրեաստանը և մի քանի այլ երկրներ: Տիգրանին համառ դիմադրեցին Միջերկրականի ծովափնյա քաղաքները, որոնցից վերջինը՝ Պտղոմայիսը, նա գրավեց միայն Ք. ա. 71թ.: Հայկական տերության սահմանները հասան Եգիպտոս, որը հայտնվեց Հայոց թագավորի հետաքրքրությունների շրջանակում: Նրա թագավոր Պտղոմեոս XII-ը գահ բարձրացավ Տիգրան II-ի օգնությամբ:

Posted in Uncategorized

Թեմա 4. Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը՝ Արտաշես I

Արտաշես I-ի գահակալումը

Ք. ա. 190թ. Մագնեսիայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում, Սելևկյանները ծանր պարտություն կրեցին Հռոմից: Մեծ Հայքի և Ծոփքի Սելևկյան կառավարիչներ Արտաշեսն ու Զարեհն անմիջապես օգտվեցին Սելևկյանների պարտությունից և Ք. ա. 189թ. իրենց անկախ թագավորներ հռչակեցին: Հռոմն անմիջապես ճանաչեց նրանց անկախությունը: Նույն այդ ժամանակ իրենց անկախությունը վերականգնեցին նաև Փոքր Հայքի և Կոմագենեի հայկական թագավորությունները: Այսպիսով` Երվանդականների թագավորության անկումից ընդամենը մեկ տասնամյակ անց Մեծ Հայքը և Ծոփքը վերականգնեցին իրենց անկախությունը: Մեծ Հայքում հաստատվեց արքայական մի նոր հարստություն (Ք. ա. 189-1թթ.), որի հիմնադիրը դարձավ Արտաշես I-ը (Ք. ա. 189-160թթ.):

Հայկական հողերի միավորումը

Մինչ Արտաշես I-ի գահակալությունը հարևան երկրները, զավթել էին ծայրամասային երկրամասերը: Արտաշեսը և Զարեհը ձեռնամուխ եղան հայկական հողերի վերամիավորմանը: Արտաշեսը ոչ միայն վերամիավորեց Մեծ Հայքից զավթված տարածքները, այլև քայլեր ձեռնարկեց իր թագավորությանը միացնելու նաև Ծոփքը, Կոմագենեն ու Փոքր Հայքը: Իր թագավորության հենց սկզբում Արտաշեսն արշավանք է ձեռնարկում դեպի Արևելք և հասնում Կասպից ծովի ափեր: Նա այստեղ Մեծ Հայքին է միացնում Կասպքը  և մինչև Ուրմիո լճի ափերն ընկած տարածքները: Ապա արշավանք է ձեռնարկում դեպի հյուսիս՝ Վիրք: Արևմուտքում Արտաշեսը գրավեց և Մեծ Հայքին միացրեց Կարնո երկրամասն ու Դերջան գավառը: Հարավում երկարատև ու արյունահեղ կռիվներից հետո Արտաշեսն ազատագրեց Սելևկյանների բռնազավթած Տմորիք երկրամասը: Ծոփքի արքա Զարեհի մահից հետո, Արտաշեսը փորձեց Ծոփքը նույնպես միացնել Մեծ Հայքին, սակայն նա հանդիպեց Ծոփքի դաշնակից Կապադովկիայի դիվանագիտական համառ դիմադրությանը, որի հետևանքով Ծոփքի միացումը հետաձգվեց: Արտաշեսի ձեռնարկումների շնորհիվ հայկական տարածքների մեծ մասը միավորվեց մեկ ընդհանուր պետության՝ Մեծ Հայքի թագավորության մեջ: Այդ պատճառով է, որ հույն պատմիչը նրան անվանում է «Հայաստանի մեծ մասի կառավարիչ»: Հայկական հողերի մեծ մասի միավորումով Մեծ Հայքի թագավորությունը վերածվեց Առաջավոր Ասիայում պատկառելի ուժ ներկայացնող մի պետության: Ք. ա. 183-179թթ. Փոքր Ասիայում պատերազմ բռնկվեց մի կողմից Պոնտոսի ու Փոքր Հայքի, մյուս կողմից՝ Կապադովկիայի, Բյութանիայի ու նրանց դաշնակիցների միջև: Մեծ Հայքը չեզոքություն պահպանեց, բայց ակտիվորեն ներազդեց կողմերի վրա՝ պատերազմը դադարեցնելու համար: Հաշտության պայմանագրի կնքմանը, որպես հեղինակավոր ու հարգված գահակալ, դատավորի կարգավիճակով հրավիրվեց նաև Արտաշես I-ը: Դիվանագիտական նուրբ ու ճշգրիտ քայլերով Արտաշեսը կարողացավ Պոնտոսի հաշվին ընդարձակել Փոքր Հայքի տարածքը՝ անշուշտ, հետագայում իր թագավորությանը միացնելու հեռահար ծրագրով: Իսկ երբ Մարաստանի Սելևկյան սատրապն ապստամբեց և իրեն հայտարարեց անկախ թագավոր, Արտաշես I-ը Սելևկյաններին թուլացնելու նպատակով անմիջապես օգնության ձեռք մեկնեց նրան: