Posted in Խորացված պատմություն

Ռուբեն Գալիչյան

Ռուբեն Արամի Գալիչյան (Ռուբեն Գալչյան, 1938, Թավրիզ, Իրան), բրիտանա-իրանցի հայ աշխարհագրագետ և քարտեզագետ-քարտեզաբան։ Գրել է բազմաթիվ գրքեր Կովկասի պատմության ու քարտեզագրության մասին, հեղինակել է մի շարք քարտեզագրական հոդվածներ, որոնք տպագրվել են աշխարհի տարբեր ամսագրերում և լայնորեն դասախոսել է Եվրոպայում, ԱՄՆ-ում, Իրանում և Հայաստանում և այլուր։ Գրում է անգլերեն, որոնք թարգմանվում են ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն, պարսկերեն լեզուներով։

Հայկական պատմական քարտեզագրությանը մատուցած ծառայությունների համար ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից ստացել է պատվավոր դոկտորի կոչում։ 2009 թվականին ստացել է «Վազգեն Ա» մշակութային նվաճումների մեդալ[2]։

Կենսագրություն

Ռուբեն Գալիչյանը ծնվել է Թավրիզում (Իրան), հայ ներգաղթյալների ընտանիքում, որոնք 1915 թվականին Մեծ Եղեռնի ժամանակ փախել են Վանից, հաստատվել են` Հայաստան, Վրաստան, Ֆրանսիա, հասել են Իրան։ Սովորել է Թեհրանի հանրակրթական դպրոցում, կրթաթոշակ ստանալով՝ ուսումը շարունակել է Մեծ Բրիտանիայում՝ Բիրմինգհեմի Ասթոն համալսարանում՝ որպես էլեկտրոտեխնիկայի ճարտարագետ, որն ավարտել է 1963 թվականին։

Աշխարհագրությամբ և քարտեզագրությամբ հետաքրքրվել է դեռևս դպրոցական տարիներին, սակայն գիտական ուսումնասիրությունները սկսել է 1970-ական թվականներից։ 1976 թվականին նա ուներ իր քարտեզների առաջին հավաքածուն, որը 2013 թվականին նվիրել է Երևանի Մատենադարանին։ 1981 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Լոնդոն, որտեղ հնարավորություն է ունեցել տարբեր քարտեզագրական նյութեր ուսումնասիրելու։