Posted in Գրականություն 10

Արևմտահայերեն բանաստեղծություններ

Կայծեր

Հոգւոյս դափ ու թմբուկի
Կ’իջնէ ծիծաղն այս գիշեր.
Ծնծղաներու պէս ցնծուն՝
Ծափ կը զարնեն իմ յուշեր:
Բամբիռներու երգին հետ
Քու շահէնի աչքերուդ
Ծիրանեծին բոցն հըրուտ
կ’այրի հոգւոյս մէջ նորէն:
Գինով՝ աննիւթ նեկտարէն
Համբոյրներուն ծաղկանոյշ՝
Հոն խօլաբար կը պարեն
ՇարԺուձեւեր բամբիշի:
Ցայգն յամրօրէն կը մաշի՜
Ա՜հ, քի՛չ մըն ալ, քի՜չ մըն ալ,
Կ’ուզէ հոգիս գինովնալ
Նայուածքիդ մէջ հրահոսան:

Երազի օրեր

Կարմիր ծաղիկ մը գարունի
Առտու մը ինծի նվիրեցիր.
Ըզգացի թե տենդեր ունի
Երազկոտ միտքըս ուշացիր:
Խանդաղատանք մը հորդեցավ
Իմ նըվաղկոտ լանջքիս տակ՝
Դողաց սիրո սարսուռն անցավ՝
Ու թովանքը համբույրին հուր:
Եվ ըղձակաթ իմ հեգ հոգիս
Ըզգաց սիրտիդ հուրքն արծարծուն,
Ու մետաքսե ուղի մը զիս
Սեր-Ծաղիկին տարավ ածուն:

Հոն ժըպտեցավ կյանքը ինծի,
Հըմայքներու հույլովն անցավ,
Եվ ուրվական մը կասկածի
Անոր մոտեն երբեք չանցավ: